Իշխանություններն անմեղ են, «չինովնիկներն» են մեղավոր

19/10/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոկտեմբերի 15-ին հրավիրված հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկին անդրադարձավ Հայաստանի գործարարների ու իշխանությունների հարաբերություններին: Այդ հարաբերությունները նա դիտարկեց զուտ կոռուպցիոն դրսեւորումների տեսանկյունից: ՀՀ առաջին նախագահի խոսքերով, «կոռուպցիան բացառապես իշխանությանը եւ ոչ թե գործարարությանը հատուկ երեւույթ է: Գործարարությունը կոռուպցիայի մասնակիցն է, բայց ոչ հեղինակը»: «Մի առիթով ես նշել եմ, որ գործարարները ստիպված են մշտապես խախտել օրենքը՝ խուսափել մաքսավճարներից ու հարկերից, կաշառել ու կաշառվել, թաքցնել իրենց իրական եկամուտները եւ այլն: Բայց դա նրանց մեղքը չէ, այլ, թերեւս, դժբախտությունը, քանի որ նրանք հարկադրված են ենթարկվել այն խաղի կանոններին, որոնք սահմանել է իշխանությունը: Նրանք չեն էլ կարող շրջանցել օրենքը, եթե գործարքի մեջ չմտնեն պետական պաշտոնյաների հետ: Գործարարներն իրականում կատարում են իրենց հարկային պարտավորությունները, բայց նրանց մուծումները հայտնվում են ոչ թե պետական բյուջեում, այլ բոլորովին այլ տեղ: Նրանցից շատերը, վստահաբար, ուրախ կլինեին գործել օրենքի դաշտում, որովհետեւ նույնիսկ ավելին են մուծում, քան պարտավոր են: Այլ կերպ, սակայն, նրանք չեն կարող վարվել: Հակառակ պարագայում կհայտնվեն բանտերում կամ ստիպված կլինեն լքել բիզնեսը: Նույնիսկ ամենաօրինապաշտ օտարերկրյա գործարարները, երբ հայտնվում են մեր նման երկրներում, կամա թե ակամա, ենթարկվում են տեղի խաղի կանոններին՝ կաշառք բաժանում, հարկերից փախչում եւ այլն»,- հայտարարել էր Լ.Տեր-Պետրոսյանը:

ՀՀ առաջին նախագահը ոչ մեկի, առավելեւս՝ Հայաստանի գործարարների համար նոր բան չի ասել: Նրանք այդ խոսքերի ազդեցությունն ամեն օր են զգում իրենց գործարար կյանքում: Եվ բոլորն էլ ներքին` կուլիսային խոսակցությունների ժամանակ միշտ դժգոհում են այդ վիճակից: Բայց ընդամենը այդքանը: Հայ գործարարներից եւ ոչ մեկը չի հանդգնում անօրինականության, կոռուպցիայի մասին բացահայտ ու փաստերով խոսել: Նրանք աչքի առաջ ունեն իրենց գործընկերոջ` Խաչատուր Սուքիասյանի օրինակը: Այնուամենայնիվ, երեկ մենք փորձեցինք հայտնի ու խոշոր մի քանի գործարարներից, հատկապես՝ պատգամավոր գործարարներից կամ նրանց ներկայացուցիչներից մեկնաբանություն ստանալ` համամի՞տ են առաջին նախագահի` վերը նշված մեկնաբանությունների հետ: Մեր բոլոր զրուցակիցները համաձայն էին հայտարարության միայն այն մասին, որ կոռուպցիան հատուկ է չինովնիկներին եւ ոչ թե գործարարությանը: Սակայն հայտարարության մյուս մասի` ստիպված անօրինական դաշտում աշխատելու եւ չինովնիկների հետ գործարքի մեջ մտնելու վերաբերյալ խուսափում էին խոսել կամ էլ խուսափողական մեկնաբանություններ էին տալիս: «Կոռուպցիան համատարած երեւույթ է, ներթափանցել է դեռ վաղուց, մեր հասարակական կյանքի տարբեր ոլորտներում էլ այդ չարիքը ցավոք սրտի արմատավորված է»,- այսպիսի ընդհանրական պատասխան տվեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը:

Բազմաթիվ հայտարարություններ ու փորձագիտական եզրակացություններ են հնչել այն մասին, որ Հայաստանի տնտեսության մոտ 50 տոկոսը գտնվում է ստվերում, այսինքն՝ այդքանով ստվերում են նաեւ հարկային վճարումները, եւ նույն կերպ ստվերում գոյանում է մեկ այլ բյուջե: Ստվերային տնտեսության ու դրա մեծ չափերի մասին խոսում են նաեւ իշխանություններն իրենք եւ իրենց նախընտրական ծրագրերում հատուկ կետով խոստանում են կրճատել այն: Եվ ինչպես Լ.Տեր-Պետրոսյանն է ասում, գործարարներն իրականում կատարում են իրենց հարկային պարտավորությունները, բայց նրանց մուծումները հայտնվում են ոչ թե պետական բյուջեում, այլ բոլորովին այլ տեղ, որ նրանցից շատերն ուրախ կլինեին գործել օրենքի դաշտում, որովհետեւ նույնիսկ ավելին են մուծում, քան պարտավոր են: Խ.Գալստյանը կոնկրետ Գ.Ծառուկյանի առնչությամբ համաձայն չէր այս դիտարկման հետ: «Նման հարցադրումների հետ կապված՝ մենք բազմիցս ենք հայտարարել, որ պարոն Ծառուկյանին պատկանող բոլոր ձեռնարկությունները վաղուց գործում են օրինական դաշտում եւ որեւիցե նման հարցադրում մեր հետ կապված չկա եւ չի կարող լինել: Եվ չափազանցեցված խոսակցություններ են, թե ՀՀ-ում ստվերային տնտեսությունը 60 տոկոս է: Կարծում եմ, ավելի քիչ է»,- ասաց Խ.Գալստյանը:

Մեկ այլ գործարար` ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը Լ.Տեր-Պետրոսյանի խոսքերի մեջ «նորություն» չգտավ եւ ավելացրեց, թե կոռուպցիան սկսվում է չինովնիկությունից: «Բայց դա ինչ նորություն է: Իհարկե, կոռուպցիան գործարարությանը բնորոշ չէ: Դա այնքան տրիվիալ է, ես կզարմանամ, որ որեւէ մեկը ժխտի: Չինովնիկությունն է կոռուպցիայի հեղինակը, ոչ թե այս կամ այն ոլորտում աշխատող քաղաքացին: Կոռուպցիան, իհարկե, խանգարում է երկրի զարգացմանը, ակնհայտորեն բիզնեսին էլ է խանգարում: Այդտեղ նորություն չկա»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Մանվել Բադեյանը:

Անհավասար պայմաններից դժգոհեց նաեւ մեկ այլ գործարար պատգամավոր` Խաչիկ Մանուկյանը: «Օրենքից դուրս չենք գործում, ուզում ենք այնպես անել, որ ամեն ինչ օրենքի դաշտում լինի: Մեր խնդիրը հստակ օրենքի դաշտում գործելն է, բայց օրենքի դաշտում գործելը նույնպես խնդիր է առաջացնում, որովհետեւ դաշտի հավասարության խնդիր կա, երբեմն խտրականություն կա»,- ասաց Խ.Մանուկյանը:

Որոշ խոշոր գործարարներ հրապարակման համար ընդհանրապես հրաժարվեցին այդ թեմայի շուրջ մեկնաբանություններ տալ: Ասում էին, թե չեն ուզում նոր հեծանիվ հայտնաբերած լինել կամ խոսել մի երեւույթի գոյության մասին, որի մասին գիտի թե հասարակությունը, թե գործարար հատվածը, առավել եւս` Հայաստանի իշխանությունները: Իսկ ովքեր համաձայնում էին, որ իրենց կարծիքը հրապարակվի, կոռուպցիայի, ստվերային տնտեսության ու գործարարների` անօրինական դաշտում գործելու համար շատ նուրբ, «դիվանագիտական» ձեւակերպումներ էին տալիս` մեղադրելով «չինովնիկներին», սակայն չօգտագործելով «իշխանություններ» արտահայտությունը: Լավագույն դեպքում նրանք ասում էին, թե իշխանությունները փորձում են սահմանափակել չինովնիկների կամայականությունները, պարզապես դա նրանց մոտ լավ չի ստացվում: «Անկասկած սերտաճում կա որոշ բիզնեսմենների եւ որոշ իշխանավորների մեջ, բայց հեղինակը միշտ լինում է չինովնիկությունը: Չինովնիկությունը ստեղծում է օրենքից դուրս բարիերներ կամ ընդհակառակը, ոմանց դիմացից հեռացնում է օրենքով նախատեսված պարտավորությունները: Անհավասար պայմաններ է ստեղծում հաճախ»,- ավելացրեց Մ.Բադեյանը:

Խոշոր գործարար, երկու պատգամավորների հայր Հրանտ Վարդանյանը նույնպես համաձայն է Լ.Տեր-Պետրոսյանի եւ իր գործընկերների հետ այն առումով, որ կոռուպցիան ոչ թե գործարարներին, այլ չինովնիկներին բնորոշ երեւույթ է: «Եթե չինովնիկները ստվերում են աշխատում, դա դեռ չի նշանակում, որ գործարարն էլ է ստվերում աշխատում: Բայց կոռուպցիան ու ստվերային տնտեսությունը ոչ միայն մեր երկրում կա, այլ ամբողջ աշխարհում է»,- ասաց Հ. Վարդանյանը:

Իսկ երբ հարցրեցինք, թե ստիպված գործարքի մեջ մտնո՞ւմ է պետական պաշտոնյաների հետ, կցանկանա՞ր գործել օրենքի դաշտում` կամ` ինքն է՞լ է այն կարծիքին, որ գործարարը կատարում է հարկային պարտավորությունները, բայց նրանց մուծումները հայտնվում են ոչ պետական բյուջեում, պարոն Վարդանյանն ասաց, թե հարցը գրավոր ուղղենք իրեն: «Ինձ էդպես հարցեր մի տվեք, ես չգիտեմ, թե Լ.Տեր-Պետրոսյանն ինչ է խոսել»,- ասաց նա: