Փոքրիկ ողբերգություններ

14/10/2010 Արա ԳԱԼՈՅԱՆ

Հետաքրքիր է դիտարկել Հայաստանում տեղեկատվության տարածման արագությունը: Հասարակական հնչեղության ցանկացած տեսանյութ մի քանի ամիս կարող է աննկատ մնալ «Facebook»-ում կամ «YouTube»-ում: Բայց բավական է դրանց անդրադառնան «ավանդական» լրատվամիջոցները` պատկերը փոխվում է: Հենց թերթերում հայտնվեց Պուշկինի անվան դպրոցի տեսանյութի մասին տեղեկատվությունը` հետեւանքները չուշացան: Դպրոցականին ծեծող ու վիրավորող ուսուցիչը աշխատանքից ազատվելու դիմում գրեց: ՀՀ Կրթության ու գիտության նախարարությունը քննարկեց կատարվածը: Քննարկեց ու դպրոցի տնօրենին նկատողություն արեց: Մոտավորապես այսպիսին էր պատկերը նաեւ բանակի մասին հայտնի տեսանյութից հետո: Ասվածից, իհարկե, չի կարելի եզրակացնել, որ նոր տեխնոլոգիաները Հայաստանում առայժմ «անելիք չունեն»: Ավելին, եթե աշակերտի ծեծի մասին տպագրվեր որեւէ թերթում, վստահաբար անհետեւանք կմնար: Կրթության ոլորտի պաշտոնատարները, դպրոցի տնօրենը, ուսուցիչները մամուլի այդ հրապարակումը հերյուրանք կորակեին: Աշակերտի ծնողներն էլ, որպես կանոն, չէին կարողանա պայքարել ու պաշտպանել իրենց երեխայի իրավունքները: Այսինքն` կարելի է արձանագրել, որ նոր տեխնոլոգիաները, մասնավորապես` Ինտերնետն իր սոցիալական ցանցերով, նոր որակ ներմուծեցին մեր հասարակական կյանք: Կոնկրետ այս դեպքում հետեւանքները նկատելի են: Կրթության նախարարությունը պարտադրված էր վերլուծել կատարվածը: Դպրոցի տնօրենն արդեն չէր կարող խուսափել լրագրողների միջոցով հասարակությանը բացատրություն տալուց: Իհարկե, չի կարելի ոգեւորված պնդել, որ շնորհիվ նոր սարքերի` տեսագրող հեռախոսների ու Ինտերնետի, բոլոր նման երեւույթներն արմատախիլ կարվեն: Սակայն ահագին բան կփոխվի: Մեր ուսուցիչների ազնիվ դասն արդեն գիտի, որ երեխային չի կարելի «դեբիլ» ու «լակոտ» անվանել: Դասարանում աշակերտներից մեկնումեկը կտեսագրի կամ կձայնագրի ու կհրապարակի: Այստեղ չպետք է մոռանանք նաեւ խոսել այն աշակերտների մասին, մասնավորապես` «էլիտար» պապաների զավակների, որոնց ընտանիքներում խրախուսվում է նման բառապաշարը եւ պահվածքը, ընկերների, մեծահասակների, ուսուցիչների հետ փողոցային բառապաշարով եւ կոշտ փոխհարաբերությունը: Ավելին, Պուշկինի անվան դպրոցի պես «էլիտար» դպրոցների տնօրեններն էլ այդ երեւույթը սիրալիր դեմքով հանդուրժում են. չէ՞ որ այդ երեխաների պապաները մի օր իրենց պետք են գալիս… Ինչեւէ: Կրթության ղեկավարությանը դժվար թե հաջողվի աշակերտներին արգելել հեռախոսով դպրոց գալ: Նման արգելք գործում է միայն Անգլիայում: Բայց այնտեղ արգելք սահմանողը կրթության ղեկավարները չէին, այլ Առողջապահության նախարարությունը: Պուշկինի անվան դպրոցում կատարվածը միայն հանրակրթության բացերը չէ, որ ի ցույց դրեց: Դպրոցական դասասենյակում կատարվածն արժանի է ավելի մանրամասն վերլուծության: Դեպքի մասին դպրոցի տնօրենից հայտնի դարձավ, որ նկարահանումը կատարվել է անցած ուսումնական տարում: Այն Ինտերնետում հայտնվել է դեպքից մի քանի ամիս անց: Ավելին, ըստ տնօրենի` քոթակ կերած աշակերտն արդեն մեկնել է Հայաստանից: Հեռախոսով նկարահանողը` նույնպես: Նախ՝ կարելի է եզրակացնել, որ աշակերտներն իրենց այնքան ապահովված չեն համարել, որ տեսանյութն անմիջապես տեղադրեին «Facebook»-ում: Աշակերտների ծնողները հավանաբար նույն մտահոգությունն են ունեցել:

Երկրորդ փաստը, որին կարելի է ուշադրություն դարձնել, նույնպես կապված է աշակերտների բացակայության հետ: Պարզ դարձավ, որ նույն դասարանից երկու աշակերտ արտագաղթել են: Մեկը՝ Ռուսաստան, մյուսը` ԱՄՆ: Արտագաղթի նորօրյա տեմպերի մասին մամուլում հիմա շատ են գրում: Իսկ այս փաստն ուղղակի ապացուցեց այն: Նույն դասարանից առնվազն երկու արտագաղթած աշակերտ: Դժվար թե սա պատահական զուգադիպություն լինի: Դպրոցի տնօրենը մամուլին տված բացատրության մեջ խոսում է նման աշակերտների մասին: Փաստորեն, մեր հանրակրթական դպրոցներում աշակերտների նոր խումբ է ձեւավորվել: Արտագնա աշխատանքի մեկնած ընտանիքների երեխաները տնտեսական անհաջողությունների դեպքում ժամանակավորապես վերադառնում են Հայաստան: Վերադառնում եւ մեկ-երկու տարի սովորում են մեր դպրոցներում, ու հենց ընտանիքը ֆինանսական հնարավորություններ է ունենում՝ նորից երեխային տանում է հայրենիքից: Ահա սոցիալական այսպիսի պատկեր ի ցույց դրեց «Facebook»-ում հայտնված տեսանյութը: Երրորդ փաստը` հասարակական բացասական հետեւանքների առումով, ավելի վտանգավոր է: Թե մամուլի քննարկումներում, թե կրթության պաշտոնյաների բացատրություններում ուշադրության չարժանացավ ուսուցչի բառապաշարը: Ավելին` նշվեց, թե տվյալ ուսուցիչը վաստակ ունեցող մանկավարժների ընտանիքից է եւ ինտելեկտուալ: Միայն ծեծի փաստը քննարկելիս ոչ ոք ուշադրություն չդարձրեց, որ մեր «տոհմիկ», «մտավորական» ու «ինտելեկտուալ» դասատուն աշակերտների ներկայությամբ «արա, կտամ գլոխդ կպոկվի» արտահայտությունը համեմում է «դեբիլ» ու «լակոտ» բառերով: Դժվար է երեւակայել, որ որեւէ մտավորական դեռահասի հետ կարող է խոսել նման բառապաշարով: Բայց այն, որ ուսուցչի բառապաշարը հասարակական քննարկումների թեմա չդարձավ` բացատրություն չունի: Որովհետեւ ավելի դժվար է պատկերացնել մի հասարակություն, որը համարում է, որ իր ուսուցիչն աշակերտի հետ նման բառապաշարով է հաղորդակցվում: Ահա այսպիսի տարօրինակ փաստեր, որ ի ցույց դրեց «Facebook»-յան մի տեսանյութ: Տեսանյութ, որ հնարավորություն տվեց դպրոցն ազատել նման մի մանկավարժից: Տեսանյութ, որ ապացուցեց, թե լրատվամիջոցներն իրական ազդեցություն ունեն: Տեսանյութ, որ փութաջանորեն հանվեց նախ՝ «Facebook»-ից, ապա՝ էլեկտրոնային լրատվամիջոցների կայքերից: Վերջին քայլը լրատվամիջոցներին պարտադրվեց հավանաբար այն պատճառով, որ շատ չոգեւորվեն այս փոքրիկ հաջողությունից: