Արդեն 15 տարի ԱՄՆ-ում բնակվող նկարիչ, քանդակագործ Սահակ Պողոսյանը պատրաստվում է հոկտեմբերի 21-ին «Գեւորգյան» ցուցասրահում ցուցահանդես բացել: Ըստ հեղինակի՝ Հայաստանը վիշապի մարմնի մակերես ունի: «Երբ թռչնի թռիչքի բարձրությունից նայում ես Հայաստանին, հասկանում ես, որ մեր երկիրը վիշապի է նման»,-ասում է նկարիչը: Նա գտել է նաեւ Հայաստանի գույնը: Գունային գամմայում հիմնականում իշխում է օխրան: Դարչնագույն, օխրային գույները Սահակ Պողոսյանը տեսնում է աթարի մեջ: Եվ հենց աթարն է իր ստեղծագործությունների նյութը: Ամերիկայում նկարիչը օգտագործում է ավելի մոդեռն, Ամերիկային բնորոշ նյութեր՝ պլաստմասսան եւ ապակին, իսկ Հայաստանում՝ աթարը, ասելով՝ «Մերը մերն է»: Հայկական տաճարները, քաղաքները եւ լեռնաշխարհը նրա ստեղծագործությունների մեջ պատկերվում են իբրեւ աթարակերտ վիշապներ: Նյութի շոկ առաջացնող ընտրությունը հեղինակին չի մտահոգում: «Նյութի հանդեպ վերաբերմունքն ինձ երբեւէ չի հետաքրքրել: Արվեստը պետք է զգացմունքներ եւ գրգիռ առաջացնի: Կարծում եմ, իմ ցուցահանդեսը բացասական զգացմունք չպիտի առաջացնի»,- ասում է նա: Սահակ Պողոսյանը նյութը հենց Հայաստանի գյուղերից է հավաքում, որպեսզի իր «մայրենիքի» պատկերն ամբողջական լինի: «Նյութին նատուրալիստական նայել պետք չէ, փոխաբերական նայեք»,- ասում է հեղինակը: Հայաստանի եռաչափ պատկերները նա ստեղծելու է ցուցահանդեսի բացումից մեկ օր առաջ՝ աթարով ստեղծելով տեղական լանդշաֆտը: