Համարձակվել է Մայր Աթոռի դեմ դուրս գալ

19/10/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասարակական կազմակերպությունը եւ Մայր Աթոռը` դատարանում

Մեր թերթի նախորդ համարում անդրադարձել էինք «Մեր տունը» սոցիալական հասարակական կազմակերպության (հ/կ) գործունեությանը, ինչպես նաեւ՝ տեղեկացրել էինք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դիմել է դատարան՝ «Մեր տան» շենքի սեփականության իրավունքի վկայականը ստանալու հայցադիմումով: Նախ մանրամասնենք, թե ինչ կապ ունի մանկատան ֆունկցիա կատարող հասարակական կազմակերպությունը Հայաստանյայց Առաքելական եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կրոնական կազմակերպության հետ: Ինչպես նշել էինք, ԱՄՆ-ում բնակվող բարերարների, մասնավորապես` Ջուլի Աշեկյանի շնորհիվ, Տիգրանուհի եւ Ստեփան Կարապետյաններն (ամուսիններ են) այստեղ հիմնել են «Քասփ» ծրագիրը: Այն մշտապես աջակցել է հանրապետության մանկատներին, ծնողազուրկ, անապահով երեխաներին եւ համագործակցել Մայր Աթոռի թեմերի հետ: 2005թ. ամերիկահայ բարերարների եւ Տիգրանուհի, Ստեփան Կարապետյանների նախաձեռնությամբ գրանցվել է «Մեր տունը» հ/կ-ն` նպատակ ունենալով զբաղվել մանկատան շրջանավարտների խնամքով, կրթությամբ եւ ընտանիք ստեղծելու հարցերով: ԱՄՆ-ում գտնվող «Մեր տունը Ինք» կոչվող նույն կազմակերպության մասնաճյուղի խորհրդի անդամները հ/կ-ի շենք գնելու համար դրամահավաք են կազմակերպել եւ ստացված 100.000 դոլարը Հայաստան փոխանցելիս մեծ դժվարությունների առջեւ են կանգնել: Մինչ այդ հ/կ-ի հիմնադիրը ՀՀ-ում` Էջմիածնի Զոյա 13 հասցեում համապատասխան շենք է գտել եւ այն գնելու պայմանավորվածություն ձեռք բերել: «Մեր տունը Ինք» կորպորացիան դիմել է ԱՄՆ Դաշնային կառավարություն օրենքին համապատասխան հարկերից ազատող ԱՄՆ-ում կիրառվող 501(գ) (3) հարկային կետից օգտվելու խնդրանքով: Սակայն հարկերից ազատվելու մասին վկայականն ինչ-ինչ պատճառներով հետաձգվել է, իսկ հ/կ-ի` ՀՀ-ում շենք գնելու գործողությունները ժամանակավորապես կասեցվել են: Հասկանալով, որ նախատեսված շենքը գնելու գործընթացը գումարի փոխանցման պատճառով կարող է ձախողվել` ԱՄՆ-ի «Մեր տունը Ինք» կազմակերպության տնօրենների խորհրդի բանակցությունների ժամանակ նվիրատուներից մեկն առաջարկել է ԱՄՆ արեւմտյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Հովնան Դերդերյանին խնդրել՝ այդ հարցում օգնել իրենց: Հ. Դերդերյանը համաձայնել է թեմի հաշվեհամարով 100.000 դոլարը «Մեր տուն Ինքից» փոխանցել Մայր Աթոռի հաշվեհամարին` «Մեր տունը» հ/կ-ին փոխանցելու պայմանով: Այլ կերպ ասած` հարկային արտոնության վկայականի ձգձգումների պատճառով «Մեր տունը Ինքը» գումարը փոխանցել է արեւմտյան թեմի արքեպիսկոպոս Հ. Դերդերյանին, վերջինս` Մայր Աթոռին, իսկ Մայր Աթոռն էլ` Տիգրանուհի Կարապետյանին: Հետեւաբար՝ Մայր Աթոռի դերակատարումն այստեղ իր հաշվեհամարը որպես գումարի փոխանցման միջոց օգտագործելու թույլտվությունն է եղել: «Մեր տունը» հ/կ-ի հիմնադիր նախագահ Տ. Կարապետյանն ասում է. «2006թ. հունիսին 100.000 դոլարը նստել է Մայր Աթոռի հաշվեհամարին: Վեհափառն ինձ կանչեց, հարցրեց այդ գումարի հետ կապված ծրագրերի մասին: Ասացի, որ կազմակերպության համար շենք ենք գնելու` այս-այս նախագիծը կյանքի կոչելու համար: Նույնիսկ պատրաստ էինք նախագիծը եկեղեցու հետ համատեղ իրագործել: Նա կտրուկ ասաց` «բոզանոց եք սարքելու, այդ գումարն արագ մաքրեք հաշվեհամարից: Ես գործ չունեմ այդ ծրագրի հետ, գնացեք ձեր ծրագրերն իրագործեք»: Այնուհետեւ Տ. Կարապետյանը 80.000 դոլարով գնել է Էջմիածնի Զոյա 13 հասցեի տունը, սեփականության իրավունքի վկայականը ձեւակերպվել է «Մեր տունը» հ/կ-ի անվամբ, իսկ 20.000 դոլարը ծախսվել է տան վերանորոգման, հարդարման եւ գույքի գնման աշխատանքների վրա: Ըստ Տ. Կարապետյանի` տարիների ընթացքում ծրագիրը մեծ հաջողություն է ունեցել, մանկատան մեծ թվով շրջանավարտներ ներգրավվելով «Մեր տունը» հ/կ-ի գործունեության մեջ՝ լավ կրթություն են ստացել, ոմանք ամուսնացել են, իսկ որոշ շրջանավարտներ ապրելով «Մեր տանը»՝ հասարակության համար պարզապես լավ քաղաքացիներ են դարձել: Չորս տարիների ընթացքում «Մեր տունը» հ/կ-ն հեղինակություն է ձեռք բերել, իսկ ԱՄՆ-ի մասնաճյուղն էլ նվիրատվությունների շնորհիվ ամեն ինչ անում է ծրագիրն ընդլայնելու համար:

Մայր Աթոռը ցանկանում է վերցնել մանկատան շենքը

2009թ. դեկտեմբերին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայցադիմում է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ «Մեր տունը» հ/կ-ի` «առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, առոչինչ գործարքի անվավերության հետեւանքները կիրառելու եւ անշարժ գույքի նկատմամբ Եկեղեցու սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին»: Փաստորեն, դոնորների գումարները փոխանցելու համար Մայր Աթոռի հաշվեհամարը որպես միջոց տրամադրելու հանգամանքը առիթ է հանդիսացել, որպեսզի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շենքի հանդեպ պահանջատիրական հարցեր ներկայացնի: «Մեր տունը» հ/կ ներկայացուցիչ, իրավաբան Արամ Ճուղուրյանն այս կապակցությամբ ասում է. «Գումարները փոխանցելու հետ կապված ԱՄՆ-ի մասնաճյուղը խնդիր է ունենում, որովհետեւ ԱՄՆ-ում բարեգործական հարկային արտոնություն ստանալու համար հատուկ ընթացակարգ կա: Որպեսզի հարկման խնդիրների պատճառով ծրագրի իրագործումը չուշանա` խնդրում են արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան սրբազանին, որպեսզի գումարը եկեղեցական հաշիվների միջոցով ՀՀ փոխանցվի: Եկեղեցական հաշիվները չեն հարկվում, հետեւաբար Հովնան սրբազանը սիրով համաձայնում է, գումարը փոխանցվում է արեւմտյան թեմի հաշվեհամարին, որն էլ փոխանցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հաշվին, իսկ Մայր Աթոռը փոխանցում է «Մեր տունը» հ/կ-ի հաշվին: Այնուհետեւ «Մեր տունը» հ/կ-ի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի կնքումից հետո ակտիվ գործունեություն է ծավալում»: Տարիներ են անցնում, եւ Վեհափառը հանկարծ որոշում է իր ձեւակերպմամբ` «բոզանոցը» Մայր Աթոռի սեփականությունը դարձնել: Տ. Կարապետյանը 2009թ. Մայր Աթոռից նամակ է ստանում այն մասին, որ ինքը պարտավոր է շենքը վերաձեւակերպել որպես եկեղեցուն պատկանող անշարժ գույք: Այնուհետեւ երկար բանակցություններից հետո Տ. Կարապետյանը մերժում է` ասելով, որ ԱՄՆ «Մեր տունը Ինք» տնօրենների խորհուրդը պահանջել է շենքը հ/կ-ի անունով գրանցել: Վեհափառ հայրապետը չհամակերպվելով Տ. Կարապետյանի՝ իր «դեմ դուրս գալու» համարձակության հետ, որոշում է դիմել պետական կառույցներին: Արմավիրի դատախազությունը քննություն է կատարում «Մեր տունը» հ/կ-ի գործունեության առնչությամբ: «Դատախազության դռներից տուն չէինք գալիս: Ամեն օր՝ դատախազություն, դատարանգ Երկարատեւ քննությունից հետո հասկացան, որ մենք լրիվ մաքուր ենք աշխատել եւ ոչ մի խախտում կամ անօրինականություն թույլ չենք տվել: Ոչինչ չգտան, որից կարելի էր կառչել,- ասում է Տ. Կարապետյանն` ավելացնելով,- հասկանո՞ւմ եք, էսքան տարի լռել եմ` գիտակցելով, որ չարժե Վեհափառի անունը նման հարցերում տալ: Բայց այն, ինչ անում են մանկատան շենքը խլելու համար, չգիտեմ՝ ո՞նց կարելի է որակելգ Սա որբերի տուն է, որը 5 տարվա աշխատանքի, իմ ու ամուսնուս կյանքի, եռանդի, նվիրատուների բարի կամքի շնորհիվ է ստեղծվել: Հիմա դատարանի մուրճի հարվածով ուզում են որբերի տունը խլել, ինչ է թե՝ Վեհափառը թույլ էր տվել Մայր Աթոռի հաշվեհամարով փողը փոխանցել: Նույնիսկ անհարմար եմ զգում նրա անունը տալ այսպիսի հարցում, բայց ուրիշ ճանապարհ չկա: Շենքը անօրինական ճանապարհով յուրացնում են»: 2010թ. մարտին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նախագահող դատավոր Հովհաննես Մելքոնյանի կողմից վճիռ է կայացրել հօգուտ Մայր Աթոռի, սահմանելով` «Անվավեր ճանաչել Էջմիածին քաղաքի Զոյա փողոցի թիվ 13 բնակելի տան առուվաճառքի 08.08.2006թ. պայմանագիրը: Որպես անվավերության հետեւանք` անվավեր ճանաչել Էջմիածին քաղաքի Զոյա փողոցի թիվ 13 բնակելի տան նկատմամբ «Մեր տունը» հ/կ-ի սեփականության իրավունքի գրանցումը: Ճանաչել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սեփականության իրավունքը Էջմիածնի Զոյա 13 բնակելի տան նկատմամբ»: Սա՝ այն դեպքում, երբ բազմաթիվ փաստաթղթերով ապացուցվում է «Մեր տունը» հ/կ-ի գործունեության անաչառությունը, իսկ «Մեր տունը Ինք» ԱՄՆ մասնաճյուղի տնօրենների խորհրդի կողմից դատարան ուղարկված նամակով հաստատվում է, որ Տ. Կարապետյանը կատարել է տնօրենների խորհրդի պահանջը, այն է` շենքը գրանցել՝ որպես հ/կ-ի սեփականություն: «Անօրինական, անարդար վճիռ է, որը բողոքարկելու եմ մինչեւ անգամ Եվրոպական դատարան: Բոլոր փաստերով հաստատվում է Մայր Աթոռի պահանջի աբսուրդ լինելը, բայց մեր երկրում բնական է, որ Վեհափառի ցանկությունը չի կարելի մերժել, նույնիսկ ապօրինի վճիռ արձակելու գնով, նույնիսկ որբերի շենքի վրա աչք դնելու եւ առանց հիմնավորելու՝ այդ շենքին տիրանալու իրավունքի պայմաններում»,- ասում է Տ. Կարապետյանը, ում բողոքը ՀՀ Վերաքննիչ դատարան, այնուամենայնիվ` մերժվել է, եւ ներկայումս նա վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարան: Իրավաբան Արամ Ճուղուրյանը մատնանշելով դատարանի կողմից ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի հոդվածների մի շարք խախտումներ, ասում է. «Որեւէ ապացույց դատարան չի ներկայացվել, ըստ որի` այդ շենքը պետք է Մայր Աթոռին պատկանի: Դատարանը վճիռ է արձակել` հիմնվելով Հովնան սրբազանի մի նամակի վրա, որը գումարը փոխանցելու ժամանակ Վեհափառ Հայրապետին նամակ է ուղարկում՝ ասելով. «Ձեր հայեցողությամբ եւ ըստ պահանջի «Մեր տունը» ծրագրի աշխատանքներն առաջ տանելու կամ որեւէ հարմար կալվածք գնելու համար փոխանցում եմ այս գումարը»: Այս անհասկանալի նամակի մեջ ինչ-որ տեղ լիազորությունները չարաշահելու էլեմենտներ կան, որովհետեւ, ըստ էության, Հովնան սրբազանի լիազորությունը, իշխանությունն այդ գումարի նկատմամբ ընդամենը փոխանցում անելն էր: Նա իրավասություն չուներ ցուցումներ տալ, խնդրել կամ Վեհափառին լավություն անել, ասել` կալվածք գնի. նման իրավունք Հովնան սրբազանը չուներ, քանի որ գումարն իրենը չէր»: Ինչեւէ, մեր ձեռքի տակ է դատաքննության արձանագրությունները, որտեղ ոչ մի փաստարկ կամ ապացույց չկա` «Մեր տունը» հ/կ-ի շենքը Մայր Աթոռի սեփականություն ձեւակերպելու գումարի հասցեատերերի` տնօրենների խորհրդի պահանջի մասին: Փոխարենն առկա է «Մեր տունը Ինք» ամերիկյան մասնաճյուղի տնօրենների խորհրդի` դատարան ուղարկած այն նամակը, որտեղ բառացիորեն պահանջվում է Զոյա 13 թիվ բնակելի տունը ձեւակերպել որպես հ/կ-ի սեփականություն: Այսինքն` այս նամակը Մայր Աթոռի հայցադիմումը մերժելու ամենածանրակշիռ հակափաստարկն է, որը, սակայն, դատարանը նպատակահարմար չի գտել քննության առնել: Մեր թերթի հաջորդ համարում այդ նամակն ամբողջությամբ կտպագրենք, որը կարդալուց հետո Մայր Աթոռի կողմից մանկատան շենքը սեփականաշնորհելու քայլերն ուղղակիորեն ոչ միայն հակաիրավական, այլեւ` բարոյական սահմաններից դուրս են: «Հասկանո՞ւմ եք, սա պատրաստի ծրագիր է, որը հասարակության համակրանքին է արժանացել եւ, որը մանկատան շրջանավարտների հետ կապված մեծ հեռանկար ունի: Վեհափառը սկզբում զարտուղի ճանապարհներով ձեռք կբերի շենքն, այնուհետեւ ծրագիրն իրենով կանի: Ամենասկզբում նա ինձ ասաց` անառականոց ես սարքելու, բայց հասկացավ, որ սա շատ գեղեցիկ, մարդկային ծրագիր է, եւ շատ որբ երեխաներ երջանկացան: Սա միայն շենքի կռիվ չէ, այլ ծրագիրն էլ է ոմանց պետք»,- ասում է Տ. Կարապետյանը` վստահեցնելով, որ վերջերս Հայ Առաքելական եկեղեցին Արաբկիր վարչական շրջանում նմանատիպ ծրագիր է ստեղծել՝ այն անվանելով «Մեր հույսը»: Այլ կերպ ասած` չի բացառվում, որ Զոյա 13-ում գործող «Մեր տունը» դառնա «Մեր հույսը», իսկ Տ. Կարապետյանը, բնականաբար, դուրս մղվի ծրագրից էլ, շենքից էլ: Չէ՞ որ նա համարձակվել է Մայր Աթոռի դեմ դուրս գալ: