Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանը հոկտեմբերի 7-ին միայն մեծ ջանքերի շնորհիվ, «մի կերպ է» ընտրվել ԱԺ փոխնախագահի պաշտոնում: Պաշտոնական տվյալներով՝ նրա քվեարկությանը մասնակցել է 83 պատգամավոր, որոնցից 6-ը դեմ են քվեարկել, իսկ 3 քվեաթերթիկ անվավեր է համարվել: Սակայն այդ օրը ԱԺ նիստին մասնակցելու համար գրանցվել էին 91 պատգամավորներ: Հայտնի է, որ գործարար պատգամավորները գրանցվելուց եւ քվեարկելուց անմիջապես հետո լքում են ԱԺ դահլիճը: Այդ օրը նույնպես այդպես եղավ: Նաեւ հայտնի է, որ «Ժառանգություն» եւ «Օրինաց Երկիր» խմբակցություններն ընդհանրապես չեն մասնակցել այդ փակ-գաղտնի քվեարկությանը: Այսինքն՝ այդ 91-ից պետք է հանել այդ երկու խմբակցությունների 15 պատգամավորներին եւ մոտ 20 գործարար պատգամավորի: Ստացվում է` մասնակցել է ոչ թե 83, այլ 70-ից էլ պակաս պատգամավոր, որոնցից 6-ն էլ դեմ են քվեարկել: Մեր տեղեկություններով` ընտրությունն իրականում մի կերպ` լցոնումով կամ թվանկարչությամբ է անցկացվել: Ս.Բալասանյանին «ընտրելու» խնդիրն ընկել է հիմնականում ՀՀԿ խմբակցության վրա: Իսկ ՀՀԿ-ն լիակատար քվեարկություն չի ապահովել` ԲՀԿ-ին հասկացնելու համար, որ նրանք բոլոր հարցերում էլ իրենցից են կախված: