«Ադրբեջան, Ադրբեջան, Հեյ, քաջ զավակի փառապանծ երկիր…»: Սա Ադրբեջանի Հանրապետության պետական օրհներգի առաջին տողն է: Օրհներգը զետեղված է այս տետրի կազմի վերջին էջում: Բոլորիս է հայտնի, որ նմանատիպ` հատկապես թուրքական արտադրության տետրեր վաղուց են Հայաստան ներմուծվում: Բայց ադրբեջանական, դաստիարակիչ այսպիսի տետրը, որի կազմի առաջին էջին երկրի դրոշն ու զինանշանն են, վերջին էջին` Ադրբեջանի քարտեզի վրա գրված օրհներգը, միայն զայրույթ կարող է առաջացնել: Զայրույթն առավել սաստկանում է, երբ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պատկերող քարտեզի կազմում տեսնում ենք նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Պարզել, թե ով է տետրեր ներմուծող անձը կամ ընկերությունը, մեզ այդպես էլ չհաջողվեց: Փորձեցինք Կրթության եւ գիտության նախարարությունից տեղեկանալ, թե տետրերի նկարների եւ բովանդակության վերահսկման գործում նրանք ինչ դեր ունեն: Սակայն Հանրակրթության վարչությունից հայտնեցին, որ այս խնդրի լուծման համար նախարարությունը որեւէ լիազորություն չունի: Ադրբեջանական տետրերի վրա հակահայկական եւ խիստ ազգայնամոլական պատկերներ են, մինչդեռ սա թուրքական արտադրության տետրերի միակ բացասական կողմը չէ. խնդրի մյուս կողմը դերասանների, երգիչների, սպորտսմենների, մեղմ ասած, աշակերտական աչքին ոչ հարիր նկարներն են: Այդպիսի պատկերներով տետրերը կարող են շեղել դպրոցում սովորող երեխային, ներազդել նրա վարքի եւ գործողությունների վրա: Սա հոգեբանական տեսանկյունից դիտարկված բացասական ազդեցությունն է: «Մենք չգիտենք, թե նման նկարներն ինչպես կարող են անդրադառնալ, այն էլ՝ ամեն օր, երեխայի սեռական ինքնագիտակցության վրա, եւ դրա մասին պետք է մտածել: Տետրերը չպետք է այդպիսին լինեն: Մենք իրավունք չունենք նման պատկերներով տետրեր տալու երեխաներին: Դրանք երեխայի մեջ ձեւավորում են որոշակի հետաքրքրություն հակառակ սեռի նկատմամբ»,- սա հոգեբան Վլադիմիր Միքայելյանի տեսակետն է:
Կան դպրոցներ, որտեղ աշակերտներին արգելվում է ոչ պատշաճ տետրերով ու օրագրերով ներկայանալ դասի: Սակայն անհնար է իրավիճակն ամբողջությամբ վերահսկել: Ե. Չարենցի անվան թիվ 67 դպրոցի ուսուցչուհի Ռիմա Սարգսյանը հատկապես կարեւորեց, որ տետրերի վրայի նկարների հարցին պետական մոտեցումն ուղղակի պարտադիր է: «Մենք արգելում ենք, բայց ծնողն է տետր գնողը: Եթե մենք տեսնում ենք՝ գեղեցիկ չեն նկարները, երեխայի համար դաստիարակչական չեն, ապա զգուշացնում ենք, որ փակի նկարը: Ես կարծում եմ` նախարարությունը պետք է անպայման դրանով զբաղվի. թույլ չտա ներկրելու այդպիսի նկարներով տետրեր, առավել եւս, եթե կա օտար լեզվով գրություն»: Այս դպրոցում փորձում են քայլեր ձեռնարկել, որ աշակերտներն ավելի շատ հայկական պատկերներով տետրեր ձեռք բերեն: Սակայն պարզ է, որ տետրը գնելիս երեխան կառաջնորդվի սեփական նախասիրությամբ: Այլ հարց է, եթե ծնողն այնքան խելամիտ լինի, որ ուշադրություն դարձնի երեխայի գրենական պիտույքներին:
«Շուկայում կա այսպիսի պարզ բանաձեւ` ինչպիսին պահանջարկն է, առաջարկն էլ այդպիսին է: Սակայն ժամանակն է, որ մեր ծնողներն իրենց առաջարկը ներկայացնեն, ինչպիսին ժամանակն է պահանջում»,- ասաց նույն դպրոցի ուսուցչուհի Անահիտ Խեչումյանը:
Խանջյանի, Մինասի կտավներ, Արարատ լեռ եւ այլ ազգային արժեքներ պատկերող տետրերը նորություն են հայկական շուկայում: Խոսել ենք տետրերի հայկականացման առաջին փորձն անող ընկերության տնօրենի հետ: Հետեւում են պահանջարկին, բայց իրենց ճաշակն էլ` հայկական պատկերների տեսքով, փորձում են ներկայացնել գնորդին: «Սկարլետ» ընկերության տնօրեն Իշխան Չարխչյանն ասում է, որ իրենք դեմ չեն արտասահմանից ներկրվող արտադրանքին, քանի որ մրցակցության մեջ է որակյալ ապրանքն ի հայտ գալիս, սակայն, եթե քարոզվում են թշնամի երկրի ազգային արժեքները, եւ կասկածի տակ դրվում մեր շահը, ուրեմն պետության միջամտությունը պարտադիր է: Թուրքիան երբեք թույլ չի տա Մասիս սարը Հայաստանի տարածքում նկարով տետրի ներկրումն իր երկիր, իսկ Հայաստանն ինչո՞ւ պետք է թույլ տա նման երեւույթ: «Կառավարությունն ընդհանրապես պետք է աջակցի արտադրությանը, որովհետեւ պետությունը չի կայանա, եթե այդ պետությունում չլինի արտադրություն: Մեր սպառողներն էլ պետք է սիրեն տեղական արտադրանքը, տեղական արտադրությունը»,- մեր զրույցի ընթացքում ասաց ընկերության տնօրեն Ի. Չարխչյանը:
Փաստ է, որ Հայաստանում հակահայկականը քարոզող նմանատիպ շատ տետրեր են ներմուծվում ու վաճառվում: Անհերքելի է, որ հարեւան երկու պետություններն էլ կցանկանային մշակված քաղաքականություն իրականացնել մեր երկրում: Բայց Հայաստանի Հանրապետությունն է իր դռները բացում` առանց որեւէ մեկի ջանքերի:
Մարիամ ԱԹՈՅԱՆ
www.ireport.am