Չի վաճառում

19/10/2010

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կիրակի եւ երկուշաբթի օրերին կրկին հետաձգվել էին «Արմավիա» ընկերության, մասնավորապես, Երեւան-Մոսկվա եւ Երեւան-Եկատերինբուրգ ուղղություններով չվերթները: Պատճառը, ըստ ավիաընկերության` տեխնիկական է: «Ա1+»-ին ընկերությունից հայտնել են, որ վերոնշյալ չվերթների հետ կապված խնդիրները պայմանավորված են եղել ձմեռային ժամանակացույցի անցնելու հետ: «Ներկայումս բոլոր ուղեւորները տեղավորված են, եւ խնդիրներ չկան: Այսուհետեւ, Երեւան-Եկատերինբուրգ չվերթը կիրականացվի «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության հետ` «Կոդ-շեր» պայմանագրի շրջանակում»,- ասել են նրանք: Ինչ վերաբերում է Երեւան-Մոսկվա չվերթին, ապա «Արմավիայում» նշել են, որ ընկերությունը որոշել էր հոկտեմբերի 10-18-ը դեպի Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայան փորձնական, հավելյալ չվերթ իրականացնել: «Շաբաթական այդ երրորդ չվերթի ժամկետները արդեն լրացան, եւ այն արդեն չի գործում»: «Զվարթնոց» օդանավակայանում հավատացրել են, թե չվերթների հետաձգումը որեւէ առնչություն չունի իրենց սպասարկման հետ: Ըստ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանի, օդանավակայանն այսօրվա դրությամբ աշխատում է բնականոն ռեժիմով, եւ եթե կան հետաձգված չվերթներ, դա միայն ավիաընկերության խնդիրն է: Նա նաեւ տեղեկացրել է, որ «Արմավիայի» պարտքերը ընթացիկ են, եւ դրանք անընդհատ գոյանում եւ մարվում են:

Հիշեցնենք, որ օդանավակայանը սեպտեմբերի 16-ին մի քանի ժամով դադարեցրել էր սպասարկել «Արմավիայի» բոլոր չվերթները` օդանավակայանում ընկերության կուտակած պարտքերի պատճառով:

«Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը, սակայն, ասել է, թե պարտքերը մարված են. «Եթե պարտք եմ, ինչո՞ւ շարունակեցին սպասարկել մեր չվերթերը: Մենք վճարեցինք եւ վերջացավ: Դրանք ուղղակի եղել են ընթացիկ խնդիրներ, որոնք լուծվել են, ուրիշ ոչինչ»: Միխայիլ Բաղդասարովն անհիմն է համարել այն լուրերը, թե ինքը պատրաստվում է վաճառել «Արմավիայի» իր բաժնետոմսերը: «Դրանք ասեկոսեներ են, նման բան չկա»,- ասել է Բաղդասարովը: