Ուժը չպատեց

19/10/2005

Մեր պետավտոտեսուչները բացարձակ անզոր են պայքարել փողոցային երթեւեկության կանոնները խախտող, «ծիծակ» պետհամարանիշներով երթեւեկող մեքենաների վարորդների դեմ: Փոխարենը, պետավտոտեսուչները առանձնահատուկ ջանասիրությամբ են հարձակվում սովորական քաղաքացիների վրա: Շաբաթ օրը Աբովյան-Տերյան փողոցների խաչմերուկում ականատես եղանք, թե ինչպես թվով 7 ավտոմեքենաներ, խախտելով երթեւեկության կանոնները, կանգնել էին մայթի վրա: Նրանց մոտեցած Երեւան քաղաքի ՊԱՏ տեսուչներից մեկը պահանջեց փաստաթղթերը: Երիտասարդները համառորեն չտվեցին որեւէ փաստաթուղթ: «Դե կտենաք` ձեր ավտոները ոնց եմ պլաշչադկա տանելու: Ինձ երեւի լավ չեք ճանաչում, ես քաղաքի ԳԱԻ-ի սպեցզվոդի ԲՏՌ Կարենն եմ»,- իր խոսքը հայհոյանքներով համեմեց զայրացած պետավտոտեսուչը: Ի պատասխան այդ ամենին` երիտասարդներից մեկը, բջջային հեռախոսով զանգահարելով իր ծանոթներից մեկին, հեռախոսը փոխանցեց «ԲՏՌ Կարենին»: Ընդամենը մի քանի բառ փոխանակելուց հետո պետավտոտեսուչը խելոք հեռացավ: «Ուղղակի բախտներդ բերեց»,-հայտարարեց խեղճացած «ԲՏՌ»-ը: Ինչպես նկատեց այդ պահին միջադեպին ականատեսներից մեկը՝ «Էդ «ԲՏՌ»-ը խի՞ միանգամից սսկվեց, երեւի զանգել էին պռատիվատանկովի գռանատներին»: Պետք է նկատենք, որ սա առաջին անգամը չէ, երբ պետավտոտեսուչները հոխորտալով մոտենում են «ծիծակ» համարներով օրինազանց վարորդներին, բայց ընդամենը մի քանի բառ փոխանակելուց, այստեղ-այնտեղ զանգահարելուց հետո մի բան էլ իրենք ներողություն խնդրելով հեռանում են: