Հերթական համահայկականը

19/10/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Երեկ Երեւանում մեկնարկեց Ֆինանսիստների եւ բանկիրների համահայկական առաջին համաժողովը, որը կազմակերպել է ՀՀ Սփյուռքի նախարարությունը՝ Կենտրոնական բանկի եւ Հայաստանի բանկերի միության աջակցությամբ:

Ինչպես նշվում է պաշտոնական լրահոսում՝ համաժողովին մասնակցում են Ռուսաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Լիբանանից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանած, ազգությամբ հայ մոտ 45 ֆինանսիստներ եւ բանկիրներ։

Համաժողովի նպատակը, ինչպես նշվում է, աշխարհասփյուռ հայ բանկիրների եւ ֆինանսիստների ներուժի համախմբումն է, Հայաստան-Սփյուռք համագործակցության արդյունավետության բարձրացման մեխանիզմների մշակումը, ֆինանսիստների եւ բանկիրների համահայկական ընկերակցության ստեղծումը եւ դրա հիման վրա մասնագիտական ցանցի ձեւավորումը։

Չէ, իհարկե, սա շատ լավ է, որ մենք ունենք դրսում կրթված եւ կայացած ֆինանսիստներ։ Ինչպես երեկ սույն հարգարժան անձանց «տեղեկացրել» է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը. «Տարբեր երկրներում դուք ստացել եք անհրաժեշտ գիտելիքներ, ձեզանից յուրաքանչյուրը հեղինակություն է ձեր երկրում»։ Բայց շարունակությունն է փոքր-ինչ անհասկանալի։ «Եվ այդ կապերն ու հնարավորությունները պետք է օգտագործեք նաեւ մեր երկրի զարգացման համար»,- հրավիրյալներին իրենց արժանիքների մասին տեղեկացնելուց հետո առարկություն չհանդուրժող տոնով ասել է նախարարը։ Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե խնդրում է, ոչ թե համոզում է կամ հորդորում, այլ «չորով» ասում է՝ պետք է։ Եվ վերջ։

Իսկ ինչո՞ւ է պետք։ Չէ՞ որ այս մարդիկ, ինչպես նախարարն է նշում, դրսում են ստացել կրթություն, դրսում են հեղինակություն ձեռք բերել՝ առանց մեր պետության աջակցության։ Պետք է, քանի որ հայ են՝ կասեն ոմանք։ Լավ, համաձայն ենք։ Հայ են, ուրեմն պետք է օգնեն։

Սակայն այստեղ առաջանում է հաջորդ հարցը՝ ունե՞նք մենք, մասնավորապես՝ մեր բանկային համակարգը, այդ օգնության կարիքը։ Դե, եթե ասում են՝ օգնեք, նշանակում է ունենք։ Բայց այստեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ, որովհետեւ նույն անձինք նույն միջոցառման ընթացքում գովեստի խոսքեր են շռայլում մեր բանկային համակարգի հասցեին։ «Մենք ունենք կայուն, զարգացած, գրագետ բանկային համակարգ եւ բանկիրներ: Հայաստանի բանկային կայուն համակարգի շնորհիվ է, որ այսօր կարողացանք խուսափել համաշխարհային ճգնաժամի պայմաններում սոցիալական ցնցումներից, եւ այսօր տնտեսական աճ ենք արձանագրել»,- ասել է տկն Հակոբյանը։

Բանկային համակարգի մասին գովեստով խոսել է նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ ասելով. «Չնայած բազմաթիվ մարտահրավերների՝ մենք կարող ենք այսօր ասել, որ ունենք առողջ, կայուն զարգացող, ինչպես նաեւ արդյունավետ վերահսկվող ֆինանսական համակարգ: Համաձայն «Համաշխարհային մրցունակության զեկույց 2010-2011»-ի՝ կայունության ցուցանիշներով ՀՀ բանկային համակարգը առաջատար դիրքեր է գրավում տարածաշրջանի երկրների համեմատությամբ»։

Փաստորեն, ունենք հիանալի ֆինանսական համակարգ, բայց սփյուռքահայ ֆինանսիստներին պարտադրում ենք մեզ օգնել։ Լավ, ենթադրենք, որքան էլ զարգացած ենք՝ միեւնույն է, զարգանալու տեղ ունենք, եւ Սփյուռքի ներուժն այս հարցում կարող է էական դեր խաղալ։ Սակայն մնում է եւս մեկ՝ վերջին հարցը։ Նման միջոցառումները իրո՞ք կարող են ռեալ որեւէ օգուտ տալ։ Մեզանում բոլորն ի սկզբանե մի տեսակ թերահավատությամբ են մոտենում նման միջոցառումներին՝ իրենց «քոֆի բրեյքներով» ու «քեյս սթադիներով» հանդերձ։ Սակայն այս դեպքում խնդիրը ոչ թե «քոֆի բրեյք»-ային ֆորմատն է, այլ նախկին ձախողված փորձը։ Ո՞ր փորձը։ Հիշեցնենք ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ 2008թ. վերջին ասած այս խոսքերով. «Հազարավոր մեր հայրենակիցներ ԱՊՀ երկրներում, որոնց հարվածեց ֆինանսական ճգնաժամը, փնտրում են հուսալի ներդրումների եւ խնայողությունների պահպանման հնարավորություն։ Մեր պարտքն է՝ ուղղորդել նրանց եւ ստեղծել առավել նպաստավոր պայմաններ իրենց խնայողությունները հայկական բանկային համակարգում տեղաբաշխելու համար։ Այսօր մեր բանկային համակարգը կայուն «նավահանգիստ է» խնայողությունների պահպանման համար։ Դա համահունչ է մեր` ֆինանսական կենտրոն դառնալու ձգտումներին»։

Թե այդ հազարավորներից քանիսը գոնե մի քանի դոլար տեղափոխեցին մեր բանկային համակարգ՝ հայտնի չէ։ Իսկ «ֆինանսական կենտրոն» բառակապակցությունն այսօր ընդամենը ժպիտ է առաջացնում լսողների դեմքին։

Բայց դե մենք չենք դադարում լավատես լինել՝ շարունակում ենք խոսել տիեզերական ծրագրերից, Հայկական աշխարհից, տարբեր կենտրոններից։ Սարքում ենք աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկն ու ամենաերկար ճոպանուղին։ Եվ հիմա էլ, բանկիրներին հրավիրելով, խոսք է գնում ֆինանսիստների համահայկական ընկերակցության ստեղծման մասին։ Տեսնենք՝ հաջորդ համահայկակա՞նը ինչ կլինի։

Հ.Գ. Ի դեպ, երեկ լրահոսում մի ուշագրավ լուր կար` մեր ոչ ամենասիրելի հարեւանների` թուրքերի մասին։ 2012-ին Թուրքիան ամբողջությամբ կփակի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին եւ կդադարեցնի հարաբերություններն այդ միջազգային վարկատուի հետ: Թուրքիայի վարչապետ Էրդողանը նշել է, որ իր երկիրը համաշխարհային ճգնաժամը հաղթահարել է առանց ԱՄՀ-ի օգնության, եւ ասել. «Երբ մենք եկանք իշխանության` երկիրը ԱՄՀ-ին պարտք էր 23,5 միլիարդ դոլար: Այս պահին պարտքը ԱՄՀ-ին կազմում է 6,1 միլիարդ դոլար, եւ 2012-ին մենք կվերադարձնենք այն ամբողջությամբ»։ Հայրենասիրությունը չի բացառում, որ կարելի է օրինակ վերցնել նաեւ թուրքերից։ Մանավանդ, որ մենք մեր բազմամիլիոն Սփյուռքով ու մե՜ծ պոտենցիալով ավելի մեծ հնարավորություններ ունենք փակելու 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի պարտքերը։