«Ես ու իշխանությունները տարբեր ճանապարհներով ենք շարժվում»

16/10/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հայտնի ռուսաստանցի մուլտիպլիկատոր Գարրի Բարդինը, ով այս օրերին Երեւանում է գտնվում ու Մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի շրջանակներում ներկայացնում է իր նոր անիմացիոն «Անճոռնի ճուտիկը» ֆիլմը, խոստովանում է, որ այսօրվա Ռուսաստանում մենակյացի պես է ապրում: Արվեստում եւ կյանքում ազնիվ ու պահանջկոտ մարդ լինելով` Գ. Բարդինը նկատում է. «Ես այնպիսի ֆիլմեր եմ անում, որոնք, առաջին հերթին, ինձ ու իմ պոտենցիալ հանդիսատեսին են հետաքրքիր։ Ես երբեք չեմ մոռանում, որ իմ հանդիսատեսը խելացի է, ինտելիգենտ ու հումորի զգացում ունի»։

Գ. Բարդինի համար Երեւանը հարազատ քաղաք է, քանի որ հենց այստեղ է նա իր 2 տարվա զինծառայությունն անցել։ Ռեժիսոր-մուլտիպլիկատորը պատմեց, որ այցելել է իր նախկին զորամասն ու փոշոտ, կիսաքանդ պատուհաններին նայելով՝ վերհիշել է իր երիտասարդությունը։ «Մենք նստում էին ճաղավանդակների ետեւում ու ահռելի հրթիռա-ռումբային սարքեր էինք գծագրում։ Փառք Աստծո, ոչ մի ռումբ այդպես էլ չպայթեց։ Փոխարենը՝ ես մի քանի անգամ Երեւանում բռնկված հրդեհների մարմանն եմ մասնակցել։ Երբ հնչում էր ահազանգը` շատ արագ թաքցնում էինք կոնյակի շշերն ու գնում հրդեհը մարելու։ Ես սիրում եմ Երեւանը, սա իմ երիտասարդության քաղաքն է։ Հիմա Երեւանն, իհարկե, փոխվել է, եվրոպական ոճի լուսավորում ու ցուցափեղկեր է ձեռք բերել»,- ասաց նա իր ֆիլմի երեւանյան պրեմիերայից առաջ։

Տաղանդն ու համեստությունը շատ հազվադեպ են համատեղվում մարդկանց մեջ: Գարրի Բարդինն այդ եզակի համաձուլվածքներից է: Եվ նրա հետ զրուցելիս ընդունում ես, որ այսօրվա Հայաստանում արվեստի շատ քիչ մարդիկ կան, որոնք ունակ են այսպես պարզ ու դիպուկ բնութագրել այն ժամանակը, որի մեջ ապրում ենք (խոսելով հենց ժամանակի, այլ ոչ թե իրենց մասին): Առանց սեթեւեթանքի ու առանց վարանելու` Գ. Բարդինը խոսում է գլուխ բարձրացնող ֆաշիզմի մասին (իր ֆիլմերում՝ այլաբանորեն, իսկ հարցազրույցներում՝ ճակատային անկեղծությամբ): Կյանքը ստիպում է ընդունել, որ այն, ինչը կատարվում է Ռուսաստանում, իր հայելանման արտացոլումն է ստանում նաեւ մեր հանրապետությունում: Չէ՞ որ մենք Ռուսաստանի կրտսեր եղբայրն ենք (կամ էլ քույրը), եւ ուրեմն` նոր ծագող տոտալիտար համակարգի «ստվերն» ենք։

– Խորհրդային կայսրության փլուզումից հետո կյանքն ավելի լա՞վն է դարձել։

– Դուք ուզում եք, որ մեր այս փոքր ասուլիսը 4-5-ժամյա զրույցի՞ վերածվի:

– Ուզում եմ:

– Կարող եմ ասել, որ հիմա Ռուսաստանում ես «ներքին» էմիգրացիայում եմ ապրում: Ինձ չեն գոհացնում այս բութ, կիսագրագետ, «ՋսՏո» իշխանությունները, այս համատարած լկտիությունը։ Ինձ չի գոհացնում դեպի սովետական՝ «սովոկային» տոտալիտարիզմ գլորվելու գործընթացը, որը հիմա ակնհայտորեն նկատվում է։ Դեմոկրատական սկզբունքները չեն գործում։ Ի՞նչ լավ կյանքի մասին կարելի է խոսել, եթե ինձ զրկել են ընտրության հնարավորությունից, ընդդիմության անունից ելույթ ունենալուց։ Իրականում ինձ շատ բաներից են զրկել։ Տպավորություն է, որ ես ու Ռուսաստանի իշխանությունները տարբեր ճանապարհներով ենք գնում («Եդինայա Ռոսիան», որն իր էությամբ ու ձեւավորմամբ՝ կոմունիստական կուսակցության դուբլն է, եւ ես, ով իր գործն է անում)։ Իրականում ես երջանիկ ու ազատ եմ միայն այն ժամանակ, երբ բանալիով փակում եմ իմ ստուդիայի դուռն ու իմ սիրելի գործով եմ զբաղվում։ Այն, ինչ կատարվում է դռնից դուրս, ինձ այլեւս չի մտահոգում։ Եվ, փառք Աստծո, որ այդպես է։ Իմ ստուդիան իմ օազիսն է, որի տարածքում ես գոյատեւում եմ։ Շատերն ինձ կշտամբում են Ռուսաստանի վրա «հարձակվելու» մեջ: Դե ի՞նչ ասեմ՝ թող կշտամբեն։ Իսկ եթե հաշվի առնենք ցենզուրայի բաղադրիչը, ապա ո՞վ ասաց, որ այն վերացել է։

– «Անճոռնի ճուտիկում» ակնհայտորեն երեւում է մեր եւ ձեր այսօրվա իրականությունն` իր նորագույն (դեպի առաջ) ուղղորդող լոզունգներով, շարան-շարան քայլող թռչուններով, որոնց միակ զբաղմունքը սեփական գովքն անելն է։ Դուք այսօրվա իրականությունը մուլտֆիլմի մեջ միտումնավո՞ր եք «մխրճել»։

– Իհարկե, այլ կերպ լինել չէր կարող։ Միշտ էլ, երբ ինչ-որ բան ես անում, առաջին հերթին քո մասին ես անում։ Իսկ եթե շարունակենք լավ կյանքի թեման, ապա կարող եմ ասել, որ տնտեսական, ֆինանսական տեսանկյունից այսօր կյանքն ավելի է բարդացել։ Ես փորձում եմ գումար գտնել իմ հաջորդ՝ փիլիսոփայական առակի տեսք ունեցող ֆիլմի համար։ Դեռ չեմ գտել, բայց, միեւնույն է, վաղ թե ուշ գտնելու եմ, քանի որ արդեն «հիվանդացել» եմ այդ ֆիլմով։ Համոզվել եմ, որ լավ ֆիլմ նկարահանելու համար պետք է «հիվանդանալ» այդ գաղափարով, որպեսզի հետո գտնես նաեւ ֆիլմում օգտագործվելիք նյութ-դեղամիջոցն ու լավ արդյունքի հասնես:

– Ձեր որդու՝ Պավել Բարդինի «Ռուսաստան-88» ֆիլմը, որն անցյալ տարի ներկայացվեց Բեռլինի կինոփառատոնում, շատ արդիական թեմա է բարձրացնում` սքինհեդների շարժման ակտիվացումը։

– Մամուլում այդ ֆիլմը սկանդալային համարվեց, սակայն ես կարծում եմ, որ ոչ մի սկանդալ էլ չկա, պարզապես դա խիզախ ֆիլմ է, որտեղ քաղաքացիական դիրքորոշում է երեւում։ Հիմա Ռուսաստանում նեոֆաշիզմն է ոտքի ելնում։ Իհարկե, այդ ֆաշիզմի ոտքերը դեռ թույլ են, սակայն օրեցօր դրանք ավելի ու ավելի վստահ են դառնում եւ բազմաթիվ հետնորդներ են ունենում։ Սքինհեդների բազմաճյուղ ցանցը տարածվում է Ռուսաստանի տարբեր քաղաքներում՝ ամեն վայրկյան գլուխ բարձրացնելու պատրաստ մի բանակ ստեղծելով, որի կազմում ֆիզիկապես ուժեղ մարդիկ են՝ «կաչոկներ»։ Եվ այդ մարդիկ տենչում են արյուն թափել։ Իմ որդին այդ մարդկանց մասին է ֆիլմ արել։ Ու արդյունքն այնքան համոզիչ է ստացվել, որ հանդիսատեսը ֆիլմը դիտելով` չի էլ ենթադրում, որ այն իրականում ոչ թե վավերագրական, այլ խաղարկային է։ Սքինհեդները հաճախ են տեսանյութեր նկարահանում ու դրանք տեղադրում «youtube»-ում կամ ֆաշիստական բնույթի կայքերում: Օրինակ, կարելի է տեսնել, թե ինչպես են նրանք մարդու ականջները կտրում եւ անասելի հաճույք ստանում դրանից։ Եվ իմ որդին ֆիլմը ստեղծելու ընթացքում հենց այդ հոլովակներից է օգտվել։ Ֆիլմն այնպես է արվել, իբրեւ թե նկարահանվել է սքինհեդների օպերատորի, այսինքն՝ «ներսի» մարդու կողմից։ Տպավորություն է, որ ֆիլմը «կուլ է տվել» տեսախցիկն ու հետո մոնիտորի վրա հետազոտում է նկարահանված տեսանյութը։ Հանդիսատեսը, կարծես, այս սարսափելի մղձավանջի ակամա ականատեսն է դառնում։ Թվում է` այդ տմարդի սրիկաների կյանքի մեջ սուզվելով՝ սարսափից սիրտդ պայթելու է։ Երբ Պավելն ավարտեց «Ռուսաստան-88» ֆիլմը, ես շատ էի վախենում, որ սքինհեդները հաշվեհարդարի ցանկություն կունենան։ Սակայն, քանի որ ֆիլմը կարիկատուրա չէ, այլ սքինհեդների կյանքի ուսումնասիրություն է` նրանք կարծես թե «նեղանալու» որեւէ պատճառ չպետք է ունենան։ Բայց նրանց փոխարեն՝ «նեղացան» իշխանությունները։ Ֆիլմում ցուցադրվում է, թե ինչպես են իշխանություններն օգտագործում սքինհեդների «բութ» ուժը։ Իշխանություններին ձեռնտու է «ձեռքի տակ» նման սարսափելի ուժ ունենալը, որպեսզի ընտրազանգվածը մշտական վախի մեջ մնա: Եվ պետական այրերը սքինհեդներին կբարեհաճեն կանգնեցնել միայն այն ժամանակ, երբ քաղաքացիները «Պաշտպանիր մեզ» աղերսով կդիմեն նույն այդ իշխանություններին։ Դեռ նման բան տեղի չի ունենում։ Ֆիլմում, որպես վերջաբան, մեկը մյուսի հետեւից գրվում են այն 108 մարդկանց ազգանունները, որոնց սքինհեդները սպանել, մորթել կամ գնդակահարել են մեկ տարվա ընթացքում (դրանք ընդամենը պաշտոնական տվյալներ են, իրականում զոհերի թիվն ավելի մեծ է)։ Բոլոր զոհերն այլազգիներ են, հիմնականում Կովկասից են։ Կարծում եմ, «Լա՞վն է արդյոք մեր կյանքը» հարցին ես պատասխանեցի։

Հ.Գ.
Գարրի Բարդինը նշեց նաեւ, որ «Ռուսաստան-88» ֆիլմը նկարահանելու համար իր որդին վաճառել է սեփական բնակարանը: Նա դրա համար չի ափսոսում. քանի որ 2 մլն մարդ այդ ֆիլմը «քաշել» է ինտերնետից ու դիտել է, ուրեմն ամեն ինչ կարգին է։