Երեկ հորդառատ ու չդադարող անձրեւի տակ տեղի ունեցավ Հայ Ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքը:
Անձրեւը խանգարեց, որ հանրահավաքը լիներ մարդաշատ: Բայց անձրեւը չէր խանգարել ՀՀ իշխանություններին, որ Ազատության հրապարակը ընդդիմությանը չտրամադրելու համար նույն պահին այնտեղ տոնավաճառ կազմակերպեին: Եվ նույն հորդառատ անձրեւի տակ ոստիկանները փակել էին Ազատության հրապարակ տանող մուտքերը, որպեսզի այնտեղ չհայտնվի եւ ոչ մի ընդդիմադիր ոտք: Եվ ահա նույն հորդառատ անձրեւի տակ ելույթ ունեցան Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը եւ վերջում, ինչպես միշտ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Բոլորն էլ, ինչպես նախօրոք հայտարարվել էր, խոսեցին հիմնականում Հայաստանում գոյություն ունեցող կոռուպցիայի մասին: Հանրահավաքը վարում էր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, ով հայտարարեց, թե ՀՀ գործող իշխանությունների հանցագործ խումբն ունի համաշխարհային տարածում: Նրա խոսքով` բացահայտվում է այդ մաֆիայի գործունեությունը ամբողջ աշխարհում եւ նրա կապերը Հայաստանի ղեկավար պաշտոնյաների հետ: Լ. Զուրաբյանը հիշեցրեց Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի պաշտոնանկության ու նրա հետ հանցավոր բիզնես-կապեր ունեցող հայ պաշտոնյաների մասին տեղեկությունները: Հիշեցրեց նախօրեին ԱՄՆ-ում բացահայտված հայկական հանցավոր կառույցի մասին, որը զբաղվել է աննախադեպ ծավալներով խարդախությամբ` թմրաբիզնեսով, զենքի առքուվաճառքով, մարդկանց առեւանգումներով, մեր երկրում` փողերի լվացմամբ: Նրա խոսքով` ՀՀ իշխանությունները անհանգստացած են այդ բացահայտումներով, որովհետեւ «կառույցի ղեկավարը սերտ կապերի մեջ է եղել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ»: «Այդ մարդը 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ համակարգել է մի շարք քրեական տարրերի աշխատանքը Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ պայքարում: Միջազգային մակարդակի այս սկանդալները կարեւոր նշանակություն կունենան Հայաստանում առաջիկա զարգացումների համար: Փաստորեն, այն ավազակապետությունը, որի մասին մինչեւ հիմա խոսում էր միայն ՀԱԿ-ը, այսօր միջազգային գրանցում ու ճանաչում է ստանում: Այլեւս աշխարհին պարզ է, որ համաժողովրդական մեր շարժումը պայքարում է իսկապես ավազակապետական մաֆիոզ մի ռեժիմի դեմ, որը աշխարհասփյուռ հանցավոր կազմակերպությունների համար ստեղծել է փողերի լվացման, իրավապահ մարմիններից թաքնվելու դրախտային պայմաններ»,- ասաց նա:
Վ. Խաչատրյանը Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին ու ընդհանրապես ՀՀ իշխանություններին կոչ արեց չվախենալ իրենցից, երեւանցիներից ու ՀՀ քաղաքացիներից: «Այս ձեւը, որ դուք ընտրել եք, խայտառակություն է, այն տոնավաճառը, որ բացել եք Ազատության հրապարակում, խայտառակություն է: Եթե քաղաք եք սիրում, մտածում եք քաղաքի մասին, հանեք դրանք,- հայտարարեց Երեւանի նախկին քաղաքապետն ու ավելացրեց,- Բանդոկրատիա է մեր երկրում: Պաշտոնական վիճակագրությունն ասում է՝ 2008-ից հետո ՀՀ-ում աղքատությունը ավելացել է, 1մլն քաղաքացիներ համարվում են աղքատ: Եվ այսօր երբ փորձում ես հասկանալ, թե այս մարդիկ ինչ են ուզում, պարզվում է, որ ընդամենը իրենց գրպանի խնդիրն են լուծում: Ոչ մի հայտարարություն, ոչ մի խոստում իրականություն չի դարձել: Հիշում եք, թե Ս.Սարգսյանն ինչ էր ասում. յուրաքանչյուր երիտասարդ ընտանիք պետք է հնարավորություն ունենա ունենալ բնակարան եւ ավտոմեքենա: Տեսնում եք, թե ինչ հնարավորությոներ է ունենում: Ամեն մի ընտանիք կրկնակի պետք է ավելացնի իր եկամուտները: Դուք համոզվում եք, որ, հակառակը, մեր եկամուտները կրկնակի նվազում են»:
Լ. Զուրաբյանը նաեւ տեղեկացրեց, թե ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը Հելսինկիում մասնակցում է Եվրոպայի 37 երկրներից 56 լիբերալ կուսակցությունների համաեվրոպական համագումարին: Համագումարում այդ բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները միաձայն մի բանաձեւ են ընդունել, որով ՀՀ իշխանություններից պահանջում են բաց թողնել քաղբանտարկյալներին եւ կոչ են արել վերջ տալ ընդդիմախոսներին հետապնդելուն: «Հիշում եք, 2003թ. նախագահի մի թեկնածու կար, որ փաստացի ոչինչ չուներ, նույնիսկ մշտական բնակության վայր չուներ: Իր իսկ ներկայացրած փաստաթղթերով: Բայց հենց այդ աղքատ, ընչազուրկն էլ նշանակվեց նախագահ: Իսկ 2008-ին պաշտոնաթողությունից շատ չանցած պարզվեց, որ Քոչարյանը ՀՀ ամենահարուստ մարդն է, նույնիսկ Հայաստանից էլ հարուստ: Կոռուպցիայի ավելի ցայտուն օրինակ մեր երկրում գտնելն անհնարին է: Եվ եթե այսօրվաններն իրենց իսկ վարչապետի ձեւակերպմամբ այդ չարիքի դեմ պայքարելու ցանկություն ունեն, թող թողնեն բժիշկներին, ուսուցիչներին եւ ավտոտեսուչների դեմ սկսած հայրենանվեր եւ շատ վտանգավոր պայքարը, ու սկսեն, ասենք, Հյուսիսային պողոտայի «Ստեֆանո Ռիչի» էլիտար խանութից: Տպավորություն կա, որ այս աշնանը կկվի կանչելու հետ Ղարաբաղի հարցը լուծելու պայմանավորվածության ժամկետն էլ է լրանում, նույնիսկ տեղն են նշում` Աստանա, դեկտեմբերի սկիզբ: Եվ դրա համար էլ հավանաբար իշխանությունները խոսում են ընտրություններից, Ղարաբաղի` բանակցային կողմ դառնալուց: Բա ի՞նչ անեին, բա հո կկվին չէի՞ն խփելու»,- ասում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը խոսեց ՀՀ արտաքին պարտքի, արտահանման ու ներկրման մեծ տարբերությունների եւ տնտեսական այլ ցուցանիշների մասին: «Հասարակության մեջ սոցիալական բեւեռացումը խորանում է, աճում է երկրի արտաքին պարտքը: Միայն վերջին 2 տարում արտաքին պարտքը աճել է գրեթե 3 անգամ: Արտաքին պարտքի սպասարկումը 2013թ. կկազմի 500 մլն դոլար: Արտաքին պարտքը այսօր արդեն կազմում է երկրի ՀՆԱ-ի 40 տոկոսից ավելին: Արտահանումը զիջում է ներմուծմանը շուրջ 5 անգամ: Աննախադեպ չափերի է հասել կապիտալի արտահոսքը, ինչը խոսում է երկրի վաղվա օրվա նկատմամբ վստահության բացակայության մասին»,- հայտարարեց ՀԺԿ ղեկավարը: Վերջում ծավալուն ելույթ ունեցավ Լ.Տեր-Պետոսյանը եւ խոսեց հիմնականում մեր երկրում գոյություն ունեցող կոռուպցիայի մասին: