Դեղնականաչ լեռների մեջ տեղակայված Սյունիքի մարզի Տաթեւ գյուղն անհավանական էներգետիկ ուժ ունի: Լեռները, ձորերն ու մարդիկ կարծես միաձուլված լինեն: Այստեղ բոլորը` մեծից փոքր, անգիր գիտեն գյուղի պատմությունը: Զանգեզուրցիների բնավորության համաձայն՝ ուղղամիտ են, պարզ ու չափազանց հպարտ: Գյուղում եկող-գնացող զբոսաշրջիկների պակաս չեն զգում: Տաթեւցիներն իրենց սրբազան պարտքն են համարում հյուրերին լավ «պատվելը», ու կարեւոր չէ՝ հյուրին ճանաչո՞ւմ են, թե՞ ոչ: Հրաժեշտի պահին էլ չեն մոռանում հյուրի հետ դնել հին «կյորեսեցիների» ավանդական «թոթի արաղը», կարմիր լոբին, «ճըղուպուրն» ու «ճըխ թթուն» (բազուկի թթուն է): Բայց, Աստված մի արասցե, եթե հյուրը չիմանա Տաթեւի պատմությունը: Այդ ժամանակ գյուղի բնակիչները դառնում են իրենց հայտնի 80 «գրադուսնիկանոց» թոթի արաղի պես թունդ ու կատաղի: Իսկ պատմությունը սովորաբար նրանք սկսում են Տաթեւի հայտնի վանական համալիրից:
Երազանք՝ 5,7 կմ երկարությամբ «թեւերով»
Դեռեւս միջնադարում Տաթեւը Հայաստանի կարեւոր հոգեւոր կենտրոններից էր: Այն ռազմավարական, քաղաքական եւ գիտական նշանակություն ուներ: Այստեղ էր գործում Տաթեւի հայտնի համալսարանը, որը հիմնեց Հովհան Որոտնեցին 1390թ.: Գյուղը հայտնի էր նաեւ 9-րդ դարում կառուցված վանական համալիրով: Այն ներառում էր 3 եկեղեցի եւ մի քանի հուշարձաններ: 1931թ. երկրաշարժի հետեւանքով վանքն ավերվեց, որը մասնակիորեն վերականգնվեց միայն 1970-1990թթ.: Մինչ օրս դեպի վանական համալիր տանող ճանապարհը բավական դժվարանցանելի է: Ձորի եզրագծերին նեղլիկ ճանապարհներ են բացվել: Ամենահմուտ վարորդներն անգամ զգուշանում են Սատանայի կամրջից սկսվող ճանապարհից: Դա է պատճառը, որ հին տաթեւցիների համար մեծ երազանք էր համարվում Հալիձորից վանական համալիրին կապող կամուրջը: «Դե հըվատում ալ չընք, որ մըր երազանքն իրականացավ»,- անթաքույց ոգեւորությամբ նշում էին Տաթեւի բնակիչները՝ նայելով երկու ճոպաններից կախված ուղեւորախցիկին, իսկ ավելի ճիշտ՝ «Տաթեւի թեւեր» ճարտարագիտական հրաշքին:
2008թ. մոսկվաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանի եւ նրա տիկնոջ` Վերոնիկա Զոնաբենդի գլխավորած «Տաթեւ» հիմնադրամի շնորհիվ տարբեր ազգության եւ կրոնական պատկանելության մարդիկ միավորվեցին Տաթեւի վանական համալիրի վերածննդի գաղափարի շուրջ: Ծրագիրը կոչվեց «Տաթեւի վերածնունդ», որի իրագործման իրավունքը տրվեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին, որը գործում է պետական եւ մասնավոր հատվածների համագործակցությամբ: 50մլն դոլար արժողությամբ այս ծրագրի նպատակը Տաթեւի միջնադարյան վանական եւ կրթական ավանդույթների վերածնունդն է: Այն ընդգրկում է վանքի վերականգնումը՝ կառուցվածքային, համայնքային եւ գիտական առումներով, համայնքային զբոսաշրջության զարգացումը՝ ներառյալ իջեւանատներ, զբոսաշրջային արահետներ, ինտերակտիվ թանգարաններ, եւ ի վերջո՝ հասանելիությունն ապահովող ճոպանուղի: Ծրագիրը ներառում է ոչ միայն Տաթեւը, այլեւ հարակից գյուղերը՝ Հալիձորը, Տանձատափը, Սվարանցը, Խոտը եւ Շինուհայրը: Ընդ որում՝ Հալիձոր գյուղում՝ ճոպանուղու կայանի մոտակայքում, կառուցվելու է նաեւ հյուրանոց: Երեւանի մայրուղուց Տաթեւ տանող 26 կմ ճանապարհը ծրագրի շրջանակներում վերակառուցվել է ՀՀ կառավարության կողմից: Ինչեւէ, այս ծրագրի իրագործումն ապահովելու համար նախեւառաջ կարեւոր էր ճանապարհի հասանելիության ապահովումը:
11 ամիս առաջ շվեյցարա-ավստրիական «Garaventa Doppelmayer» ընկերության կողմից սկսվեց աշխարհում ամենաերկար հետադարձելի ճոպանուղու կառուցումը: Այս ընկերությունն աշխարհում հայտնի է՝ որպես հասանելիություն ապահովող ընկերությունների առաջատար: Ճոպանուղին ունի 5,7 կմ երկարություն: 13 մլն եվրո արժողությամբ ճոպանուղին ոչ միայն անվճար կծառայի հարակից գյուղերի բնակիչներին, այլեւ բազմաթիվ զբոսաշրջիկների կբերի Հայաստան: Ձգվում է Որոտան գետի եւ խոր կիրճի վրայով` իրար կապելով Հալիձոր եւ Տաթեւ գյուղերը: Ճոպանուղու ամենաբարձր կետը 320 մետր է, արագությունը՝ 37 կմ/ժ, տարողունակությունը` 25 ուղեւոր, ուղեւորությունը՝ 11 րոպե, իսկ տոմսի արժեքը՝ 3000 դրամ: «Մունք ռեկորդը սահմանեցինք, է՜»,- աշխարհում հետադարձելի օդային ամենաերկար անցուղու մասին ասում էին տաթեւցիները, որոնց հպարտություն դարձած ճոպանուղին լրացնում է այսօր աշխարհում գործող ամենաերկար ճոպանուղիների շարքը, ինչպիսիք են՝ Շվեդիայի՝ 1940թ.կառուցված երկխցիկ գոնդոլա վերելակով «Նորսյո» ճոպանուղին, Իսրայելի ամենացածր ճոպանուղին՝ «Մասադան» (ծովի մակարդակից ամենացածր կայանը 33մ է), 80 մարդ ուղեւորային կարողությամբ Կալիֆոռնիայի «Փալմ Սփրինգսը», Թեհրանի «Տոչալ տեսախցիկով» ճոպանուղին եւ այլն:
Եվ ահա հոկտեմբերի 16-ին «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը բացեց իր «թեւերը», որի մեկնարկն ազդարարեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Բացման կապակցությամբ ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը։ «Աշխարհի ամենաերկար ճոպանուղու կառուցմամբ մենք նպատակ չունենք որեւէ մեկին զարմացնել: Մեր հետապնդած նպատակներն իհարկե համեստ են աշխարհի չափանիշներով, բայց ունեն բացառիկ կարեւորություն Տաթեւի ու նրա հարակից տարածքների համար: «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը Հայաստանի հարավի համակողմանի զարգացման ռազմավարության նշանակալի բաղադրիչ է, ինչպես նաեւ՝ լուրջ ազդակ այս շրջանի տնտեսական, գիտական ու մշակութային կյանքի աշխուժացման համար: Սա պետական եւ մասնավոր հատվածների համագործակցությամբ խոշորագույն նախաձեռնություններից է, որ այսօր իրականացվում է ՀՀ-ում: Սյունյաց անկրկնելի բնության այս չքնաղ ձորը նախ կտրել-անցել է մարդկային միտքը: Հետո հսկայական թռիչքի այդ միտքը ոգեւորել է բազում մարդկանց: Այսօր էլ թռիչքի հերթն արդեն կառուցված ճոպանուղունն է, որը միացրեց պատմությունն ու ապագան, ավանդականն ու ժամանակակիցը, մշակույթն ու բիզնեսը»,- նշեց նա:
Արարողությանը ներկա էին նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ քաղաքական ողջ վերնախավը, հայազգի բարերարներ, օտարազգի հյուրեր: Վերջիններիս հատկապես գրավել էր վանական համալիր տանող ճանապարհին հայկական գյուղի կոլորիտը: Ընդհանրապես, հայկական գյուղ ստեղծելու այս նախագիծը բավական հաջողված էր, այսինքն՝ մենք ի վերջո օտարերկրացիներին ցուցադրում էինք այն, ինչ մերն էր՝ ազգագրական պարեր, հայկական խոհանոց, անգամ` մարիոնետների թատրոն, որտեղ տիկնիկները մի ամբողջ հայկական ընտանիք էին ներկայացնում: Պարզվեց` ընտանիքը պատրաստվում էր հարսանեկան արարողության՝ ամուսնու մայրը գրտնակում էր հացը, թխում ավանդական հայկական գաթանգ Հայկական երգ ու պարով սկսվեց հարսանիքը: Մյուս տաղավարների «հարեւաններն» էլ զբաղված էին առօրյա հոգսերով՝ հաց թխել, կենդանիներին կերակրել, չիր պատրաստել, օղի թորելգ Քիչ անց խորովածի հոտը տարածվեց ամբողջ «գյուղում»:
Ցավոք, այս տոնական մթնոլորտը հասանելի էր միայն հյուրերին: Այս ամենին անհաղորդ էին գյուղի բնակիչները: Ավելի ազդեցիկ պատկեր դժվար էր երեւակայել, քան ոստիկանական մեքենաների շարասյուներով շրջափակված տարածքից արարողության ընթացքին հետեւող բնակիչների հոգսաշատ դեմքերը: «Պա համոթ չի՞ մըր էդ ղեկավարության հետի: Հինչա, վախում են քյանք օտինք-խմինք, մըզ հազար տարի էդ օտիլ-խմիլը պետք չի, պրոստո մունք ալ ընք մարդ, պա մըր գյուղի միջոցառումն ա, մըզ մարդի տըղ չտնի՞ն, հը՞»,- վիրավորված ասում էին տաթեւցիները: Գյուղ տանող ճանապարհին տաթեւցի փոքրիկ տղան, նայելով միջոցառմանը մասնակցելու իմ վկայականին, արտասվալից դիմեց մորը. «Մամ, պա մըզ խե՞ չեն տի պան տվալ: Մունք մա՞րդ չընք, մամ»: Այս խոսքերից հետո անմիջապես հանեցի վկայականս՝ որպես զանգեզուրցի անհարմար զգալով եւ միաժամանակ զայրանալով տեղի ունեցածի համար: «Դե ոչինչ, պան չկա, ղադաթ տանիմ, մըզ հետի ամսի 23-ին են միջոցառում անելու: Համ ալ դե վանքը մըրն ա, ղոնաղ են, թող կյան յեշին-քինան»,- հավելեցին տաթեւցիները՝ հայացքները հառելով դեպի տոնական վրանները, ուր հավաքվել էին քաղաքական վերնախավն ու օտարերկրյա հյուրերը: Ճոպանուղու գործարկման արարողությունից ժամեր անց հորդառատ անձրեւ սկսվեց: Տաթեւցիները մեկնաբանեցին, թե բնությունը բողոքեց իրենց անունից: Իսկ քիչ անց, ներողամիտ տաթեւցիների պես, բնությունը հանդարտվեց՝ բարեկամության ծիածան կապելով: «Ղադաթ տանիմ, մոստը պացալ են Հալիձորի մեկ ալ Տաթեւի միջեւ: Էն հին թվերին մըր պապերը միշտ ասումըն լա՝ երանի թե մոստ քցին Հալիձորից Տաթեւ, հիմա ղորթ ա՝ մոստ չի, բայց դե մոստան ալ կարեւոր պան ըն ըրալ: Ա՜յ մալադեց»,- այգու ցանկապատի մոտ բահին թիկն տված՝ ասաց տաթեւցի Մարիամ տատը, հետո կրկին վերցրեց բահն ու մոտեցավ տան առջեւի կարպետանման հողամասին: Ցանկապատից մի քանի մետր դեռ չհեռացած՝ 80-ամյա սյունեցի տատը հանկարծ կանչեց. «Ղադաթ տանիմ, ղադաթ տանիմ, ասումըն՝ քաղաքան մեծամեծեր են եկալ, հա՞: Պա հինչա՞վ հյուրասիրիմ, ասե, բալա ջան: Հի՞նչ ա պետք»: