Օրեր առաջ «Էկոլուր» հ/կ-ն ահազանգ էր ստացել, ըստ որի` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գիլան» արգելավայրում կառուցված ռեստորանի շինաշխատանքները նոր թափ են առել: Հիշեցնենք, որ ռեստորանի շինարարական աշխատանքները դադարեցվել էին բնապահպանների բարձրացրած աղմուկի շնորհիվ: Բնապահպանական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանի հետ միասին իրական վիճակը պարզելու համար այցելեցինք «Գիլան» արգելավայր:
Այ քեզ դրախտ…
Խոսրով 2-րդ Կոտակ թագավորը երեւի չէր էլ պատկերացնի, որ շուրջ 17 դար հետո իր ստեղծած անտառում մերօրյա «պալատական» վերնախավը ռեստորանային օբյեկտի հիմքեր կդնի: 330-338թթ. Խոսրով 2-րդի կողմից հիմնված անտառը միայն 1958թ. ստացավ պետական արգելոցի կարգավիճակ: Արգելոցը ստեղծվել է բուսական եւ կենդանական աշխարհի պահպանման, բարելավման ու նոր տեսակների ստացման նպատակով: Այն զբաղեցնում է մոտ 27.000 հա տարածք, եւ սփռված է Գեղամա լեռնաշղթայի հարավ-արեւմտյան կողմում: Կենդանական աշխարհից հատկապես մեծ տարածում ունեն հայկական մուֆլոնը (վայրի ոչխար) եւ բեզոարյան այծը, թռչնաշխարհից` սեւ ցինը, գառնանգղը, արծիվը, իսկ սողուններից առավելապես տարածված է թունավոր գյուրզան: Այս անտառում են նաեւ պատմական հուշարձաններ Գեղարդը, Հավուց Թառը, Կաքավաբերդը, միջնադարյան կամուրջը: Մերօրյա օլիգարխների աչքից, բնականաբար, չվրիպեց այս անտառը: Եվ եթե Խորենացու հավաստմամբ՝ Խոսրով թագավորը արգելոցի տարածքում անտառատնկումներ էր կատարել, ապա մերօրյա օլիգոպոլիայի «նազիր-վեզիրներն» իրենց իրավունք են վերապահել ոչ միայն բնաջնջել դրանք, այլեւ գեղեցիկ «քեֆ-ուրախության» համար վայր ստեղծել: Իսկ զավեշտալի այս պատմությունը սկսվեց 2007թ. մայիսի 24-ին: Այդ ժամանակ ՀՀ Կառավարությունն ընդունեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում «Գիլան» պետական արգելավայր ստեղծելու մասին որոշումը, որը վավերացրեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ընդ որում, որոշման մեջ նշված է. «Բուսական եւ կենդանական աշխարհի պահպանման ու կայուն օգտագործումն ապահովելու նպատակով «Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ի կազմում ստեղծել «Գիլան» պետական արգելավայրը` ամրացնելով նաեւ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Բայբուրդ» կոչվող տեղամասը` 118 հա տարածքով եւ 60 տարվա վարձակալությամբ»: Իսկ «Գիլան» արգելավայրի տարածքի վարձակալության եւ կառուցապատման իրավունքը տրվեց «Հովազաձոր» ՍՊԸ-ին, որն իր գրանցումը ստացել էր 2007թ. սեպտեմբերին: Ի դեպ, ընկերության հիմնադիրներն են Կամո Խաչատրյանն ու Միխայիլ Բեզրուկովը: Մի հանգամանք եւս. «Գիլան» պետական արգելավայրի համապատասխան հողամասերը գյուղատնտեսական գործունեության համար կարող են տրվել 10 տարի, իսկ խոտհունձի համար՝ 5 տարի վարձակալական ժամկետով: Ինչեւէ, մինչ վարձակալների, այսպես ասած, հերթագրումն ու ցուցակագրումը, դրվեցին ռեստորանի հիմքերը: «Դրախտ ենք կառուցում, դրախտ…»,- ամիսներ առաջ բնապահպանների հարցին այսպես էին պատասխանել ռեստորանի շինարարությանը մասնակից բանվորները:
Ճանապարհ դեպի «Գիլանի» սիրտ
«Խոսրովի անտառ» տանող ճանապարհին բարակ երիզների պես ձգվել են աղբակույտերը: Սրանց զուգահեռ` հոսում է Ազատ գետի վտակը, որը մերթընդմերթ քարերից պոկում է աղբակույտի հերթական, այսպես ասած, չափաբաժինը: Ու մի տեսակ ներքին պայքար է սկսվում աղբի ու ջրի միջեւ: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի մասին վկայող հին ցուցանակից հետո ներքին պայքարը սկսվում է անցորդների ու քարուքանդ ճանապարհի միջեւ: Մուտքից ավելի քան 8 կմ հեռավորության վրա գտնվում է հայտնի «Գիլանը», որտեղ հասնելիս անցորդների աչքից չեն վրիպում սեփական տները: Արգելոցի տարածքում, բացի այս ընտանիքներից, մի ամբողջ գյուղ է գտնվում` Գիլանլարը: Գյուղն ունի շուրջ 30 տնտեսություն, բայց չունի մանկապարտեզ, դպրոց, բուժական հաստատություն, խանութ, անգամ` գյուղապետ: «Մենք ապօրինի չենք նստել: Մենք նստած ենք մեր սեփականության վրա: Սեփականության իրավունք չեն տալիս մեզ, ասում են` էս արգելոց ա, դուրս եկեք էստեղից, բայց մենք էս տները գնել ենք թուրքերից, ու դրա փաստաթղթերն էլ ունենք: Մինչեւ էսօր սա մեր սեփականությունն ա, բայց սեփականության իրավունքի փաստաթուղթ չեն տալիս: Մեր կռիվն էլ էդ ա»,- ասաց «Գիլան» արգելավայրի հարեւանությամբ նստած Բագրատ Աբրահամյանը` զարմանալով, թե ինչպես է Կառավարությունը ռեստորանանման կառույցի շինությունը համարում օրինական, իսկ մի ամբողջ գյուղի ճակատագրի նկատմամբ դառնում խիստ անտարբեր:
Կիսատ-պռատ «դրախտ»
Հայ օլիգարխների ձեռագիրն անգամ այստեղ նկատվեց. ընտրված քարի տեսակը եւ ռեստորանի անհասկանալի դիզայնն այնպիսի տպավորություն էին թողնում, ասես ուր որ է «ռաբիս» երգերի հիթեր են հնչելու: Ռեստորանի հիմքն ամբողջովին պատրաստ է, սակայն շինության բակում կուտակված ավազի վրա աճած խոտերից կարելի է ենթադրել, որ աշխատանքները, իսկապես, դեռ չեն շարունակվում: «Չէ, էստեղ ոչ մի աշխատանք էլ չի գնում»,- ասաց շինությունը հսկող երիտասարդ տղան` այլեւս խուսափելով պատասխանել մեր հարցերին։ «Դե ես մի ամիս ա` էստեղ եմ: Ու դաժե չգիտեմ էլ ի՞նչ են սարքում»,- ասաց նա: «Մի գեղեցիկ օր Բնապահպանության նախարարը, լրագրողները եկան: Եվ նախարարն իր հանձնարարականը տվեց մեզ, որ «Գիլան» արգելավայրում ոչ մի շինարարական աշխատանք չլինի: Եվ էդ հանձնարարականով մենք առաջ ենք շարժվում: Ոնց տեսնում եք` առաջ ոնց կար, այդպես էլ մնացել է»,- նշեց «Խոսրովի անտառ» արգելոցի Գառնու տեղամասի պետ Սարգիս Հովհաննիսյանը: Հարցին, թե, այնուամենայնիվ, ինչպիսի՞ն է լինելու այդ կիսակառույց շենքի հետագա ճակատագիրը, Ս. Հովհաննիսյանը պատասխանեց. «Չգիտեմ: Ուղղակի չգիտեմ»: Ինչ վերաբերում է վարձակալների կողմից տարածքի պահպանմանը, Գառնու տեղամասի աշխատակիցը նշեց. «Էդ հարցը կկարգավորվի էդպես. եթե մարդիկ իրավունք ունեն գնալ-գալու, նա էլ իրավունք ունի ճանապարհը փակելու, թույլ չտալու, որովհետեւ դա էլ նրա վարձակալված տարածքն է, ապա նրանք կդիմեն համապատասխան մարդկանց, ղեկավարության, իրենց հետ կլուծեն այդ հարցը»: Արգելոցի աշխատակիցների այսօրվա պարտականությունները «Գիլան» արգելավայրում սահմանափակվում են միայն բուսական եւ կենդանական աշխարհի պահպանմամբ, այսինքն` թույլ չտալ ծառահատումները, կանխել որսագողության դեպքերը: Սարգիս Հովհաննիսյանի հավաստմամբ՝ Գառնի տեղամասում իր գործունեության 12 տարվա ընթացքում ապօրինի որեւէ ծառահատման կամ որսագողության դեպք չի գրանցվել: Իսկ արդյոք պետական արգելոցում նման շինություն կառուցելը օրինակա՞ն է: Ս. Հովհաննիսյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ ասաց` անօրինական է: Ամբողջ հանրապետությունը գիտի, որ օրինական է: Անօրինական ո՞նց կարող է լինել, եթե Կառավարության որոշում կա, մարդիկ են բերել աշխատացրել: Ո՞նց կարող է անօրինական լինել: Դե, եթե անօրինական է` Դուք էլ բերեք սարքեք»: Մեր հաջորդ հարցին` եթե օրինական է, այդ դեպքում ինչո՞ւ են «սառեցրել» աշխատանքները, արգելոցի աշխատակիցը պատասխանեց. «Չեմ կարող այդ հարցին պատասխանել: Շինությունը գնում էր, մենք տեղյակ էինք, հետո սառեցվեց, իսկ դոկումենտացիան անձամբ ես չեմ կարդացել: Իսկ որտե՞ղ ա գրված, որ ռեստորան ա: Ո՞վ ասաց, որ ռեստորան ա: Չգիտեմ, թե ինչի համար է ծառայելու, բայց սա օրինական շինություն է: Ես այդպես գիտեմ»: Չնայած այսօր ժամանակավորապես դադարեցվել է շենքի շինարարությունը, բայց բնապահպանները շարունակում են մտահոգվել արգելոցի հետագա ճակատագրով` հատկապես հաշվի առնելով կառուցապատման մասին Կառավարության 3-րդ որոշումը: «Սա վտանգ է, որը պետք է կանխել` անկախ ամեն ինչից»,- ասում են բնապահպանները: