Աշխատանքի ֆրանսիական դեմոկրատական համադաշնությունը (CFDT) հայտնել է, որ երկրում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ուղղված բողոքի ակցիաներին մասնակցում է ռեկորդային թվով՝ մոտ 3,5 միլիոն մարդ: Գործադուլի կազմակերպիչների տվյալներով՝ ամենաբազմամարդը եղել է Փարիզի ցույցը, որին մասնակցել է 330.000 մարդ: Միեւնույն ժամանակ, սակայն, «Reuters»-ը նշում է, որ ցուցարարների թվի մասին իր վիճակագրությունը դեռեւս չի ներկայացրել Ոստիկանությունը: Իսկ նախորդ բողոքի ակցիաների ժամանակ արհմիությունների եւ իրավապահ մարմինների տվյալները խիստ տարբեր էին: Հայտնի է, որ փարիզյան գործադուլի հետեւանքով նախօրեին Փարիզի Օռլի օդակայանը սպասարկել է ավիաթռիչքների միայն կեսը, իսկ Շառլ դը Գոլի անվան օդակայանը` միայն 1/3-ը: Չի գործել նաեւ արագընթաց TGV գնացքների յուրաքանչյուր երրորդը: Գործադուլի են դուրս եկել ոչ միայն տրանսպորտի, էներգետիկայի եւ այլ ոլորտների աշխատակիցները, այլեւ ուսանողներ ու դպրոցականներ. գործադուլին մասնակցել է մոտ 300 քոլեջ: Նշենք, որ Փարիզում մինչ օրս չի գործում նաեւ Էյֆելյան աշտարակը, տեսարժան վայրի 300 աշխատակիցներից 260-ը գործադուլին են միացել: Նշենք, որ Ֆրանսիայի կառավարության բարեփոխումների ծրագրով նախատեսվում է բարձրացնել կենսաթոշակային տարիքի շեմը կանանց եւ տղամարդկանց համար: