Հետաձգենք 100 տարով

16/10/2010 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Անդրեյ Գեյմը եւ Կոնստանտին Նովոսելովը ֆիզիկայի բնագավառի այս տարվա Նոբելյան մրցանակակիրներն են: Նրանք կկիսեն 1,5 մլն ԱՄՆ դոլարը: Մի քանի տարի առաջ հայտնաբերված գրաֆենն իրենից ներկայացնում է ածխածնի բարակ թաղանթ` մի ատոմի լայնությամբ: Այդ նոր երկչափ նյութն իր մեխանիկական մեծ դիմացկունության եւ բարձր հաղորդականության շնորհիվ էլեկտրոնիկայի բնագավառում կարող է հեղաշրջող դեր կատարել: Մեր հայ ֆիզիկոսներից մեկը պատմեց, որ գրաֆենի հայտնագործությունը պատահականության արդյունք է: Հասկանալի է, որ Նյուտոնի գլխին էլ խնձորը պատահաբար է ընկել: Արքիմեդն էլ եթե լոգանք չընդուներ հենց այդ օրը, այդքան առատ ջրով, գուցեեւ այսօր ֆիզիկայի հայտնի օրենքը չկոչվեր հենց Արքիմեդի անունով: Այսինքն` պատահականությունը ոչ մի կերպ չի նսեմացնում կատարված աշխատանքը:

Չերկարացնեմ. գիտնականները թեյ են խմել: Թեյը շուռ է եկել աշխատասեղանին թափված թղթերի վրա: Մի քանի օր անց, երբ գիտնականներն անհրաժեշտ թղթերը փորձել են միմյանցից զատել, պոկվել է թղթի մի բարակ շերտը, եւ գիտնականները հասկացել են, որ կարելի է բարակ շերտեր ստանալ: Երկար տարիներ աշխատել են, բազմաթիվ, ընդ որում, ծախսատար փորձեր են արել, եւ այսօր արդեն Նոբելյան մրցանակակիրներ են: Նովոսելովի` ռուսական «Newsweek»-ին տված հարցազրույցներից մեկին ծանոթացա: Նա, մինչ այս հայտնագործության վրա աշխատելը, պարզ ասել է, որ գործի համար իրեն հարկավոր է 3-4 որակավորում ունեցող տեխնիկ, գիտությունների 3 թեկնածու, 3 ուսանող, տարեկան 350 հազար դոլար` գումարած 5 միլիոն դոլարի սարքավորում, որոնք աշխատեցնելու համար տարեկան անհրաժեշտ է եւս 150 հազար դոլար: Նրա պահանջները, հասկանալի է, բավարարվել են: Փորձերի համար նման գումարներ Հայաստանում ոչ ոք չի տրամադրի գիտական հովեր ունեցող գիտնականներին: Անգամ, եթե վերջիններիս աշխատանքները ֆիզիկայի ոլորտում նոր խոսք ասեն: Իրեն հարգող ոչ մի օլիգարխ գիտության մեջ մեծ ներդրումներ չի անի, քանի որ փորձերի արդյունքն անմիջապես շոշափել կամ ուտել հնարավոր չէ: Գիտությունը հարսանիք չէ, որի վրա իմաստ ունենա միլիոնավոր դոլարներ վատնել: Գիտությունը չի զվարճացնում այնպես, ինչպես ռուս կամ, ծայրահեղ դեպքում, հայ աստղերը: Գիտությունը խորոված չէ. այն հնարավոր չէ ուտել եւ անմիջապես հագենալ: Պետությունն, ի տարբերություն օլիգարխների, ավելի զուսպ ու գրագետ շարադրված հիմնավորումներ է բերում, թե ինչու չի ցանկանում գումարներ ներդնել գիտության մեջ կամ ստեղծել այնպիսի միջավայր, որը գիտնականներին չստիպի Հայաստանից փախչել հնարավորինս հեռու եւ անվերադարձ: Պետության հիմնավորումը հնչում է այսպես. աշխարհում գիտնականները վաղուց արդեն ֆինանսական հարցերով չեն անհանգստացնում պետությանը: «Հեքիաթներ են,- ասում է Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հրաչյա Բաբուջյանը,- նախ պետք է պետությունը փող ներդնի գիտության մեջ, նոր հետո սպասի արդյունքների»: Իսկ թե կարո՞ղ են հայ գիտնականները, մասնավորապես՝ ֆիզիկոսներն իրենց նման փորձեր թույլ տալ, որպիսին, դիցուք, Գեյմի եւ Նովոսելովի փորձերն են, պարոն Բաբուջյանը հոգոց հանեց` Հայաստանում ֆիզիկոսները նման փորձեր ոչ միայն չեն կարող անել, այլեւ չեն կարող այդ մասին անգամ երազել: «Այո, մեր երկրում եւս կան գիտնականներ տարբեր ոլորտներում, ովքեր առաջներում արել են փորձեր եւ ստացել շատ լավ արդյունքներ, սակայն փորձերը շարունակելու համար անհրաժեշտ են հարյուր-հազարավոր դոլարներ, եթե ոչ` միլիոնավոր: Փորձարարական բազան ամբողջությամբ հնացած է: Դա է պատճառը, որ արժանավոր գրեթե բոլոր փորձարարները դրսում են աշխատում»,- ավելացրեց Հ. Բաբուջյանը: Ֆիզիկոսը ասաց նաեւ, որ «Էքսպերիմենտը` փորձը, անմիջականորեն կապված է սոցիալական կյանքի հետ: Արտասահմանում մի էքսպերիմենտալ փոքրիկ լաբորատորիայի բյուջեն 20 միլիոն է: Ի դեպ, պայմաններ չունեն անգամ ռուս գիտնականները: Այնտեղ այդքան փող կա, սակայն գիտնականները թողնում-գնում են երկրից: Նույն այս տղաները, ովքեր Նոբելյան մրցանակ ստացան, ասել են, որ Ռուսաստան չեն վերադառնա: Ասել են, որ Սկոլկովոյում դեռ պետությունը պետք է մի 20-25 տարի փող լցնի, որ նոր հնարավոր լինի գիտությունը տեղից շարժել: Իսկ Հայաստանում, գիտեք, թե ինչի վրա են ավելի հաճույքով փող ծախսում: Ամեն դեպքում` ոչ գիտության: Իսկ մեր գիտնականները այնքան ցածր աշխատավարձ են ստանում, որ հազիվ կոմունալ վճարումներին է բավարարում»: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, ժամանակակից քվանտային ֆիզիկայի եւ բարդ համակարգերի մաթեմատիկական մոդելավորման մասնագետ Աշոտ Գեւորգյանն օրերս է վերադարձել միջազգային գիտաժողովներից, ուր ֆիզիկայի հիմունքներին եւ հաշվողական գիտությանը վերաբերող արդիական պրոբլեմներ են քննարկվել: Նշված կոնֆերանսներին գիտնականը ներկայացրել է իր աշխատանքները քվանտային վակուումի, քվանտային հաշվարկների վերաբերյալ, ներկայացրել իր անմիջական մասնակցությամբ կատարած գիտափորձերի արդյունքը: Հեղինակավոր շատ ֆիզիկոսներ զարմացել են, որ Հայաստանում կարելի է նման կարգի հիմնարար արդյունքներ ունենալ, եւ տարբեր բնույթի գիտական համագործակցություն են առաջարկել: Պարոն Գեւորգյանն, օրինակ, այն կարծիքին է, որ Հայաստանում կան խոր եւ ֆունդամենտալ գիտական հետազոտություններ, որոնք կարող են կիրառական լուրջ նշանակություն ունենալ երկրի տնտեսության զարգացման եւ ընդհանրապես նոր` արդիական ինդուստրիայի ստեղծման համար: Նրանք իրենց նշանակությամբ պակաս չեն այն հայտնագործությունից, որի համար ծագումով ռուսաստանցի գիտնականները վերջերս նոբելյան մրցանակ ստացան: «Տեսեք, օրինակ բերեմ հայկական մի գիտական խմբի` Հայաստանի պայմաններում ստեղծած սարքը, որն իրենից գերզգայուն սենսոր է ներկայացնում եւ ի վիճակի է գրանցել 400.000 կմ հեռավորության վրա շարժվող լուսնի փուլերը: Սա շատ լուրջ հայտ է, սարքն արդեն ստեղծված է, փորձարկված եւ նույնիսկ ընդունված է միջազգային գիտական հանրության կողմից: Կամ, մի ուրիշ հայկական խմբի կողմից սարք է ստեղծված, որը գործում է մակրոսկոպիկ քվանտային երեւույթների հիման վրա, որի իմացաբանական նշանակությունը հիմնարար ֆիզիկայի համար շատ ավելին է, քան նոբելյան մրցանակին արժանացած գիտական նորույթը, եւ, վստահ եմ, որ մոտ ապագայում այն կարող է կիրառական շատ մեծ նշանակություն ունենալ: Չնսեմացնելով Անդրեյ Գեյմի եւ Կոնստանտին Նովոսելովի կատարած աշխատանքի նշանակությունը, այնուամենայնիվ, նշեմ, որ նոբելյան մրցանակի ներկայացվելն ու այն ստանալը լուրջ աշխատանք է պահանջում` նախ եւ առաջ՝ քաղաքական: Հակառակ դեպքում, օրինակ, ինձ թող բացատրեն` ինչո՞ւ նոբելյան մրցանակ չստացավ միջուկային մագնիսական ռեզոնանսի երեւույթի հիմնադիր եւ նրա հիման վրա ստեղծված տոմոգրաֆի հեղինակ Ռայմոնդ Դամադյանը: Այդպիսի օրինակները, ցավոք, քիչ չեն, այնպես որ, նոբելյան մրցանակներում քաղաքական խնդիրներն ակնհայտորեն առկա են, իսկ անաչառությունը, հատկապես վերջին ժամանակներս, վիճարկելի է: Կրկին ցանկանում եմ շեշտել վերջերս իմ արտաբերած թեզը. գիտությունը լուրջ պետական գործառույթ է, որի իրագործումը լուրջ քաղաքական կամք է պահանջում: Մենք նորանկախ Հայաստանում, ցավոք, չունենք ո՛չ առաջինը, ո՛չ էլ երկրորդը»,- ասաց Ֆիզմաթ գիտությունների դոկտոր Աշոտ Գեւորգյանը:

Եզրակացությունը, թերեւս, այն է, որ Նոբելյան մրցանակի հայ հավակնորդների մասին զրույցները մի հարյուր տարով ստիպված ենք հետաձգել: