«Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամներն այսօր բաց նամակ են հղել Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչին, որտեղ ասված է. «Երբ երկու տարի առաջ ԱՄՆ Կոնգրեսը հաստատեց Ձեր թեկնածությունը ՀՀ-ում արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու մասին, հավատացնում ենք Ձեզ, մեր երկրի հուսալի ապագայով մտահոգ քաղաքացիներն այդ լուրն ընդունեցին խանդավառությամբ, քանզի ամբողջ աշխարհում Դուք հայտնի եք որպես ժողովրդավարական արժեքների եւ մարդու իրավունքների պաշտպանության խորհրդանիշ: Մեր երկրում Ձեր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում Դուք ամենայն հավանականությամբ ծանոթացել եք նաեւ մեր բազմադարյա հերոսական պատմությանը, գիտության, մշակույթի, գրականության ոլորտում հայ ժողովրդի ձեռքբերումներին: Մեր ժողովուրդը միշտ հպարտացել է իր ճարտարապետական կոթողներով` դրանք դիտարկելով որպես Սուրբ կոթողներ: Նման կոթող է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Ազգային օպերայի եւ բալետի թատրոնը: Թատրոնին հարող հրապարակում հայ ժողովուրդը 1988թ. միակամ պայքարեց խորհրդային բռնապետության դեմ եւ 1991թ. սեպտեմբերի 21-ին հիմնեց բոլոր ժամանակների սերունդների երազած ազատ, անկախ Հայաստանը: Այդ հրապարակը վերանվանվեց Ազատության հրապարակ: Հարգարժան տիկին Մ. Յովանովիչ, Ձեզ բաց նամակ գրելու անհրաժեշտությունը չէր առաջանա, եթե այսօր իրական անկախության եւ ազատության համար պայքարը շարունակելու ժողովրդական լայն զանգվածների մուտքը մեր Ազատության հրապարակ չխոչընդոտեր ամերիկյան «Կոկա կոլա» աշխարհահռչակ ապրանքանիշը կրող հովանոցների տակ Երեւանի քաղաքապետի կողմից կազմակերպված շուկան: Դա նսեմացնում է ֆիրմայի բարի համբավը` միաժամանակ նսեմացնելով մեր ազգային արժանապատվությունը: Կարծում ենք, Դուք, որպես ամերիկյան Կառավարության կողմից ՀՀ-ում հավատարմագրված անձ, պետք է մտահոգվեք նաեւ ամերիկյան ծագման ապրանքանիշի ճակատագրով, որը, տվյալ դեպքում, ծառայում է ՀՀ գործող վարչախմբի քաղաքական նպատակներին: Հակառակ դեպքում կձեւավորվի կարծիք, որ Ձեր կողմից դրսեւորած լռությամբ Դուք հովանավորում եք բռնությունն ու կամայականությունները մեր երկրում»: