Դատը հետաձգվեց

19/10/2005

«Մաքսային կոմիտեի նախագահը երկրի նախագահին զեկուցել է, որ հայտնաբերել է 1 մլրդ 500 մլն դրամի մաքսանենգություն: Փաստորեն, նա գիտակցաբար խաբել է նախագահին, հետեւաբար այս գործը բացահայտելուց հետո կպարզվի նրա խաբեությունը, ինչը քրեորեն պատժելի արարք է»,- երեկ Տնտեսական դատարանում հայտարարեց «Ռոյալ Արմենիա» ընկերության իրավաբան Գեւորգ Մինասյանը:

Պարոն Մինասյանի կարծիքով` «Ռոյալ Արմենիա» ընկերության համասեփականատեր Գագիկ Հակոբյանին եւ փոխտնօրեն Արամ Ղազարյանին կալանավորել են Մաքսային պետական կոմիտեի (ՄՊԿ) պատվերով: Նա ընկերության ղեկավարների կալանավորումը ուղղակիորեն պայմանավորում է Տնտեսական դատարանում քննվող քաղաքացիական գործով, համաձայն որի` «Ռոյալ Արմենիան» պահանջում է իր ներմուծած թվով 14 խմբաքանակ ապրանքների համար Կոմիտեի սահմանած մաքսային արժեքները ճանաչել անվավեր: Եվ ընկերության ղեկավարների ձերբակալումից հետո թվում էր, թե սուրճի շուրջ «Ռոյալ Արմենիա»-Մաքսային հակամարտությունը կավարտվի, բնականաբար, հօգուտ ՄՊԿ-ի: Պարոն Մինասյանը կանխատեսում էր, որ կկասեցվի նաեւ Տնտեսական դատարանում քննվող այս քաղաքացիական գործը: Կանխատեսումն իրականացավ. ՄՊԿ ներկայացուցիչ Կ.Կարապետյանը երեկվա նիստի սկզբում միջնորդություն ներկայացրեց քաղաքացիական գործը կասեցնելու համար: Դատարանը դատավոր Երվանդ Խունդկարյանի գլխավորությամբ` անհիմն համարելով՝ մերժեց ՄՊԿ-ի ներկայացուցչի այս միջնորդությունը, բայց բավարարեց մյուս՝ դատական նիստը հետաձգելու միջնորդությունը: Մաքսային կոմիտեն սկսել է հետապնդել նաեւ պարոն Մինասյանին: «Նախ` կոմիտեն իմ դեմ սադրանք, հարձակում, նույնիսկ հանցագործ ոտնձգություն է պատրաստում, քանի որ հայցվոր կողմի բացակայության դեպքում, ըստ օրենքի, գործը կարող է այլեւս չքննվել»,- ասաց պարոն Մինասյանը:

Ա.Ա.