Իշխող Հանրապետական եւ իշխանական երկրորդ ուժը համարվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ պայքարն արդեն բացահայտ ու անթաքույց դրսեւորումներ է ստանում:
ՀՀԿ-ականները խոսում են ԲՀԿ-ին թուլացնելու մասին (այդպիսի տպավորություն են թողնում նաեւ ՀՀԿ-ի քայլերը), ԲՀԿ-ն կարողանում է ընդամենը կոռեկտության կոչել իր ավագ գործընկերոջը: Եվ այս երկու ուժերի միջեւ նախընտրական բացահայտ պայքարն այս անգամ բավական շուտ` ընտրություններից ավելի քան մեկուկես տարի առաջ սկսվեց: Թեեւ լարվածությունը նրանց միջեւ սկսվել էր ավելի վաղ, եւ «ամեն ինչ դեռ առջեւում է»: Ամեն դեպքում քաղաքական դաշտում ունեցածից էլ ավելի տեղ զբաղեցնելու համար ընթացող մրցակցությունն ակնհայտ է:
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը բավական երկար ընդմիջումից հետո անցած հինգշաբթի Ազգային ժողով էր եկել եւ հայտարարել, թե «պայքարում են, որ կարողանան 50+1 ունենան, որպեսզի կարողանան իրականացնել իրենց որոշումները»: Այս հայտարարությունը, բնականաբար, կարելի է մեկնաբանել ամենատարբեր տեսանկյուններից: Նախ, կարելի է ասվածը հասկանալ այն իմաստով, որ իսկապես ԲՀԿ-ն պայքարում է հաջորդ խորհրդարանում մեծամասնություն ունենալու, հետագայում` իշխանությունն ամբողջությամբ իր ձեռքը վերցնելու համար: Բայց հայաստանյան իրականության մեջ դա գործնականում անհնար է, որովհետեւ ընտրությունները անցնելու են
ՀՀԿ-ի իշխանության ներքո, եւ ակնհայտ է, որ իշխող հանրապետականները դա թույլ չեն տա: Դա գիտակցում են նաեւ ԲՀԿ-ում: Հետեւաբար, Գ. Ծառուկյանն իր այս հայտարարությունը արել է՝ որպես «դասական նախընտրական կարգախոս». ցանկացած քաղաքական ուժ չի կարող ասել, թե պայքարում է 10 կամ 20 տոկոս ունենալու համար: Նույնիսկ Հմայակ Հովհաննիսյանն է հայտարարում, թե իր` դեռեւս չձեւավորված անկուսակցականների միավորումը հաջորդ խորհրդարանում մեծամասնություն է ունենալու, ուր մնաց թե նման երազանքներ չունենա գործող խորհրդարանի երկրորդ ուժը, որը ֆինանսական ահռելի ռեսուրսների է տիրապետում: Այս միտքը վերջերս հայտնhեց նաեւ նորաթուխ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը` հայտարարելով, թե չկա որեւէ զինվորական, որ չուզենա գեներալ դառնալ: Նույն տրամաբանությամբ էլ Գ. Ծառուկյանը ցանկանում է, որ իր ղեկավարած կուսակցությունն «ունենա 50+1»: «Սա նորմալ եմ համարում, որովհետեւ ամեն քաղաքական ուժ, ով ծրագրեր է առաջարկում, պետք է ձգտի առաջին տեղին: Ձգտումը պետք է լինի, եւ ոչ միայն ԲՀԿ-ի, այլ մյուս քաղաքական ուժերի մոտ: Մենք էլ ենք ասում, որ այդ 50+1-ը մենք կլինենք»,- իր հերթին ասում է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
Բայց այս ամենով հանդերձ՝ թվում է, թե ԲՀԿ-ի իրական պայքարը ոչ թե ՀՀԿ-ի հետ է կամ մեծամասնություն ունենալու նպատակ ունի, այլ ուղղված է առաջին հերթին ունեցածը պահպանելուն: ՀՀԿ-ում արդեն գրեթե չեն թաքցնում, որ ցանկանում են հաջորդ խորհրդարանում քանակով երկրորդ ուժի դերում տեսնել «Օրինաց Երկիր» կուսակցությանը: Դա ակնհայտ է նաեւ հաշվի առնելով «ՕԵԿ»-ին ուժեղացնելու իշխանությունների քայլերը: Իսկ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր հերթին հայտարարում է, թե այլեւս նախագահ դառնալու ցանկություն չունի: Պարզ է, որ նման «զիջման» համար գոնե երկրորդ ուժի կարգավիճակ պետք է ստանա: Ո՞ր կուսակցությունը կարող է նման անձնազոհությամբ ծառայել նախագահ Սերժ Սարգսյանին: Բացի այդ, թերեւս Ա. Բաղդասարյանը գիտակցում է, որ առհասարակ իր եւ իր կուսակցության շանսերը որեւէ ընտրությունների մեջ մասնակցելու եւ հաղթելու` գրեթե զրոյի հավասար են: Հատկապես, որ Հայաստանի կուսակցական բազմազանության մեջ բավականին դժվար է նոր կուսակցություն ստեղծելը: Հայաստանում գրանցված են մոտ 7 տասնյակ կուսակցություններ: Եթե ՀՀԿ-ն հայտարարում է, թե ունի 200.000 անդամ, ԲՀԿ-ն` 400 հազար, ՕԵԿ-ը՝ մոտ 140 հազար, «տակը բան չի մնում»: Հատկապես, որ իշխանություններին ընդդիմադիր ընտրազանգվածն էլ իր հերթին այդ երեք կուսակցությունների հայտարարած անդամների գումարից ավելին կլինի: Ապացույցը 2008-ի նախագահական ընտրություններից հետո ընդդիմության հանրահավաքներին մասնակցողների քանակն է: Եվ այս պարագայում նոր կուսակցություն ստեղծելը եւ դրա համար անդամներ ապահովելը բավականին դժվար գործ է: Վերջին տարիներին նոր ուժեր ստեղծելու փորձեր արվեցին, բայց դրանք հաջողություն չունեցան: Այնպես որ, ՀՀԿ-ի ֆավորիտը մնում է ՕԵԿ-ը: Հենց այստեղ է, որ ԲՀԿ-ականների նյարդերը տեղի են տալիս: Եվ իրականում ԲՀԿ-ի պայքարը ՕԵԿ-ի դեմ է, կամ ավելի շուտ` ՀՀԿ-ի դեմ է ՕԵԿ-ի պատճառով: Այնպես որ, ներկոալիցիոն այս փոխհրաձգությունը կարելի է համարել խանդի տեսարան կամ իշխող ՀՀԿ-ի առաջին սիրելի ուժը լինելու մրցակցություն: Սա` կարճաժամկետ կտրվածքով:
Իսկ երկարաժամկետ հեռանկարում այս ուժերը հեռուն գնացող ծրագրեր են մշակում ու փորձում նոր անդամներով համալրել իրենց շարքերը: Ու թեեւ գոնե առայժմ նոր ֆորմալ կուսակցությունների ստեղծումն այնքան էլ ակտիվ չի ընթանում, բայց քաղաքական խմբավորումներ, այնուամենայնիվ, ստեղծվում են: Օրինակ, Ս. Սարգսյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ համարվող գործարար Բարսեղ Բեգլարյանի հիմնադրած «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը կամ «Հանուն հայության հարատեւման» շարժումը: Կամ` տարբեր մի քանի կուսակցությունների անդամակցած Հմայակ Հովհաննիսյանը, ով հայտարարել է, թե 2012թ. ընտրություններին մասնակցելու համար ստեղծում է անկուսակցականների միավորում, եւ անխնա քննադատում է ՕԵԿ-ին, ՀՀԿ-ին ու դիֆերամբներ է ձոնում ԲՀԿ նախագահին: Ի դեպ, չի բացառվում, որ Հ.Հովհաննիսյանն իր այս միավորումը ստեղծում է Գ. Ծառուկյանի միջոցով ու միջոցներով, թեեւ առայժմ ինքը` Հովհաննիսյանը, դա հերքում է:
Իր հերթին ԲՀԿ-ն որոշակի բարեգործություններ է կատարում ու դա ներկայացնում է հանրությանը, ՀՀԿ-ն էլ` վարչական լծակներն օգտագործելով, որոշակի ծրագրեր է իրականացնում ու դա վերագրում կուսակցությանը: Գ. Ծառուկյանը ուսանողների որոշակի խմբի կրթաթոշակներ է հատկացնում, նույնն անում է նաեւ «Բարեպաշտ սերունդը»: Գ. Ծառուկյանը Օլիմպիական կոմիտեի նախագահն է ու հովանավորում է այն, տներ ու մեքենաներ է նվիրում որոշ սպորտսմենների, իսկ նախօրեին ՀՀԿ-ի շարքերը համալրած` Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը կարծես միտումնավոր նույն Գ. Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության եթերից հայտարարում է, թե պատրաստվում են բնակարանային ծրագրեր իրականացնել մարզիկների, արվեստագետների ու այլ խավերի երիտասարդ ընտանիքների համար: «Մրցակցության» շարքը կարելի է երկար շարունակել: Այս բոլոր քայլերը ունեն մի նպատակ` հնարավորինս շատ ընտրազանգված գրավել:
Ամեն դեպքում իշխանական քաղաքական ուժերը երկու մասի են բաժանված` գործող եւ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջեւ: Եվ որքան էլ ԲՀԿ-ն փորձի ինքնուրույն խաղալ, միեւնույն է, այն դեռ, գոնե հասարակության գիտակցության առումով, կրում է Ռ. Քոչարյանի ազդեցությունը: Նախկին նախագահը դեռ փորձում է ազդեցություն ունենալ քաղաքական դաշտի վրա: Եվ չի բացառվում, որ առաջիկա նախագահական ընտրություններին առաջադրվի եթե ոչ ինքը, ապա իր թեկնածուն: Իզուր չէ շրջանառության մեջ դրվել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի անունը: Ի դեպ, 2008-ին էլ նման խոսակցություններ կային: Իմիջիայլոց նշենք, որ Օսկանյանը տեւական ժամանակ է` խստորեն քննադատում է գործող իշխանություններին ու նույնիսկ իր բացթողումներն է նրանց վերագրում:
Հ.Գ. Որքան էլ վերը նշված վարկածներն ու տեղեկություններն ակտիվորեն քննարկվեն քաղաքական կուլիսներում, պետք չէ բացառել, որ դրանք կարող են արհեստական լինել` մտածված եւ շրջանառության մեջ դրված հենց իշխանությունների կողմից: Մեծ հաշվով, խնդիրը իշխանական ընտրազանգվածը, ավելի ճիշտ` քվոտաները բաշխելու «բազարներն» են, որոնք իրականում կապ չունեն ընտրություններին հասարակության մասնակցության հետ: Այս հաշվարկներում հասարակության մասնակցությունը հաշվի է առնվում այնքանով, որքանով հայտնի է, որ ընտրազանգվածի մեծ մասն ընդդիմադիր տրամադրվածություն ունի: Ավելին, գրեթե նույնպիսի գործընթացներ են տեղի ունենում նաեւ ընդդիմադիր դաշտում, եւ բացառված չէ, որ նույն ընդդիմադիր ընտրազանգվածը եւս մասնատվի տարբեր ուժերի միջեւ: Մի խոսքով, առնվազն այս պահին ԲՀԿ-ՕԵԿ-ՀՀԿ եռանկյունու հարաբերությունները ավելի շատ իրարից «խռովածների» լեզվակռիվ են հիշեցնում, որն էլ դարձել է քաղաքական քննարկումների հիմնական թեմաներից մեկը: Այնպես, ինչպես ժամանակ առ ժամանակ ակտիվանում, ապա մարում են Ս. Սարգսյանի ու Ռ. Քոչարյանի միջեւ հնարավոր կամ անհնար հակասությունների մասին խոսակցությունները: