Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը դրական է գնահատում կուսակցության մասնակցությունը Բաքվում երեկ ավարտված Սոցինտերնի համաժողովին:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մանոյանը փոխանցել է, որ համաժողովի օրակարգային հարցերից մեկը եղել է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման հարցը, որի շրջանակներում կենտրոնական է դիտարկվել Ղարաբաղի հարցը եւ որին անդրադարձել են տարբեր երկրների ներկայացուցիչներ: «Օրինակ, մեկ շեշտադրում կար Բելառուսից, որ սա միայն Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին չի վերաբերում. սա բոլորիս է վերաբերում, որովհետեւ այս տարածաշրջանում այս հարցի կարգավորումը կբերի նոր հնարավորություններ բոլորին»,- ասել է Մանոյանը: Սոցինտերնին մաս կազմող եւ Ադրբեջանը ներկայացնող ընդդիմադիր պատվիրակներն ասել են, որ իրենք իշխանության հետ ունեն տարաձայնություններ, բայց միանգամայն համակարծիք են Ղարաբաղի հարցում: Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Արազ Ալիզադեն, օրինակ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ասել է, թե իրենք ցույց տվեցին, որ «կարող են խոսել, երկխոսություն անցկացնել, բայց իրենց հողերը որեւէ մեկին չեն տալու»:
Ղարաբաղյան բանակցություններին վերաբերող հարցին ՀՅԴ անդամը պատասխանել է. «Բանակցությունների հիմնական նպատակը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը: Եվ, եթե փոխզիջումներ պետք է լինեն, այդ փոխզիջումները պետք է լինեն համահավասար, համաչափ, միաժամանակյա»: