ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը երեկ ասուլիսում անդրադարձել է ՀՀՇ, Վրաստանի լիբերալ եւ Ադրբեջանի «Մուսաֆաթ» կուսակցությունների հետ կնքած հռչակագրի վերաբերյալ հնչած քննադատություններին` ասելով. «Ես գիտեի, որ էդպես էլ լինելու էր, դրա համար էլ ասում եմ՝ սերիալի մակարդակի քաղաքական գործիչը բնականաբար պետք է մեղադրի, երբ դու, էսպես ասած, թշնամի երկրի որեւէ կառույցի հետ նստում ես խոսելու կամ բան ստորագրելու, դա ինձ չի հետաքրքրում: Հարավային Կովկասը պետք է խաղաղություն ունենա, պետք է արժանապատիվ, սեղանի շուրջ որոշումների շնորհիվ հաստատի խաղաղություն»: Նաեւ հավելել է. «Էդ որ իրենք Թուրքիայի հետ սկսել էին սիլի-բիլի անել, ֆուտբոլ, տոլմա ուտել եւ այլն, լավ էին անում, ո՞վ էր իրենց բան ասում: Թշնամու հետ խաղաղություն հաստատվում է՝ ստորագրելով եւ սեղանի շուրջ նստելով»: Ըստ նրա` երբեւէ պետք է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու փաստաթուղթ ստորագրվի. «Իրենք փաստորեն մերժում են դա, այսինքն՝ էդքա՞ն է իրենց մակարդակը: Ես կողմնակից եմ բոլոր տեսակի բանակցություններին, բոլոր տեսակի շփումներին, որոնք երկրին, ռեգիոնին բերելու են խաղաղություն, եւ այն, որ մենք ստորագրել ենք, որ կոնֆլիկտները պետք է խաղաղ լուծվեն, միջազգային դրույթ է եւ իմ ցանկությունը»: Ինչ վերաբերում է «Մուսաֆաթ» կուսակցությանը, ապա Ա. Մանուկյանը ուշագրավ հայտարարություն է արել. «Դա այն լիբերալ ուժն է, որը եւս Ադրբեջանի ներկա իշխանությունների պատճառով անարդարացի հայտնվել է բանտերում: Ընդ որում, դա այն տղերքն են, որոնք ղարաբաղյան շարժման ընթացքում, պատերազմի ժամանակ խրամատի էն կողմից են կռվել: Այսինքն՝ խրամատի երկու կողմերից կռված տղերքը, կոնկրետ ՀՀՇ-ն եւ այն ժամանակվա իրենց շարժումը, էսօր գտնում են, որ իրենց երկրի համար հասել է խաղաղության պահը»: