Այս փոքրամարմին, ժպտերես եւ հումորով լի անձնավորությունն իրականում շատ լուրջ դեմք է համաշխարհային գիտության մեջ. Լեսլի Սեյջ։ Սկսնակ եւ ոչ սկսնակ աստղագետներից ու ֆիզիկոսներից շատերն ամեն ինչ կտային, որպեսզի իրենց գիտական հոդվածն արժանանա Լեսլի Սեյջի հավանությանը։ Միայն դրանից հետո հոդվածը կարող է հայտնվել «Nature» հանդեսի էջերում։ Լեսլի Սեյջն այդ հանդեսի ավագ խմբագիրն է՝ ֆիզիկական գիտությունների գծով։ Գիտության մարդկանց համար սա արդեն ամեն ինչ ասում է։ Իսկ ովքեր ծանոթ չեն «Nature»-ին, մի քանի բառով ծանոթացնենք։
Այսպես, «Nature»-ն աշխարհի ամենահին եւ ամենահեղինակավոր գիտական հանդեսներից մեկն է։ Առաջին անգամ այն լույս է տեսել 1869 թվականին։ Տպագրում է հիմնականում բնագիտական հոդվածներ։ Տպաքանակը 53.000 է, սակայն ընթերցողների թիվը (որոնք հիմնականում գիտնականներ են) գերազանցում է 400.000-ը։
«Nature»-ում տպագրվելը յուրաքանչյուր գիտնականի երազանքն է։ Բանն այն է, որ հանդեսում տպագրված հոդվածները շատ հաճախ են որպես աղբյուր հիշատակվում, իսկ հեղինակը լայն ճանաչում է ձեռք բերում գիտության ոլորտում։ 2009թ. քիմիայի եւ բժշկության ոլորտում «Nature»-ը ճանաչվել է «Դարի ամսագիր»։ Հետեւաբար զարմանալի չէ, որ հանդեսը գիտական հոդվածների ընտրության հարցում շատ խիստ է։ «Nature» ուղարկված հոդվածների մեծ մասը «մաղվում» է դեռ խմբագրին չհասած (հատուկ փորձագետ-գիտնականների միջոցով), որովհետեւ դրանք պետք է ներկայացնեն գիտության այս կամ այն ոլորտում շատ լուրջ առաջընթաց։ Առաջին անգամ հենց «Nature»-ում են հրապարակվել հետեւյալ հայտնագործությունները.
– ռենտգենյան ճառագայթների հայտնագործումը (W. C. Rentgen. On a new kind of rays. // Nature. – 1896)
– նեյտրոնի հայտնագործումը (J. Chadwick. Possible existence of a neutron. Nature, 129 (1932) 312).
– օզոնային անցքի առկայությունը (J. C. Farman, B. G. Gardiner and J. D. Shanklin. Large losses of total ozone in Antarctica reveal seasonal ClOx/NOx interaction. Nature, 315 (1985) 207-210).
– կաթնասունի առաջին կլոնավորման մասին (Դոլլի գառնուկը). (I. Wilmut, A. E. Schnieke, J. McWhir, A. J. Kind and K. H. S.Campbell. Viable offspring derived from fetal and adult mammalian cells. Nature, 385 (1997) 810-813).
Սա «Nature»-ի տպավորիչ ցանկի ընդամենը մի փոքր մասն է միայն։
– Հայաստանը փոքր երկիր է, քիչ ֆինանսական ռեսուրսներով։ Ի՞նչ եք կարծում՝ մեզ նման երկիրը հնարավորություն ունի՞ գիտության զարգացման գործում։ Եվ իմաստ ունի՞ մեծ ռեսուրսներ ծախսել ֆունդամենտալ գիտության զարգացման գործում։
– Դե, ես ինքս էլ փոքր երկրից եմ՝ Կանադայից։ Իհարկե, ձեր երկրի համեմատ այն մեծ է, բայց գլոբալ առումով փոքր է թե՛ բնակչության թվով, թե՛ ռեսուրսներով։ Իմ համոզմունքն այն է, որ կրթության մեջ կատարված ներդրումները միշտ էլ արդարացված են։ Երկիրը պետք է իր մարդկանց կրթելու համար ծախսի այնքան, որքան կարող է։ Իհարկե, գիտական ենթակառուցվածքների մեջ փոքր երկիրը չի կարող մեծ գումարներ ներդնել, սակայն այդ երկիրը, նրա գիտնականները կարող են մաս կազմել միջազգային մեծ պրոյեկտներին։ Ես գիտեմ շատ հայ գիտնականների, որոնք ակտիվ դերակատարություն ունեն միջազգային գիտական գործընթացներում։
– Դուք շա՞տ եք գիտական հոդվածներ ստանում Հայաստանից։
– Անձամբ ես ոչ մի անգամ հոդված չեմ ստացել ո՛չ Հայաստանից, ո՛չ էլ Ադրբեջանից կամ Վրաստանից։ Վերջին 17 տարվա ընթացքում մի երկու հոդված ստացել եմ Թուրքիայից, Իրանից, բայց դրանք այնքան էլ հաջող չէին։
– Իսկ ինչո՞վ կբացատրեք դա։ Այս երկրներում լուրջ մասնագետներ չկա՞ն, թե՞ պարզապես համագործակցությունը չի ստացվում։
– Փոքր-ինչ բարդ է այդ հարցին միանշանակ պատասխանելը։ Լուրջ գիտնականներ կան։ Կոնկրետ ձեր երկրի դեպքում, օրինակ, Գարիկ Իսրաելյանը։ Ես գիտեմ նաեւ այլ հայազգի լուրջ գիտնականների, որոնք աշխատում են ԱՄՆ-ում։ Խնդիրն այն է, որ փոքր երկրների ինստիտուտներում աշխատող գիտնականները, կարելի է ասել, կոմպլեքսավորվում են։ Միգուցե նրանց աշխատանքն, իրոք, շատ հաջող է, սակայն նրանք մտածում են՝ միգուցե լավը չի, միգուցե չհավանեն, միգուցե իրենց անգլերենի իմացությունը բավարար չէ։ Եվ չեն էլ փորձում ուղարկել։
– Երկրներ կան, որ երբեք լուրջ գիտություն չեն ունեցել, օրինակ, աֆրիկյան երկրները։ Եվ կան երկրներ, որոնք ունեցել են շատ լուրջ գիտություն, սակայն հիմնականում ֆինանսական դժվարությունների պատճառով այն հայտնվել է անմխիթար վիճակում։ Օրինակ` Հայաստանը։ Ի՞նչ եք կարծում՝ նրանք երկուսն էլ նույն զրոյական մակարդակի՞ց պետք է սկսեն զարգացնել գիտությունը, թե՞ այնուամենայնիվ մեզ նման երկրները՝ հարուստ գիտական անցյալով, ինչ-որ առավելություն ունեն։
– Երկիրը, որը երբեւէ հարուստ գիտական պոտենցիալ է ունեցել, անշուշտ, ավելի շահեկան վիճակում է։ Եթե գիտնականները արտագաղթել են, միեւնույն է՝ միշտ էլ կա նրանց վերադառնալու հնարավորությունը, համագործակցելու տեղի գիտնականների հետ։ Իսկ եթե մնացել են այստեղ, սակայն լուրջ գիտությամբ զբաղվելու համար պետությունը նրանց բավարար չափով չի ֆինանսավորում, կարող ենք մխիթարվել գոնե նրանով, որ կրթությունը ապագա ունի. այսինքն՝ կան լուրջ մասնագետներ, ովքեր վերջին հաշվով կարող են իրենց գիտելիքները փոխանցել գալիք սերնդին։ Աֆրիկյան երկրներում բոլորովին այլ իրավիճակ է։ Այնտեղ ուսուցիչների լուրջ խնդիր կա։
Կրթությունը միշտ էլ եղել է ավելի լավ կյանքի հասնելու ճանապարհը։ Բացի այդ, ազդում է նաեւ քաղաքական, սոցիալական վիճակը։ Նույն աֆրիկյան երկրներում, որտեղ քաղաքացիական պատերազմ է ընթանում, մարդիկ մտածում են ոչ թե գիտության, այլ այն մասին, թե որտեղից հայթայթեն իրենց օրվա հացը։
– Աշխատավարձը որքանո՞վ է կարեւոր գիտնականի, գիտության զարգացման համար:
– Այսպես ասեմ։ Աշխատավարձը կարեւոր է առաջին հերթին ուսուցչի համար՝ սկսած մանկապարտեզի դաստիարակչուհուց մինչեւ ավագ դպրոցի ուսուցիչներ։ Նրանց համար պետք է առավելագույն նպաստավոր պայմաններ ստեղծել։ Այս մարդիկ պետք է հպարտությամբ ասեն՝ ես ուսուցիչ եմ։ Այ սրանից է պետք սկսել։ Օրինակ, Կորեան դա արեց 40 տարի առաջ, եւ այժմ քաղում է դրա պտուղները։
– Փաստորեն, գիտությունը սկսվում է մանկապարտեզի՞ց։
– Միանգամայն ճիշտ է։ Իհարկե, ուսուցիչներն իրենք էլ պետք է պատրաստված լինեն, տիրապետեն, զգան այն նյութը, որն ուսուցանում են։
– Հայաստանում վիճակը բարդանում է նրանով, որ երեխաները սովորելու շարժառիթ չունեն։ Երեխան տեսնում է, որ լուրջ գիտնականը ապրում է շատ վատ կենցաղային պայմաններում, իսկ մարդիկ, ովքեր անգամ իրենց անունը չեն կարող ճիշտ գրել, միլիոններ են կուտակել։ Եվ սովորելու մոտիվացիան վերանում է։
– Այո, այդ խնդիրը կա, եւ ոչ միայն ձեզ մոտ։ Տարիներ առաջ Հոնկոնգում իմ գործընկերների հետ խոսում էինք այն մասին, որ գիտնականները քիչ են վարձատրվում։ Իհարկե, գիտնականին էլ են ապրուստի միջոցներ պետք՝ ընտանիքի կարիքները հոգալու համար։ Սակայն ես այսպիսի մի բան կասեմ. մարդիկ գիտնական չեն դառնում, որպեսզի հարստանան։ Նրանց գիտնական դարձնում է իմանալու, բացատրելու, բացահայտելու կիրքը։ Պետք չէ ձգտել նրան, որ երեխաների 30%-ը դառնան գիտնականներ, դա չլինող բան է։ Եթե նրանց 1-2%-ն անգամ զբաղվի լուրջ գիտությամբ, դա արդեն իսկ հաջողություն է։ Այդուհանդերձ, ավագ դպրոցն ավարտող երեխաները պետք է գոնե պատկերացում ունենան, թե ինչպես է աշխատում գիտությունը։ Նրանք պետք է հասկանան թվերի լեզուն, գոնե իմանան՝ ինչ բան է տոկոսը։ Տարիներ առաջ աֆրիկյան երկրներից մեկում էի, եւ տեղի համալսարաններից մեկը ցանկանում էր նոր առարկա մտցնել՝ գիտության մասին գրող լրագրողների համար։ Այսինքն՝ նրանք ուզում էին ամփոփ գիտական դասընթաց անցկացնել լրագրողների համար։ Ես նրանց ասացի, որ դա անիմաստ է։ Ընդամենը պետք է այնպես անել, որ ապագա լրագրողը (կամ պատմաբանը, դա էական չէ) պատկերացում ունենա, թե ինչպե՞ս է աշխատում գիտությունը, տիրապետի թվաբանությանը, հասկանա վիճակագրությունը։ Վերջիվերջո, նա ոչ թե գիտության աշխատող է, այլ մի մարդ, որը նորությունները հասցնում է հանրությանը՝ հասկանալի լեզվով։
– Դուք ինքներդ դասավանդո՞ւմ եք։
– Ոչ։ Իմ հիմնական աշխատանքը «Natur»-ում է։ Նախկինում ուսանողներ ունեցել եմ, նրանցից շատերի հետ մինչեւ հիմա կապ եմ պաշտպանում։ Նրանցից երկուսը Facebook-ում իմ ընկերներն են, եւ շատ ակտիվ շփվում ենք։ Ես սիրում եմ դասավանդել։ Սակայն, անգամ մեծ ցանկության դեպքում զբաղվածությունս թույլ չի տա այդ գործով զբաղվել։ Միգուցե ապագայում, երբ ազատ ժամանակս ավելի շատ կլինի, ես նորից ուսանողներ կունենամ։