Ռուսաստանից Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտները նախորդ տարվա համեմատ ավելացել են 25%-ով` էական ազդեցություն թողնելով ՀՀ տնտեսական իրավիճակի վրա։ Երեկ այդ մասին խորհրդարանում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` նշելով, որ 2010թ. համաշխարհային տնտեսական իրավիճակը փոխվել է եւ բարենպաստ ազդեցություն թողել նաեւ ՀՀ տնտեսական իրավիճակի վրա: Վարչապետի խոսքով, բարձրացել են այն հումքատեսակների գները, որոնք Հայաստանի արտահանման կառուցվածքում էական նշանակություն ունեն (առաջին հերթին՝ դա պղինձն է եւ մոլիբդենը): Հաջորդ կարեւոր գործոնը Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի եւ Բրազիլիայի արագացված տնտեսական աճն է, որը բարենպաստ ֆոն է ստեղծում ՀՀ-ի համար: Հատկապես Ռուսաստանի բարվոք տնտեսական միջավայրը, ըստ վարչապետի, դրական է անդրադառնում Հայաստանի վրա, քանի որ այդ երկրից է ստացվում մասնավոր տրանսֆերտների մոտ 80%-ը:
Իհարկե, չի մոռացվել նաեւ մեր գլխավոր «զենքը»` կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը, որն արտահայտվել է համեմատաբար բարձր բյուջետային դեֆիցիտով: Տիգրան Սարգսյանը նաեւ խոստացել է, որ բյուջեի դեֆիցիտը ծրագրվածից քիչ է լինելու, նաեւ արտաքին պարտքի տեսակարար կշիռն է ավելի պակաս լինելու, քան կանխատեսվում էր: «Առաջիկա տարիներին բյուջեի դեֆիցիտը չի գերազանցի ՀՆԱ-ի 4 տոկոսը»,- ասել է նա:
Իհարկե, լավ է, որ պղնձի ու մոլիբդենի գներն աճել են, ու տրանսֆերտներն էլ ավելացել: Բայց հո չե՞նք կարող հույսներս դնել միայն այդպիսի գործոնների վրա: Նորմալ տնտեսություն ունենալու համար մենք էլ պետք է մի բան ստեղծենք ու առաջարկենք աշխարհին: Պարզվում է` արդեն ստեղծել ենք, մնում է նորմալ առաջարկենք: Տ. Սարգսյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանը հաջորդ տարի սկսելու է «հայկական պանիր» ծրագիրը, որի շնորհիվ հայկական այդ նոր բրենդը կսկսի նվաճել աշխարհը: Ըստ նրա, սպասվում է, մասնավորապես, որ հայկական պանրի արտահանումը կտրուկ կավելանա նախ` դեպի Ռուսաստան, այնուհետեւ` դեպի այլ շուկաներ: «Հայկական պանիր» ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում եւ մաս է կազմում արտահանման խթանման միջոցառումների: Արտահանման խթանման տեսանկյունից՝ էական նշանակություն կունենա նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում ազատ տնտեսական գոտու ստեղծումը, որը հնարավորություն կտա հայկական գյուղատնտեսական մթերքներն արտահանել եվրոպական եւ ամերիկյան շուկաներ: Ազատ տնտեսական գոտում կիրականացվի գյուղմթերքների պահեստավորում, փաթեթավորում, արտադրություն: Տ. Սարգսյանի տեղեկացմամբ՝ փետրվարից կսկսի գործել սառնարանային տնտեսությունը, տարվա ընթացքում կհստակեցվեն նաեւ լոգիստիկ սխեմաները: Փաստորեն, գիտելիքահենք տնտեսություն ձեւավորելու մեր ճանապարհն այս պահին անցնում է «պանրային փուլը»: Դա ողջունելի է, եթե նկատի ունենանք, որ նախորդ տարի պարզապես ոչխարների արտահանմամբ էինք ոգեւորվել:
Նույն օրը, սակայն, երբ խորհրդարանում ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը ֆինանսների նախարարին խնդրեց վկայակոչել երկու ծրագիր, օրինակ, գյուղատնտեսության եւ արդյունաբերության ոլորտում, որոնք հնարավորություն են տալու ապահովել նախատեսվող աճն այդ ոլորտներում, վարչապետի ենթական` ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, գլխի չընկավ պատասխանել` բա հայկական պանի՞րը, այ հենց դրանով էլ մենք գրավելու ենք աշխարհն ու զարգացնենք մեր գյուղատնտեսությունը: Փոխարենը` ֆինանսների նախարարը մի տեսակ սկսել է արդարանալ, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը 2,5 տարով մեզ հետ գցեց մեր տեմպերից, ինչը հեշտ չէ վերականգնել: Նշենք նաեւ, որ Արծվիկ Մինասյան-Տիգրան Դավթյան բանավեճը տնտեսական թեմաներից սահուն անցում է կատարել դեպի բժշկական ոլորտ: «Ֆանտազիան լավ բան է, բայց երբ երազը կամ հեքիաթը որպես իրականություն են ներկայացվում, վերջում երազախաբությունն ավելի վատ է լինում»,- Տիգրան Դավթյանին ասել է Արծվիկ Մինասյանը: