Բեզրուկովը նեղացել է

19/10/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գիլան» արգելավայրում կառուցված կիսակառույց շինության ճակատագիրը շարունակում է հուզել շատերին: Որեւէ մեկը հստակ չի կարող պատկերացնել, թե այդ շինությունն ընդհանրապես ի՞նչ նպատակով է օգտագործվելու. ռեստորա՞ն, սրճարա՞ն, թե՞ բոլորովին այլ օբյեկտ է լինելու:

Շինությունը կառուցել են շուրջ երկու տարվա ընթացքում, ընդ որում, կառուցվող օբյեկտը օրինականացվել է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ: Բնապահպանների կողմից բարձրացված աղմուկի շնորհիվ՝ այսօր ժամանակավորապես դադարեցվել են օբյեկտի շինաշխատանքները: Հիշեցնենք, որ 2007թ. մայիսին Կառավարությունը որոշում էր ընդունել, ըստ որի` «Բուսական եւ կենդանական աշխարհի պահպանման ու կայուն օգտագործումն ապահովելու նպատակով «Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ի կազմում ստեղծվել է «Գիլան» պետական արգելավայրը՝ դրան ամրացնելով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Բայբուրդ» կոչվող թաղամասը՝ 118 հա տարածքով եւ 60 տարվա վարձակալությամբ: Իսկ արգելավայրի վարձակալության եւ կառուցապատման իրավունքը տրվել է «Հովազաձոր» ՍՊԸ-ին: Այս ընկերությունը ստեղծվել է 2007թ., եւ հիմնադիրներն են Կամո Խաչատրյանն ու Միխայիլ Բեզրուկովը: Ռուսաստանցի գործարար Կ. Խաչատրյանը ներկայումս բնակվում է Մոսկվայում եւ ունի խանութների ցանց: Ի դեպ, Կամո Խաչատրյանի որդու կնքահայրն է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Միխայիլ Բեզրուկովը, ինչպես հետո տեղեկացանք Կ. Խաչատրյանի եղբայր Խաչիկ Խաչատրյանից, ով ՀՀ Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի Արտաշատի տարածքային ստորաբաժանման պետն է, Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներից էր: Հենց վերջինս էլ ցանկություն էր հայտնել «Գիլանը» տուրիստական կենտրոնի վերածել: Ինչեւէ, «Հովազաձոր» ընկերության գործունեության եւ կիսակառույց շենքի շինարարության մասին նախ փորձեցինք տեղեկատվություն ստանալ ընկերության փաստացի տնօրեն Տիգրան Մինասյանից, ում հետ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել: Արգելավայրում կառուցված շինության ճակատագրի մասին մեզ, այնուամենայնիվ, հաջողվեց որոշ պարզաբանումներ ստանալ «Հովազաձոր» ՍՊԸ-ի հիմնադիր Կամո Խաչատրյանի եղբորից՝ Կադաստրի պետական կոմիտեի Արտաշատի տարածքային ստորաբաժանման պետ Խաչիկ Խաչատրյանից: Նրա հեռախոսահամարը մեզ տրամադրողները նշում էին, որ Խ. Խաչատրյանը բավական քաջատեղյակ է իրավիճակին եւ կարող է հավաստի տեղեկատվություն տրամադրել:

Մեր հարցին, թե ինչո՞ւ «Հովազաձորը» դարձավ արգելավայրի վարձակալ, կամ ինչո՞ւ հենց «Հովազաձորին» տրվեց արգելավայրի վարձակալական եւ կառուցապատման իրավունքը, Խ. Խաչատրյանը պատասխանեց. «Ես ո՞նց կարող եմ ասել: Երեւի եկել-դիմել են Կառավարություն, դե, Բեզրուկովն էլ նորմալ մարդ է: Ասում էին, որ նա գալու է, եսիմ ինչեր պիտի սարքի, հետո էլ նեղացրել են նրան: Նա իմացել է, թե ինչ է կատարվում, որ լրագրողները, չգիտեմ ով են, ինչ են, էդ մասին դու ավելի լավ կիմանաս, եկել էին: Բեզրուկովը լավ ներդրումներ էր ուզում անել»: Խ. Խաչատրյանի հավաստմամբ՝ Մ. Բեզրուկովը նախատեսել էր 1միլիոն դոլարից ավելի ներդրում կատարել «Խոսրովի անտառ» արգելավայրում: Ռուս ներդրողը արգելոցը մտադիր էր զբոսաշրջության կենսունակ կենտրոն դարձնել, ընդ որում՝ ներդրումներ անելու համար համոզել էին հայ գործարարները: Սակայն Խ. Խաչատրյանի կարծիքով՝ Բեզրուկովի ամբողջ նախագիծը փորձում են փչացնել հայ լրագրողները, ովքեր նախագիծը դեռ չմեկնարկած` ամեն ինչ անում են այն տապալելու համար: Լրագրողների բարձրացրած աղմուկը վիրավորել է ռուս ներդրողին: «Էն էլ եկավ-տեսավ դուրը չի գալիս, կողքից էլ հա խոսակցություններ տարածվեցին: Հիմա Բեզրուկովը կասկածի մեջ ա՝ անի՞, թե՞ չանի»,- նշեց «Հովազաձոր» ՍՊԸ-ի հիմնադիրներից Կամո Խաչատրյանի եղբայրը: Ըստ Խ. Խաչատրյանի`որպեսզի նախագիծը շարունակվի` կրկին պետք է Բեզրուկովին համոզելու աշխատանքներ տարվեն: Մեր հարցին, թե ռեստորանի շինության նախագիծը նո՞ւյնպես Միխայիլ Բեզրուկովինն է, Խ. Խաչատրյանը պատասխանեց. «Դրանք սուտ լուրեր են: Ի՞նչ ռեստորանի մասին է խոսքը: Դա հանգստի տեղ է լինելու, որ իրենք մեկ-մեկ գալուց, կամ տուրիստները, ովքեր գալիս-գնում են՝ ինչ-որ սուրբ կա, դրա մոտ, ման գալու ինչ-որ տեղ են սարքել, թե չէ էդտեղ ո՞վ կգնա ռեստորան»: Այն հարցին ի պատասխան՝ թե որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ շինությունը նախատեսված է ռեստորան կամ սրճարան բացելու համար, Խ. Խաչատրյանն ընդգծեց. «Կարող է ինչ-որ կոֆեի տեղ լինի: Տարվա մեջ էդտեղ քանի՞ հոգի պիտի կոֆե խմի: Տարվա մեջ շատ-շատ տուրիստները կգնան, ովքեր մի պահ էնտեղ կնստեն: Իսկ էդտեղ ռեստորան բացելը լրիվ աբսուրդ է»: Ըստ Խ. Խաչատրյանի` «Հովազաձոր» ՍՊԸ-ի հիմնադիր Միխայիլ Բեզրուկովի անմիջական ֆինանսավորմամբ էլ կատարվել են հանգստավայր-շինության կառուցապատման աշխատանքները: Խ. Խաչատրյանը, սակայն, վստահ է, որ կառուցապատման աշխատանքները կշարունակվեն, եւ որեւէ մեկը չի կարող դա արգելել։ «Ո՞նց կարան արգելեն, ոչ մեկը չի կարա արգելի ու չի էլ արգելում: Լրագրողը հա՜ թող իրա համար ասի՝ ինչի՞ սարքեցին, սաղ օրինական են անում, բայց սրճարան չի լինելու էնտեղ: Եթե սրճարան լինի՝ ո՞վ ա գնալու, կամ սրճարանից ի՞նչ եկամուտ պիտի լինի, որ աշխատող էլ դնեն-նստեն էնտեղ»,- շարունակեց Խ. Խաչատրյանը: Զրուցակցիս հավաստմամբ՝ անկախ ամեն ինչից՝ շենքի կառուցապատումը գրեթե ավարտված է, որոշ աշխատանքներ են մնացել. «Վերջնական տեսքի բերված է, մնում է ներսը մի թեթեւ կարգի բերել: Հիմա մարդ կմնա կամ թե չի մնա` դա մնալու է էդպես: Իսկ որ սրճարան չի լինելու` դա հաստատ է»: Այդ դեպքում ի՞նչ նպատակով կօգտագործվի շինությունը. «Սարքել են, կարող ա գան էդտեղ հանգստանան»: Ո՞վ է հանգստանալու՝ Բեզրուկո՞վը: «Կարող ա: Ես արդեն չգիտեմ»,- պատասխանեց Խ. Խաչատրյանը: Ի դեպ, նշենք, որ արդեն 1 ամիս է՝ շինությունը հսկվում է: Այժմ այն հարմարավետ օթեւան է տեղի ընկույզ հավաքողների համար, որոնց փոխանցմամբ՝ իրենք ընկույզը հավաքում են ընկերության տնօրինության համար, իսկ ընկերությունն էլ նրանց վարձահատույց է լինում 5կգ ընկույզով: