Մոտ երկու շաբաթ առաջ մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ պատգամավորները կրկին ակտիվացրել են իրենց, նախագահի, վարչապետի` ընդհանրապես բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու մասին օրինագծի շուրջ քննարկումները:
Նշվեց նաեւ, որ կառավարությունը դեմ է եղել այդ օրինագծին, ու մի քանի հրապարակումից հետո հարցը փակվեց: Այդ նախագիծը պատգամավորները ԱԺ էին ներկայացրել դեռեւս 2008թ. եւ, իսկապես, կառավարությունը դրան դեմ էր արտահայտվել: Այն քննարկվեց ԱԺ Սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովում, բայց լիագումար նիստում չքննարկվեց: Ավելացնենք նաեւ, որ այդ նախագիծը, այսինքն՝ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը, տարեկան կտրվածքով ենթադրում էր եւս 600 մլն դրամի ծախս: Եվ նախագիծն այդպես էլ ԱԺ-ում չքննարկվեց: Իսկ այս անգամ նախագծի հեղինակները տեղյակ չէին, նույնիսկ զարմացած էին, թե ինչու հիշեցին, ինչու շրջանառության մեջ դրեցին այդ օրինագծի մասին խոսակցությունները: Հեղինակները վստահեցնում են, որ այդ գործում իրենք «մեղավոր» չեն: Նախագծի համահեղինակներից ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում այսպես մեկնաբանեց իրենց աշխատավարձերի բարձրացման մասին օրինագծի շուրջ նոր թափ առած խոսակցությունները. «Թե ով է սենսացիա անում ինքն իր համար, ես չգիտեմ: Ոչ հեղինակներն են փորձել ակտիվացնել այդ նախագիծը, ոչ էլ այդպիսի խոսակցություն է եղել: Թե ինչու 3 տարի չեն նկատել օրակարգում, 3 տարի հետո են նկատել, կամ ով է նկատել, ուզեցել է սենսացիա անի, չգիտեմ»: Ռ. Պետրոսյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ սենսացիա անողները լրագրողներն են, որ դա լրագրողների ձեռքի գործն է, իրենց վարկաբեկելու համար է արվում: «Ընդհանրապես լրագրողները սիրում են սենսացիա անել չեղած բաների վրա: Կարծում եմ, որ դա լրագրողների ձեռի գործն է, որովհետեւ դրա մասին ես առաջին անգամ լսեցի Տիգրան Կարապետյանի «Օրեցօրի» ժամանակ ու զարմացա: Հաջորդ օրը սկսվեց դրա հետ կապված հետաքրքրությունները: Անտեղյակ մարդու կողմից ներկայացվող լուր էր, որովհետեւ ասաց, թե ներկայացրել են, եւ կառավարությունը քննարկում է: Այդպիսի բան չկա: Երեք տարի առաջ եղել է, բայց հետո ճգնաժամի հարց բարձրացավ, հարցը հանվեց»,- ավելացրեց պատգամավորը: Ծրագրի հիմնական հեղինակ՝ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նույնպես զարմացած էր եւ տեղյակ չէր, թե դա ում «ձեռքի գործն» է: «Նախագիծը 2 տարուց ավելի գտնվում է քառօրյա նիստերի օրակարգում, եւ որեւէ նշույլ, որ կառավարությունը ցանկություն ունենա կամք դրսեւորել եւ այդ հարցը քննարկման առարկա դարձնել, չի երեւում: Իսկ մենք այդ հարցով որեւէ ակտիվացում չենք ցուցաբերել: Տեղյակ չեմ, թե ինչպես է ակտիվացել, դա հեղինակների ձեռքի գործը չի եղել: Ես կարծում եմ, որ դա ավելի շատ իշխանության, առաջին հերթին՝ կառավարության վարքագիծն է, ցույց տալ, թե տեսեք` կառավարությունն ինչքան մտահոգ է մեր հասարակության համար, որ չի ուզում չինովնիկների ու պատգամավորների աշխատավարձը բարձրացնել»,- ասաց Ա.Մինասյանը: Այնուամենայնիվ, Ա.Մինասյանը պնդում է իր այն տեսակետը, որ իշխանությունները պետք է քաղաքական կամք դրսեւորեն եւ վերանայեն պաշտոնյաների աշխատավարձերը: Նրա խոսքերով՝ հակակոռուպցիոն ռազմավարություն հաստատող կառավարությունն առնվազն պետք է կամք ունենա ասելու, թե այդ իրենք են հակակոռուպցիոն ռազմավարությանը միս ու արյուն հաղորդում` ապահովելով աշխատավարձերի բարձրացում, եւ պահանջում են, որ ղեկավար աշխատողները չխախտեն օրենքի պահանջը: «ԱԺ ամբիոնից կառավարությունը հավաստիացում է տվել, որ բերելու են հանրային ծառայության միասնական վարձատրության ռազմավարության մեխանիզմի: Կարծում եմ, որ կառավարությունը ներկայումս հրաժարվում է այդ մոտեցումից: Չի էլ ուզում ներկայացնի: Եվ եթե չի էլ ուզում ներկայացնի, ապա առնվազն պիտի բարոյականություն ունենա եւ պատասխանի՝ իսկ այն նախաձեռնությունը, որ երկու տարուց ավելի է շրջանառության մեջ է, դրա վերաբերյալ իր դիրքորոշումն ինչո՞ւ չի փոխում: Եվ ոչ միայն այդ նախագծի, որովհետեւ սա մեծ բարեփոխումների մի փուլ է: Պետք է բարձրանա երկրում նաեւ միջին աշխատավարձը, նվազագույն աշխատավարձի քաղաքականությունը` հիմնվելով սոցիալական վերանայված եվրոպական խարտիայի վրա: Նպաստների եւ կենսաթոշակների նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխվի: Դրանք պետք է սահմանվեն եւ տրվեն նպաստառուներին ու թոշակառուներին` հաշվի առնելով կենսապահովման նվազագույն բյուջեն»,- ասաց Ա.Մինասյանը: