Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանի գնահատմամբ` Հայաստանում օտարալեզու դպրոցների բացումը շատ ճիշտ որոշում է: «Մենք ծայրահեղությունների մեջ ենք ընկնում, խոսքը 10-12 դպրոցի մասին է, որոնց բացումը չի բերի Հայաստանում հայապահպանության խնդիրների առաջացմանը»,- երեկվա ասուլիսում ասաց Վլ. Աղայանը: Ավելին, ըստ նրա` օտարալեզու դպրոցների դեմ բողոքի ալիքը Հայաստանում վերածվեց «ցինիզմի աստիճանի հասնող հակառուսական հիստերիայի»։ «Այդ դպրոցների բացումը ճիշտ քայլ է, եթե ճիշտ օգտագործվի: Այսօր Երեւանի փողոցներում ավելի շատ են անգլերեն լեզվով ցուցանակները, բայց այդ մասին ոչ ոք չի խոսում: Ցուցանակներին նայեք՝ որտե՞ղ է առաջինը հայերեն գրված, հետո նոր՝ անգլերեն»,- նկատեց նա: Հիշեցնելով ԽՍՀՄ տարիները, երբ Երեւանի 220 հանրակրթական դպրոցներից 300-ը ռուսական էին, նա ասաց, որ դա իր մեջ վտանգներ չի պարունակում, քանի որ երեխան իր բազային կրթությունը ստանալու է հայերեն: «Այլ բան է, որ պետք է խոսել հայոց լեզվի դասավանդման մեթոդների մասին: Նայեք հեռուստաէկրանին, ինչպե՞ս են խոսում եթերից, պաշտոնյաներն այնպես են աղավաղում մայրենի լեզուն»,- ասաց նա` հավելելով, թե հայի համար ռուսաց լեզվին ու մշակույթին տիրապետելը շատ կարեւոր է, սակայն դա չպետք է արվի հայոց լեզվի հաշվին: