«Ապազգային» գամբիտ

14/10/2010

Հայերս շատ ենք սիրում հպարտանալ աշխարհում հաջողությունների ու փառքի հասած մեր հայրենակիցներով: «…յան» վերջավորությամբ ազգանուն ունեցողների հանդեպ հիվանդագին աստիճանի հասնող այդ սերը, սակայն, դրսեւորվում է միայն հեռվից, այնքան ժամանակ, քանի դեռ կոնկրետ մարդը տեղավորվում է միայն «ազգային-հայրենասիրական» ճոռոմ կաղապարների մեջ… Համաշխարհային հռչակ ունեցող հայազգի գործիչների մեջ շախմատիստ Գարրի Կասպարովն առանձնանում է նաեւ իր ակտիվ քաղաքական գործունեությամբ. մասնավորապես նա այն եզակի մտավորականներից է, ով համարձակվում է քննադատել Ռուսաստանի իշխանություններին եւ հանդես է գալիս արմատական ընդդիմության դիրքերից: Եվ հենց դրանով է, թերեւս, պայմանավորված, որ աշխարհի բոլոր ծայրերից հայազգի (եւ ոչ միայն) անուններին Հայաստան բերող ու մեծարող մեր իշխանությունները, մեղմ ասած, անտարբեր են աշխարհահռչակ շախմատիստի նկատմամբ: Իսկ ինչպե՞ս է ինքը` Կասպարովը վերաբերվում Հայաստանին, որեւէ կերպ նա իրեն կապված համարո՞ւմ է Հայաստանի հետ: Մոսկվայի մեր թղթակցին տված բացառիկ հարցազրույցում Կասպարովն, այս հարցին ի պատասխան՝ պատմել է անցյալ տարի իր հետ պատահած մի իրադարձության մասին: «Մոտ մեկ տարի առաջ ես Թբիլիսիում էի` Զուրաբ Ազմայփարաշվիլու 50-ամյակին… Սեղանի շուրջ իմ կողքին նստեց Սմբատ Լպուտյանը` Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավարը: Այո, ֆեդերացիայի նախագահը Սերժ Սարգսյանն է, սակայն ընթացիկ խնդիրները Լպուտյանի վրա են: Եվ նա ինձ ասում է. «Գարիկ, ինչո՞ւ Երեւան չես գալիս»: Ես պատասխանեցի. «Սմբատ, իսկ ո՞վ է ինձ հրավիրում Երեւան»: Տեսնեմ` մի տեսակ անհանգիստ շարժումներ է անում, երեւի անհարմար զգաց…: Ես շարունակեցի. «Հայաստանի իշխանությունները պատրա՞ստ են ինձ հրավիրելու: Նրանք կգնա՞ն Պուտինի հետ հարաբերությունները վատացնելու քայլին»: Ինձ համար պատասխանն այսօր ակնհայտ է»: