Կամուրջներ
Այս տարի Դավիթաշենի կամրջի համար նախատեսված 480 մլն դրամի շինարարական աշխատանքներն ավարտվում են: Ամբողջ կառույցը համալիր տեսքով պատրաստ կլինի նոյեմբերի 30-ին: Կիեւյան կամրջի առաջին հատվածի աշխատանքներն ավարտվել են, կամրջի համար նախատեսված էր 385 մլն դրամ: Ճոպանուղու գլխավոր մուտքի հետիոտն կամրջի հատվածի նախագծային եւ շինարարական 15 մլն արժողությամբ աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջին:
Վթարային շենքեր
Անդրադառնալով երրորդ կարգի վթարային շենքերի վերականգնման աշխատանքներին, պրն Վարդանյանը տեղեկացրեց, որ դրանք թվով 9-ն են, եւ այդ շենքերի համար նախատեսված է 638 մլն դրամի աշխատանք: Արդեն Կոմիտաս 54, Լենինգրադյան 24 եւ Հալաբյան 3 փողոցների վթարային շենքերի աշխատանքներն ավարտված են: Մյուսներինը կավարտվի նոյեմբերի 30-ին: Թաղապետարաններից ստացած տեղեկագրի համաձայն՝ Երեւանում դեռեւս կան երրորդ կարգի 70 վթարային շենքեր, որոնց շինարարության համար 2007թ. գումար է նախատեսված:
Ասֆալտապատում
«Ինչպես գիտեք` ասֆալտապատման համար մեզ մոտ նախատեսված էր 1 մլդ դրամի ծրագիր իրականացնել, հետագայում լրացուցիչ 600 մլն ավելացվեց, եւ այսօր մենք Երեւանում ունենք 497.000 քմ մակերեսով փողոցների ասֆալտապատված, վերանորոգված ծածկ, աշխատանքներն իրականացվել են 218 փողոցներում,- երեկ տեղեկացրեց փոխքաղաքապետը: -Թաղային համայնքների կողմից իրականացվել է 238,8.000 քմ ասֆալտապատման աշխատանք»:
Հրազդանի կիրճ, Կարապի լիճ
Բարեկարգման աշխատանքներ են կատարվում նաեւ Հրազդանի կիրճում՝ Դավիթաշենի կամրջից մինչեւ Կիեւյան կամրջի հատվածը, որի համար նախատեսված էր 366 մլն դրամ: Ինչ վերաբերում է Կարապի լճի շինարարական աշխատանքներին, ապա պրն Վարդանյանի հավաստմամբ՝ հոկտեմբերի վերջին բարեկարգման աշխատանքները կավարտվեն: «Մոսկվայի կապալառու կազմակերպությունն իրականացնում է Կարապի լճի սահադաշտի հատվածի վերջին աշխատանքները, եւ այն տեխնիկական փորձարկման փուլում է: Դա շատ յուրօրինակ կառույց է»,- վստահեցրեց փոխքաղաքապետը:
Ձմեռ – 2006
Ձմռան նախապատրաստական աշխատանքներն ամփոփելով՝ Վանո Վարդանյանը նշում է, որ քաղաքապետարանը թաղային համայնքներում ոչ թե ստուգումներ, այլ ուսումնասիրություն է կատարում` համոզվելու համար, թե արդյո՞ք ձմռան նախապատրաստական աշխատանքները կատարվում են պատշաճ կերպով: Նա նշեց, որ թաղապետարաններում արդեն իրականացվել են 136.000 քմ հարթ տանիքների վերանորոգման, 13.000 գծամետր ջրամատակարարման ցանցի վերանորոգման աշխատանքներ, այդ թվում՝ փոխվել են տանիքների 2300-ից ավելի դռներ: Կատարվել են նաեւ ապակեպատման, կոյուղու ներքին ցանցի նորոգման, կախովի պատշգամբների վերանորոգման եւ այլ աշխատանքներ (95 մլն դրամի): «Ձմռանն անվտանգ երթեւեկություն ապահովելու համար մենք կուտակած աղի եւ ավազի պաշարներ ունենք, կունենանք 2000 տոննա տեխնիկական աղ եւ 5000 տոննայից ավելի ավազ»,- վկայեց փոխքաղաքապետը: