«Վենետիկի հանձնաժողովն այդտեղ որեւէ լուրջ խնդիր չի տեսել»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Ընտրական օրենսգրքի նոր նախագծի հեղինակ Դավիթ Հարությունյանը` անդրադառնալով այդ նախագծով առաջարկվող` ընտրական հանձնաժողովներ կազմավորելու նոր կարգին: Այդ կարգի համաձայն` ԿԸՀ-ի եւ ԸԸՀ-ների անդամների թեկնածուներին առաջադրում են ոչ թե ԱԺ-ում ներկայացված կուսակցությունները, այլ ՀՀ օմբուդսմենը, Փաստաբանների պալատի եւ Վճռաբեկ դատարանի նախագահները: Կուսակցությունները կարող են առաջադրել միայն ՏԸՀ-ների անդամներին: «Մենք լավ գիտենք, որ բոլոր կեղծիքները կատարվում են տեղամասերում, եւ հետո դրանք վավերացվում են ԸԸՀ-ի եւ ԿԸՀ-ի կողմից: Դա կնշանակի, որ ՏԸՀ-ները կկատարեն կեղծիքներ, այդ հանձնաժողովի անդամները կգան հանցավոր համաձայնության, կեղծված ընտրությունները կվավերացվեն, եւ իշխանությունները դուրս կգան լեգիտիմ»,- ասել է ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը: