«Կարկատանային լուծում»՝ հանուն եվրոպացիների

14/10/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ԱԺ-ն նախօրեին հրապարակել է Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը, որով առաջարկվում է փոխել Կենտրոնական ընտրական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորման կարգը:

Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգիրքը փոփոխության է ենթարկվում ԵԽ ԽՎ բանաձեւերի եւ ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողների պահանջով: Այդ նպատակով ստեղծված ԱԺ աշխատանքային խումբը, որը գլխավորում է Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, մշակել է նոր Ընտրական օրենսգիրք, եւ դա նույնիսկ ներկայացվել է Վենետիկի հանձնաժողովին: Աշխատանքային խումբը ՀՀ քաղաքացիներին նաեւ առաջարկել է քննարկման համար դիտողություններ ու առաջարկներ ներկայացնել: Ամեն դեպքում այդ նոր տարբերակով առաջարկվում է, որ ԿԸՀ անդամներին պետք է նշանակի ՀՀ նախագահը՝ Մարդու իրավունքների պաշտպանի, Փաստաբանների պալատի նախագահի եւ Վճռաբեկ դատարանի նախագահի առաջադրած թեկնածուներից: ԿԸՀ նախագահին անձամբ նշանակելու է նախագահը: Գործող օրենսդրությամբ ԿԸՀ անդամներին առաջադրում են ԱԺ-ում ներկայացված կուսակցությունները: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն էլ կազմավորվում են ԿԸՀ-ի կողմից` քաղաքացիների դիմումների համաձայն: Եվ միայն Տեղամասային ընտրական հանձնաժողովներում է մասամբ պահպանվելու գործող տարբերակը` դրանք կազմավորվելու են ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցությունների կողմից: Բայց այստեղ եւս մեկ անդամ նշանակելու է հանրապետության նախագահը:

ԸՕ-ի այս նախագծի հիմնական հեղինակ Դ.Հարությունյանը երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե ԸԸՀ-ների կազմավորման այդ նոր տարբերակը մշակելիս իրենք հիմնվել են ընտրական հանձնաժողովներ կազմավորելու` աշխարհում տարածված մոդելների նախադեպերի վրա, որոնցում պահպանվում է կուսակցական ներկայացվածության կամ բացառապես պրոֆեսիոնալ կազմ ունեցող հանձնաժողովների սկզբունքը: Իսկ արդյո՞ք ԿԸՀ եւ ԸԸՀ անդամների նշանակման առաջարկվող տարբերակն իշխանությունների կողմից ավելի վերահսկելի չի դարձնի ընտրական պրոցեսը, կամ ավելի վերահսկելի չի դարձնի նույն հանձնաժողովներին: Դ.Հարությունյանը պատասխանեց, թե Վենետիկի հանձնաժողովն այդտեղ որեւէ լուրջ խնդիր չի տեսել: «Մի քանի դիտողություններ արեցին, որոնք մենք հաշվի առել ենք: Բայց ընդհանուր առմամբ ես չեմ կարծում, որ սրանով ընտրությունները կարող են լինել վերահսկելի: Ավելին պետք է ասեմ` ես չէի ասի, թե ԿԸՀ-ի եւ ԸԸՀ-ների դերը վերահսկելի կամ ոչ վերահսկելի գործընթացում շատ մեծ է: Ընտրությունների պրոցեսի կազմակերպման համար շատ կարեւոր է նորմատիվ ակտերի մշակումը: Ես կարծում եմ. որ դա պետք է թողնել քննարկմանը, եւ տեսնենք, թե դա արդյո՞ք վերահսկելի է, թե՞ ոչ»,- ասաց Դ.Հարությունյանը: Ավելացնենք նաեւ, որ ՀՀ իշխանությունների կողմից ԵԽ ԽՎ ներկայացված բարեփոխումների քարտեզի համաձայն՝ Ընտրական նոր օրենսգիրքը պետք է ընդունված լինի համապետական ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ: Այսինքն` մինչեւ 2011-ի մայիսը այս օրենսգիրքը պետք է ընդունվի: Դ.Հարությունյանը վստահեցրեց, որ այն ավելի շուտ էլ կընդունվի: Իսկ ԿԸՀ-ում «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված, բայց այսօր ՀԱԿ-ի համակիր Զոյա Թադեւոսյանը հանձնաժողովներ կազմավորելու առաջարկված տարբերակը համարեց «կարկատանային լուծում»: Նա գտնում է, որ ճիշտ կլինի, եթե իշխանությունները պատասխանատվություն ստանձնեն ընտրությունները կազմակերպելու, անցկացնելու ողջ գործընթացում: «Եթե ԿԸՀ-ն, ԸԸՀ-ները կազմավորվելու են նախագահի կողմից առաջարկված թեկնածուներով, ապա տեղամասային հանձնաժողովները եւս պետք է նախագահն առաջադրի, կամ դրա պատասխանատվությունը վերցնի պետությունը: Թե հիմա ով կառաջադրի, դա արդեն իրենց խնդիրն է: Բայց ոչ երբեք նման բաժանում»,- ասում է Զ. Թադեւոսյանը: «Մենք լավ գիտենք, որ բոլոր կեղծիքները կատարվում են տեղամասերում, եւ հետո դրանք վավերացվում են ԸԸՀ-ի եւ ԿԸՀ-ի կողմից: Դա կնշանակի, որ ՏԸՀ-ները կկատարեն կեղծիքներ, այդ հանձնաժողովի անդամները կգան հանցավոր համաձայնության, կեղծված ընտրությունները կվավերացվեն, եւ դրանով ցանկացած ընտրակեղծիքից հետո իշխանությունները դուրս կգան լեգիտիմ: Սա ամենավտանգավոր տարբերակն էր, որ կարելի էր պատկերացնել: Ուղղակի ես արդեն սկսում եմ մտածել, որ մեզ մոտ կեղծիքների ուղղությամբ մեր տրամաբանությունն ավելի սուր է, հստակ եւ կտրուկ, քան իրականում արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ կատարելու ձգտումը: Սա չափազանց վտանգավոր եւ անընդունելի տարբերակ է: Կամ պետությունը պետք է վերեւից ներքեւ վերցնի իր վրա պատասխանատվությունը, կամ իրականում պետք է լինի հավասար ներկայացվածություն` ընդդիմություն եւ իշխանություն»,- ավելացնում է նա: Վերջինս նաեւ գտնում է, որ պետք է ընդլայնվեն վստահված անձանց լիազորություններն այնքան, որ նրանք արձանագրությունները ստորագրելու իրավունք ունենան եւ լինեն անձեռնմխելի: «Ես կիսատ-պռատ մեխանիզմներին դեմ եմ, դա լղոզված, թույլ, անվստահելի տարբերակ է: Ես ենթադրում եմ, որ այս տարբերակով իշխանությունները կարող են համաձայնության գալ ՏԸՀ-ում ներկայացված կուսակցությունների հետ, որ ԱԺ ընտրություններում նրանք կունենան համապատասխան մանդատներ, միայն թե նախագահական ընտրությունների ժամանակ լռեն եւ վավերացնեն ոչ լեգիտիմ ընտրությունները»,- ասում է Զ. Թադեւոսյանը: