Կատարվեց: Յոթանասունականներից ի վեր փայփայվող երազանքը կարծես թե միս ու արյուն է ստանում: Հայ ֆուտբոլասերն արթնանում է թմբիրից ու խուժում մարզադաշտ: Վերջին անգամ ե՞րբ եք հիշում այսքան ոգեւորված հայերի` Երեւանի փողոցներում: Ընդամենը երկու արժանապատիվ խաղ, երկու հաղթանակ, եւ մարդիկ գրեթե երկրպագում են իրենց նորօրյա կուռքերին: Հայաստանի հավաքականը հաղթական հավաքական է:
Այժմ փորձենք վերանալ իրողության մոտիկությունից ու կատարվածը դիտարկենք, ասենք, 2011 թվականի փետրվար-մարտի տեսանկյունից: Բարդ, բայց անլուծելի խնդիր չէ: ԵՎՐՈ-2012-ի ընտրական Բ խմբի առաջատարները, Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականները (նկատեցի՞ք, ինչ հաճելի հնչեց) մարտի 26-ին Երեւանում կվիճարկեն հերթական երեք միավորը, եւ այդ խաղը կարող է խմբում վճռորոշը դառնալ: Հայաստանն իրոք բացառիկ հնարավորություն ունի իր նորագույն ֆուտբոլային պատմության նոր էջը բացելու, եւ այն կարող է լինել վառ, շատ վառ: Անցած 4 խաղերի տրամաբանությունը ցուցադրեց, որ մեր ազգային հավաքականը անչափ մեծ պոտենցիալի է տիրապետում, այնքան մեծ, որ նույն ոճով ջախջախում է թե խմբի անվերապահ առաջատարին (Սլովակիա), թե անվերապահ ետնապահին (Անդորրա): Վարդան Մինասյանին կարծես թե հաջողվել է գտնել այն բանալին, որը նրանից առաջ փնտրում էին մեր հավաքականի բոլոր նախկին մարզիչները: Ոմանք, ինչպես Յան Պորտերֆիլդը, ինչ-որ բան գտնում էին, մեկ-երկու խաղում մեր թիմը կարողանում էր համոզիչ լինել, բայց դրանով էլ սահմանափակվում էր: Ոմանք ոչինչ չէին գտնում, նրանք ավելի շատ էին: Իսկ Մինասյանի հավաքականն արդեն 4 խաղ անընդմեջ համառորեն իր ոճն է պարտադրում: Իռլանդիային պարտվելը պատահականություն էր, նման խաղով պարտվել չէր կարելի: Կար խաղ, կար խաղային ձեռագիր, չկար մրցակցային փորձ: Մակեդոնացիներին նրանց իսկ դաշտում պարտավոր էինք հաղթել, այդ ոչ-ոքին ավելի շուտ դժբախտ պատահար էր, քան խաղի տրամաբանական արդյունք: Մրցակիցն ուղղակի չէր հասկանում՝ ի՞նչ հակադրել հայերի թիմային արագությանը: Սլովակները մեզ հյուր եկան իրենց «օրինական» երեք միավորի ետեւից, բայց հանկարծ բացահայտեցին, որ իրենց` աշխարհի չեմպիոն Իտալիային Հարավային Աֆրիկայում ծնկի բերողներին պայմաններ են թելադրում: Նրանք նույնիսկ չհասցրեցին հասկանալ՝ ինչո՞ւ եւ ինչպե՞ս: Հիմա արդեն բավական ժամանակ ունեն պատասխանը փնտրելու: Հաջորդը Ռուսաստանի հավաքականն է: Մրցաշարային իրավիճակը պարտադրում է հաղթանակ, եւ, եթե կողմնակի հանգամանքները չխանգարեն, իսկ Վարդան Մինասյանը պահպանի գտնված ոճը, անիրական ոչինչ չկա, կարող ենք ռուսներին էլ հաղթել: Մեր օգտին է թեկուզ հենց միայն ռուսական մամուլի վերաբերմունքը: Նրանք վստահ կարծիք են հայտնում, որ Հայաստանի ընտրանին չի դիմանա երկար տարածությանը եւ ուժասպառ կլինի: Երեւի սլովակներն էլ էին այդպես կարծում: Թող կարծեն, միայն թե դաշտում է ամեն ինչ որոշվելու եւ ոչ մամուլի էջերում: Թող փորձեն լուծել «ՄՄՄ» հանելուկը (Մխիթարյան-Մովսիսյան-Մանուչարյան), թող փորձեն բացահայտել անթառամ Բերեզովսկու գաղտնիքը: Մենք կփորձենք հակադրել մեր ճշմարտությունը: Հուսամ` հաջողությամբ: Եվ արդեն հնարավոր կլինի ասել, որ բարոյական հաղթանակների, երբ աշխարհի հզոր թիմերին նվազագույն հաշվով պարտվելը համարվում էր մեծ ձեռքբերում, ժամանակներն անցել են, եկել է ֆիզիկապես հաղթելու եւ հայկական ֆուտբոլի նախկին հմայքը վերականգնելու ժամանակը:
Ոսկան ՄԱՄԻԿՈՆՅԱՆ