Հերթական սկանդալային տեսանյութը

19/10/2010

Հոկտեմբերի 17-ին YouTube-ում տարածում գտած տեսանյութը, որը նկարահանվել է հեռախոսով, եւ որտեղ հստակ երեւում է, թե ինչպես է հայ ուսուցչուհին գազազած ծեծի ենթարկում աշակերտներին, նրանց անկյուն կանգնեցնում, նվաստացնում եւ ստորացնում, եղել է Արաբկիր համայնքի 129 դպրոցում, ուսուցչուհին դասավանդել է մաթեմատիկա եւ մեկ շաբաթ առաջ դիմում է ներկայացրել ու ազատվել աշխատանքից` առողջական խնդիրների պատճառով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կրթության եւ գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը` հավելելով, որ տեսագրությունը 4 տարվա վաղեմություն ունի: «Տեսանյութն այնքան հին է, որ չենք իմանում, թե որ դասարանում է եղել դեպքը, տեսքն ամբողջությամբ փոխված է»,- ասել է նա: Նաեւ նշել է, որ ԿԳՆ-ն դատապարտում է բռնության կիրառումը դպրոցներում. «Աշակերտի իրավունքները ոտնահարող ուսուցիչը, որը բռնություն է կիրառում երեխայի նկատմամբ, չպետք է աշխատի դպրոցում: Ուսուցիչը պետք է հասկանա, եթե իր առողջական վիճակն այնպիսին է, որ չի կարող այդպիսի աղմուկում մնալ, կամ կառավարել դասարանը, չի կարող աշխատել դպրոցում»: