Կառավարության գործունեության «երրորդ ալիքը»

16/10/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Պաշտոնական վիճակագրությունը երբեք չի դադարի մեզ զարմացնել։ Սակայն մինչ հերթական անակնկալին անդրադառնալը՝ ընթերցողներին մի հարց տանք։ Նախորդ տարվա ընթացքում Երեւանում պատահե՞լ է, որ ձեզ մոտենա անչափահաս երեխա եւ ողորմություն խնդրի։

Կարծում ենք` պատասխանը դրական է, հատկապես այն մարդկանց համար, ովքեր մի քանի անգամ երեկոյան ժամերին որոշել են շրջել Երեւանի կենտրոնում կամ սրճարան այցելել։ Ու հատկապես այդ մարդիկ կզարմանան, եթե կարդան Ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ սոցիալական վիճակը 2009 թվականին» զեկույցը, որը հրապարակվել է երկու օր առաջ։

Այդ զեկույցի բաժիններից մեկը կոչվում է «Մուրացիկ եւ թափառաշրջիկ անչափահասներ»։ Եվ այդ բաժնում ամփոփված տեղեկատվությունը մեզ փորձում է համոզել, որ Երեւանում մուրացիկ եւ թափառաշրջիկ անչափահասների թիվըգ զրո է։ Այսինքն՝ Երեւանում մուրացկան երեխաներ չկան։ Չկան նաեւ Արագածոտնում, Արմավիրում, Արարատում եւ մի քանի այլ մարզերում։ Ընդհանուր առմամբ, ըստ այդ զեկույցի, Հայաստանում 2009թ. վերջի դրությամբ Ոստիկանության կողմից հաշվառված է ընդամենը 26 մուրացկան եւ թափառաշրջիկ երեխա, որոնցից 18-ը՝ Շիրակի մարզում։

Բացառված չէ, որ որոշ մասնագետներ մեզ կմեղադրեն, նշելով, որ վիճակագրությունը խոսում է պաշտոնապես հաշվառված մուրացիկների մասին, որ իրականում նրանց թիվը շատ մեծ է։ Համաձայն ենք։ Սակայն այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ընդհանրապես ներկայացվում նման տեղեկատվություն, որը ոչ մի կապ չունի իրականության հետ։

Դա կարող է ունենալ միայն մեկ արդարացում. երբ տարբեր միջազգային կառույցներ գնահատականներ ու վարկանիշներ են տալիս Հայաստանին, նրանք հիմնվում են առավելապես հենց պաշտոնական վիճակագրության վրա։ Եվ մենք միջազգային ասպարեզում, «թղթի վրա», ներկայանում ենք՝ որպես մի շատ բարեկեցիկ երկիր։

Սակայն երբեմն-երբեմն լինում են իրողություններ, երբ «կիքս» է տալիս անգամ պաշտոնական վիճակագրությունը եւ անուղղակիորեն արտացոլում դաժան իրականությունը։ Օրինակ՝ մինչ տարբեր մակարդակի պաշտոնյաները գովեստի խոսքեր էին շռայլում կառավարության հակաճգնաժամային քաղաքականության հասցեին, խոսում արդյունաբերության աճից ու զբաղվածության մակարդակի բարձրացումից, Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հրապարակեց մի տվյալ, որն ամենեւին չէր տեղավորվում համընդհանուր ոգեւորության մեջ։

Հրապարակված վիճակագրության համաձայն` այս տարվա առաջին 8 ամիսներին «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններով անվերադարձ մեկնողների թիվը կազմել է 61 հազար մարդ. մեկնել էր 574 հազար եւ ժամանել 513 հազար ուղեւոր: Այս տեղեկությունը հրապարակվեց, բայց այն մի տեսակ աննկատ անցավ։ Մինչդեռ իրականում նորմալ երկրում այն կարող էր կառավարությանն անվստահություն հայտնելու հարց բարձրացնել։ Ինչպե՞ս է ստացվում, որ երկիրը պատվով հաղթահարում է ճգնաժամը, խոսում ճոռոմ ու դարակազմիկ ծրագրերից, սակայն ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող երկրից արտագաղթում է 60 հազար մարդ։ Դժվար է ասել՝ այս ցուցանիշը հրապարակային դարձնելը միտումնավո՞ր է արվել, թե՞ պարզապես հրապարակել են։ Սա դեռ ամենը չէ։ Քաղավիացիայի պաշտոնական կայքում կարելի է գտնել արդեն առաջին 9 ամիսների վիճակագրությունը։ Այսպես, 2009թ. հունվար-սեպտեմբերին «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններով մեկնածների թիվը կազմել է 660.550 մարդ, ժամանածներինը՝ 590.660 մարդ։ Ստացվում է, որ առաջին ինը ամիսներին հանրապետությունից անվերադարձ մեկնել է շուրջ 70 հազար մարդ։ Նշենք նաեւ, որ արտագաղթ նկատվել է նաեւ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում. անվերադարձ մեկնողների թիվը կազմել է 52 հազար։

ԶԼՄ-ներից մեկը այս առիթով գրել էր, որ ներքին օգտագործման փակ վիճակագրության պատասխանատուները ՀՀ բարձրագույն ղեկավարությանը դեռեւս ամիսներ առաջ զեկուցել են, որ 2008-ից արտագաղթի նոր ալիք է սկսվել, որին պայմանական տրվել է «երրորդ ալիք» անվանումը: Այս մեկը առանձնանում է նրանով, որ արտագաղթողները ֆինանսապես ապահով ընտանիքներից են: Սա իրականությանը մոտ է, քանի որ ցանկացած հայաստանցի կարող է մի քանի ծանոթ-բարեկամի անուն տալ, ովքեր ապահովված լինելով հանդերձ՝ մեկնել են կամ ցանկանում են մեկնել արտերկիր։

Այս տեսանկյունից բավականին համոզիչ են հնչում նաեւ ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի խոսքերը։ Անդրադառնալով բանկային ավանդների թվի կրճատմանը, Երեւանի նախկին քաղաքապետը նշել էր. «Բանկից իրենց խնայողությունները բնակիչները հանում են 2 նպատակով: Կամ այդ միջոցներով լքում են երկիրը, կամ օգտագործում են առօրյա ծախսերը հոգալու համար»:

Ընթերցողներին նաեւ հիշեցնենք, որ դեռեւս օգոստոսին «Gallup international» հետազոտական կենտրոնի մասնագետները, ուսումնասիրելով 2009-ին ԱՊՀ-ի երկրներում առկա միգրացիոն միտումները, նշում էին, որ Հայաստանից մշտապես հեռանալու ցանկություն ունի երկրի բնակչության 39 տոկոսը: Համեմատության համար նշենք, որ Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է՝ 14, իսկ Ադրբեջանում` 12 %: Իսկ ՄԱԿ-ն իր «Մարդկային զարգացման ազգային զեկույց-2009»-ում նշել էր, որ անկախության տարիներից մինչեւ այսօր ՀՀ-ից արտագաղթածների թիվը մոտավորապես կազմում է 800 հազարից 1 միլիոն մարդ: