Ստվերային ճնշումներ

16/10/2010

«Սարդարապատ» նախաձեռնության Ազգային խորհրդարանի հերթական նիստում ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը` ներկայացնելով ՀՀ դատական համակարգի խնդիրները, ասել է, թե Հայաստանի դատական իշխանության հիմնական պրոբլեմը ոչ անկախ լինելն է. «Դատարանների վրա ճնշումներն այսօր իրականացվում են ստվերային մեխանիզմներով: Այսօր դատական համակարգի մասին օրենսդրությունով դատական համակարգը կարգավորում է հիմնականում դատավորներից բաղկացած Արդարադատության խորհուրդը, ինչն առերեւույթ բացառում է դատական իշխանության վրա կողմնակի ճնշումները: Իրականում, սակայն, դատարանների վրա այսօր ստվերային ճնշումներ են իրականացվում»: Նա հիշեցրեց Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանին պաշտոնից հեռացնելու դեպքը՝ միաժամանակ նշելով, որ այդ դատավորի գործունեությունն իրեն հիմք չի տվել համակրելու նրան: «Ի՞նչ տեղի ունեցավ. ՀՀ նախագահը կարճ ժամանակում որոշեց եւ իր որոշումն ի կատար ածեց, Վճռաբեկ դատարանի նախագահն ազատվեց զբաղեցրած պաշտոնից, եւ այլ նախագահ ընտրվեց: Սա նշանակում է, որ մեր դատական համակարգն այսօր ուղղակի կախված է ՀՀ նախագահից եւ գործադիր իշխանությունից: Դա ապացուցելու կարիք, ինձ թվում է, այստեղ չկա, մնում է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով են իրենք ներգործում դատավորների վրա»,- ասել է նա: Հ. Ալումյանը դատավորների վրա ստվերային ճնշումները ներկայացնելիս անդրադարձել է նաեւ օլիգարխների կողմից դատավորների վրա եղած ճնշումներին` ասելով. «Օրինակ, իմ պրակտիկայից ես անգամ գիտեմ այնպիսի դեպքեր, որ անպայման չի, որ օլիգարխի անունից ինչ-որ մեկը զանգահարի, անպայման չի, որ օլիգարխը կամ նրա մոտիկներից մեկը դատավորին փող առաջարկի, չէ: Զուտ իր նախաձեռնությամբ, ինչ-որ մի ծառայություն մատուցելու համար, դատավորը պատրաստ է նրա օգտին կայացնել վճիռը` գուցե հետագայում ակնկալելով ինչ-որ օգուտներ»: