Վերջ չունեցող եւ գրեթե անհույս ճգնաժամ

19/10/2005 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Անցած շաբաթը Վրաստանում նշանավորվեց Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր լարվածությամբ: Նախ` խորհրդարանը միաձայն ընդունեց Աբխազիայում ու Հարավային Օսիայում տեղակայված ռուսական խաղաղապահ զորքերը դուրս բերելու մասին որոշում, որտեղ նրանց առաքելությունը ենթարկվում է օբստրուկցիայի (ընդդիմագործության): Ըստ էության` Վրաստանի բարձրագույն օրենսդիր մարմինն առաջին քայլն արեց` ռուսական «երկնագույն սաղավարտներին» Վրաստանի տարածքից, ավելի ճիշտ` հակամարտության գոտուց (ինչպես նրանց մուտք գործելու օրվանից սպառնում էին Թբիլիսիին չենթարկվող ինքնավար մարզերը) դուրս բերելու ուղղությամբ: Ի պատասխան՝ Մոսկվան որոշեց չմասնակցել դեռ մի քանի ամիս առաջ պլանավորված` Թբիլիսիում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի ու բիզնես-համաժողովի նիստին: Ընդ որում` նա չփորձեց էլ թաքցնել մասնակցությունից հրաժարվելու պատճառը, այլ դա ուղղակիորեն կապեց խորհրդարանի ընդունած որոշման հետ, որը Մոսկվան գնահատում է որպես սադրանք` ուղղված երկու ինքնավար հանրապետություններում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի դեմ եւ վրացական իշխանությունների` այնտեղ իր իշխանությունը ուժային մեթոդներով վերահաստատելու փորձ:

Որոշումը, որով Թբիլիսին ակնհայտորեն վերջին զգուշացումն է անում ռուսական խաղաղապահներին, վաղուց էր հասունացել: Վրաստանը համոզված է, որ Ռուսաստանը հովանավորում է անջատողականներին: Այդ համոզվածությունը հաստատվում է Սուխումի եւ Ցխինվալի` ռուսաստանյան չինովնիկների եւ Սերգեյ Բագապշի ու Էդվարդ Կոկոյտայի` Ռուսաստան հաճախակի այցերով, որտեղ նրանց ընդունում են թեեւ առանց ցուցադրական պատիվների, բայց բավականին բարձր մակարդակով: Այդ մասին է վկայում նաեւ այն, որ ինքնահռչակ հանրապետությունների կառավարությունների գրեթե ողջ կազմը Ռուսաստանի քաղաքացիներ են, որ այդ հանրապետությունների սպառազինությունը ժամանակ առ ժամանակ համալրվում է ամենեւին էլ ոչ հնացած տեխնիկայով ու զենքով` խախտելով բոլոր պայմանավորվածությունները եւն: Այդ փաստերի առիթով Թբիլիսիի բոլոր առարկությունները Մոսկվայի կողմից փաստացի անտարբերության են մատնվում: Վրաստանի համբերության բաժակի վերջին կաթիլը դարձան սեպտեմբերի երկրորդ կեսին Ցխինվալիում ու Սուխումում այսպես կոչված անկախության օրվան նվիրված տոնակատարությունները: Երկու հանրապետություններում էլ դրանք անցան մեծ թափով` արտասահմանցի հյուրերի մասնակցությամբ, որոնց մեծ մասը տարբեր մակարդակի ռուսաստանցի չինովնիկներ էին, մի մասն էլ` նախկին ԽՍՀՄ անջատողական հանրապետությունների ներկայացուցիչներ, զինվորական շքերթներով, որտեղ ռուսական արտադրության մինչ այդ միջազգային դիտորդների կողմից ոչ մի տեղ չգրանցված ժամանակակից ռազմական տեխնիկա էր դուրս բերված։

Վերջին հանգամանքը վրացական իշխանություններին առիթ տվեց Ռուսաստանին մեղադրելու Աբխազիա եւ Հարավային Օսիա ապօրինի զենք մատակարարելու, իսկ ռուսական խաղաղապահներին` աբխազական եւ հարավօսական կողմերին բացահայտ աջակցություն ցույց տալու համար, քանի որ առանց նրանց գիտության ծանր տեխնիկան այնտեղ հասցնել ուղղակի անհնար է: «Երկնագույն սաղավարտների» հրամանատարությունը հանդես եկավ ավանդական հերքումով, բայց այս անգամ նրանք լրիվ անօգնական տեսք ունեին: Թբիլիսիի հաղթաթղթերը, ճիշտ է, այնքան էլ արդյունավետ չէին, քանի որ Թբիլիսին տոնակատարությունների օրերին ռմբակոծել էր Ցխինվալին: Եվ չնայած վրացական իշխանությունները բացարձակապես հրաժարվում են միջադեպին մասնակցություն ունենալու փաստից` գոգոլյան ունտեր-սպայական այրու նման, որն, ինչպես գիտենք, «ինքն իրեն խարազանեց», համաշխարհային հանրությունը կատարվածը յուրովի գնահատեց: Մասնավորապես, ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հայտարարություն տարածեց, որտեղ, կտրուկ քննադատության ենթարկելով Ռուսաստանի խաղաղապահ դերը, միաժամանակ «դաս տվեց» Թբիլիսիին` կոչ անելով նրան «անհապաղ կամք ցուցաբերել տարածքային մասնատվածության հետ կապված խնդիրների խաղաղ կարգավորման հարցում»: Նույն հայտարարության մեջ հպանցիկ նշվում էր նաեւ, որ Վաշինգտոնը կարող է ավելի մեծ ուշադրություն դարձնել աբխազական ու հարավօսական խնդրի նկատմամբ: Հզորագույն գործընկերոջ օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը, որն առաջին անգամ էր արտահայտվում նման ձեւով, ըստ ամենայնի, մղեց վրացական իշխանություններին` անցնելու գործնական քայլերի եւ վերջնականապես Վրաստանից դուրս բերելու ռուսական ռազմական ուժերը` անկախ այն բանից, թե ինչ կարգավիճակով են նրանք այնտեղ գտնվում: Որպեսզի «երկնագույն սաղավարտները» դուրս գան ռազմակայանների հետեւից, իրավական տեսանկյունից բավական է բարձրագույն օրենսդիր մարմնի համապատասխան որոշումը եւ գործադիր իշխանության` դրանից բխող գործողությունները: Բայց սա՝ տեսականորեն: ՌԴ ՊՆ Սերգեյ Իվանովը հասցրեց հայտարարել, որ խաղաղապահները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները` անկախ ամեն ինչից: Դա նշանակում է, որ եթե նույնիսկ ռուսները դուրս գան Աբխազիայից ու Հարավային Օսիայից, ապա ամենեւին էլ՝ ոչ լուռումունջ: Եվ հարցը ոչ այնքան Ռուսաստանի շահերը վրացական տարածքներում պահպանելն է, այլ այն, որ Ռուսաստանը փաստորեն ընդունում է իր խաղաղապահ առաքելության կասկածելիությունը եւ կստորագրի իր նկրտումների անհիմն լինելու տակ` համաշխարհային առաջատար երկրների էլիտար խմբում տեղ գրավելու դիմաց:

Կա եւս մի «բայց»: Ի՞նչ կկատարվի Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ, եթե ռուսական «երկնագույն սաղավարտները», ասենք, ողջ աշխարհի ճնշման տակ դուրս գան հակամարտության գոտուց: Թբիլիսիում արդեն խոսում են նրանց այլ երկրների խաղաղապահներով փոխարինելու մասին, ընդ որում` ամենից հաճախ հիշատակվում է ՈՒկրաինան: Սակայն բանն այն է, որ եթե խաղաղապահներին դուրս բերելու համար բավական է հակամարտության կողմերից մեկի` փաստերով հիմնավորված պաշտոնական ցանկությունը, ապա նոր ուժեր տեղակայելու համար անհրաժեշտ է հակամարտող կողմերից երկուսի համաձայնությունն էլ: Հաշվի առնելով ներկա իրավիճակը` նույնիսկ ամենավառ երեւակայության դեպքում դժվար է պատկերացնել, որ Թբիլիսիին չենթարկվող ինքնավար հանրապետությունների իշխանությունները կհամաձայնեն իրենց հովանավորող ռուսաստանցիներին փոխարինել վրացիների հետ այժմ եղբայրական հարաբերությունների մեջ գտնվող ուկրաինացիներով կամ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի խաղաղապահներով: Առավել եւս, որ Թբիլիսիի հետ բանակցային բոլոր գործընթացները փաստացի դադարեցվել են: