Գուշակներին այցելող սկեսուրը հարսին ամիսներով «փակի տակ» է պահել

14/10/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Ձեռքս աննկատ, սողացնելով տարա գրպանս, 100 դոլարանոցը հանեցի, որ դնեմ Աբովյանի տուբերկուլյոզային դիսպանսերի բժիշկ Արման Ռոբերտովիչի գրպանը: Չգիտեի` ոնց հայտնեմ շնորհակալությունս աղջկաս հանդեպ անսահման հոգատար վերաբերմունքի համար: Ասաց` տիկին Անո՛ւշ, մի՛ նեղացրեք ինձ: Եթե ուզում եք ինձ ինչ-որ բանով պարգեւատրել, ապա Աստծուն խնդրեք, որ Ձեր աղջիկը` Արմինեն, ապրի»,- հուզված պատմում է հունվար ամսին Աբովյանի տուբդիսպանսերում գրեթե անգիտակից վիճակում հայտնված Արմինե Սահակյանի մայրը` Անուշ Խեչումյանը: Մի քանի ամիս առաջ մեզ հետ զրույցում տուբերկուլյոզով հիվանդ Արմինեի կյանքը փրկելը բժիշկները քիչ հավանական էին համարում` ասելով, որ` «Շատ ծանր վիճակում եք բերել, ուշացրել եք»: Մորը հայտնել էին, որ աղջկան ապրելու համար քիչ ժամանակ է մնացել, բայց ամեն ինչ անում են գոնե կյանքը երկարացնելու համար: Արմինեի դեպքը հավանաբար յուրաքանչյուրիս ստիպում է հավատալ, որ կյանքում հրաշքներ լինում են: Մեր թերթի նախորդ համարներից մեկում` «Մամայիս ասաց` եկե՛ք, ձեր դիակին տարեք» վերնագրով հոդվածում անդրադարձել ենք նրա հետ կատարված դաժան պատմությանը: Այս ընթացքում մեր խմբագրությունը բազմաթիվ քաղաքացիներից զանգեր է ստացել, ովքեր ցանկանում էին իմանալ Արմինեի առողջական վիճակի մասին: Երեկ խմբագրություն էր այցելել հենց ինքը` Արմինե Սահակյանը, ով դժվարանում է մինչեւ օրս հավատալ, որ ապաքինվել եւ վերադարձել է բնականոն կյանք: «Ես էլ չեմ հավատում, որ անկողնուց հրաժարվել եմ: Հույս չէին տալիս, թե կապրեմ: Ճիշտն ասած` վիճակս էնքան վատ էր, որ դժվարանում եմ շատ բան հիշել, բայց իմ հավանական մահվան մասին շշուկները ականջիս հասնում էին: Բժիշկների մասին լավ բան քիչ է խոսվում, բայց հավատացե՛ք, ապրելու համար իրենց եմ պարտական: Իրենք ինձ վերակենդանացրին»,- ասում է Արմինեն, ով, ամիսներ շարունակ լինելով տուբդիսպանսերի բժիշկների հսկողության տակ, միայն ջերմությամբ ու շնորհակալական խոսքերով է նկարագրում իր հանդեպ բուժաշխատողների վերաբերմունքը: Նշենք նաեւ, որ նրա բուժման հարցում մեծ ներդրում ունեն «Բժիշկներ առանց սահմանների» ֆրանսիական կազմակերպության մասնագետները:

Արմինե Սահակյանի նման հարյուրավոր հայ կանայք ընտանեկան բռնությունների մասին ահազանգում են միայն այն բանից հետո, երբ այլեւս կորցնելու ոչինչ չեն ունենում: Ամոթն ու հասարակական վերաբերմունքը ստիպում է զոհ դառնալ եւ ապրել ճնշումների, հալածանքների ներքո ու ստորացուցիչ պայմաններում. «Հիմա արդեն միեւնույն է, թե ով ինչ կասի: Ամեն ինչ կորցրել եմ, բայց գտել եմ ամենաթանկ բանը` կյանքը: Երեխայիս վերադարձնելու համար կխոսեմ, կպատմեմ ու կբողոքեմ: Ես մի անգամ հասկացել եմ` ինչ բան է մեռնելը, իսկ հիմա ուզում եմ ապրել եւ ուզում եմ երեխայիս տեսնել: Մի բան էլ կա. ես գիտեմ, որ ես եմ մեղավոր, որ ինձ էս օրը գցեցին: Չպիտի էդքան լուռ տառապեի, ամոթին զոհ չպիտի գնայի: Էլ չեմ դիմանում երեխայիս կարոտին…»: Հիշեցնենք, որ 2008թ. Արմինեն ամուսնանալով Կապանի բնակիչ Ռոբերտ Հովհաննիսյանի հետ՝ պարբերաբար ենթարկվել է բռնությունների, բայց ոչ թե Ռոբերտի, այլ սկեսրոջ` Արեւի կողմից: Մեկ տարի Կապանում ապրելուց հետո նրանք տեղափոխվել են Երեւան եւ բնակվել են վարձակալությամբ: Նշենք, Կապանի Ոստիկանությունը փնտրում է Արեւին, քանի որ մեկ տասնյակից ավելի բնակիչներ իրենց դրամները շորթելու մեղադրանքով բողոք են ներկայացրել իրավապահ մարմնին: Արմինեն ասում է, որ Արեւն ընդհանրապես գուշակների, կախարդների մշտական հաճախորդն է եղել. «Եթե անգամ հացի փող էլ չունենայինք, ինքը մի բան կաներ, փող կճարեր ու կգնար, ասենք` էսինչ գյուղում ապրող եսիմ ումից լսած էսինչ կախարդի մոտ»: Արեւի բախտ բացողների, գուշակների, կախարդների հանդեպ ունեցած հետաքրքրություններն ու այցերն ունեցել են այն հետեւանքը, ինչի զոհը դարձել է Արմինեն: Ինչեւէ, Երեւան տեղափոխվելուց հետո Արեւն Արմինեի հետ անմարդկային, դաժանաբար է վերաբերվել: Ամիսներով թույլ չի տվել տանից դուրս գալ, իսկ տանից դուրս գալու ժամանակ դուռը դրսից կողպել է: Թույլ չի տվել նաեւ զանգահարել հարազատներին, եւ առհասարակ` շփվել մոր, եղբայրների, քրոջ հետ. «Ջրվեժի տանն ահավոր էր: Ձմռան ցրտին, սրթսրթալով էի լուսացնում: Փայտանում էի, ոտքերս էնքան էր սառչում, որ ֆենը միացնում, պահում էի ոտքերիս, որ տաքություն զգամ: Էդ ժամանակ հղի էի, շատ էի մրսում: Մեկ-մեկ ցրտից լաց էի լինում, չէի դիմանում: Ցուրտը քիչ էր` խոնավ, թաց բազմոցի վրա էի քնում: Հունվար ամսին բասանոշկեքով եմ գնացել ծննդաբերելու»: Հղիության ինն ամիսների ընթացքում Արմինեին թույլ չեն տվել գնալ բժշկի կոնսուլտացիայի, իսկ ծննդաբերելուց հետո մայր ու որդի ոտք չեն դրել ծննդատուն: Գոռի ծնունդից հետո Արեւը հայտարարել է. «Երեխեն կրծքից կտրվի, քեզ դուրս եմ շպրտելու»: Այդպես էլ արել է. երեխան մոր հետ շփվել է միայն կերակրվելու ժամանակ, իսկ հետո Արմինեն փակված է մնացել սենյակում: «Համարյա մի տարի ես լույս չեմ տեսել, տանից դուրս չեմ եկել, չէր թողում: Ամուսնուս ոչինչ չէի ասում, մտածում էի` աշխատում, տանջվում է` չարժե, որ ընտանեկան հարցերից նեղվի: Ինքը շատ շուտ գնում ու ուշ էր գալիս: Ցավից ու վիրավորանքից ամեն գիշեր լաց էի լինում: Երբ հարցնում էր` ի՞նչ է եղել, ասում էի` հեչ, մերոնց եմ կարոտել: Ծննդաբերությունից հետո մեր հարաբերություններն ավելի լարվեցին: Շատ ցուրտ էր տանը, ոչ մի ձեւով չէր տաքացվում: Ես կեսարյան հատումով էի երեխայիս ունեցել, ու վերքերս դեռ չէին լավացել, դժվարանում էի կռանալ: Ստիպում էր սառը ջրով երեխայի շորերը լվանալ, հիմա դժվարանում եմ շատ բան հիշել: Սկսում էի վատ զգալ, թուլանալ: Հետս ինչ-որ բան էր կատարվում»,- պատմում է Արմինեն: Նրա ինքնազգացողությունն աստիճանաբար վատացել է: Բազմիցս խնդրել է իրեն բժշկի տանել, սակայն սկեսուրը կտրուկ մերժել է, ասելով` «ձեւեր մի թափի»: Որդուն` Ռոբերտին, Արեւը հորդորել է, թե` անհանգստանալու ոչինչ չկա, կրծքով կերակրելու պատճառով է Արմինեն հյուծվել: Հարեւանները նույնպես Արեւին բազմիցս խորհուրդ են տվել հարսին բժշկի տանել, քանի որ նրանց աչքի առաջ Արմինեն «մաշվել» է: Որոշ ժամանակ անց երիտասարդ կինը գամվել է անկողնուն, քանի որ թուլությունը, ախորժակի անկումն ու խեղդող հազն այլեւս հաղթահարել չի կարողացել: Անգամ այդ վիճակում Արեւը հարսին ծեծելով ստիպել է տան կենցաղային աշխատանքները կատարել. «Էլ չէի կարողանում ոտքի վրա կանգնել: Ամբողջ օրը պառկում էի, գիտակցությունս կորում էր, բայց ստիպում էր գործ անել: Երեխայիս էլ չէի կարողանում տեսնել: Սենյակում մենակ, դուռը՝ դրսից փակ, ու ամբողջ օրը մայր ու տղա փսփսում էին: Լաց էի լինում, խնդրում էի` ասում էի` ի՞նչ կլինի, լավ չեմ, տարեք հիվանդանոց, բայց չէին տանում»: Փոխարենն Արեւը հարսի մազերից քարշ տալով անկողնուց դուրս է բերել ու ծեծի, բռնության միջոցով տանջել է: «Ախր չէր էլ թողում պառկեմ, տանջում էր, ահավոր էր տանջում: Մրսում էի, սրթսրթում, ջերմությունս բարձրանում էր, ու էլ բան չեմ հիշում: Միանգամից մաշվեցի, 38կգ նիհարեցի ու հազիվ էի շնչում: Խնդրում էի, ասում էի` գոնե սենյակի դուռը բաց թող, որովհետեւ ոչ լույս կար, ոչ պատուհան, ոչ էլ օդ կար շնչելու»: Արմինեի մայրը` տիկին Անուշը, աղջկան գտել է կիսամեռ վիճակում, երբ Արեւը զանգահարել է իրեն` ասելով. «Եկեք ձեր դիակին տարեք»: Միայն այս տարվա հունվար ամսին է Արմինեն հայտնվել Աբովյանի տուբերկուլյոզային հիվանդանոցում, եւ այն էլ՝ այն բանից հետո, երբ Արեւի հարեւանները ստիպել են Արմինեին հիվանդանոց տանել: Մայրը` Անուշն, ասում է. «Ես չգիտեմ, էս դարում ո՞նց կարելի է երիտասարդ աղջկան էս օրը գցել: Ես երբեք չեմ խառնվել իրենց ընտանեկան գործերին, բայց պարզվում է` էնքան բան է կատարվել, էնքան են տանջել երեխայիս, որ հիվանդանոցում չէի ճանաչում նրան: Արեւն ի սկզբանե մեզ հետ թարսվել է օժիտ չտալու համար: Ես նրան ասում էի` տուն չունեք, տեղավորվեք, կահույք կգնեմ: Արմինեին ասել է, որ՝ մայրդ պիտի տուն տա: Չգիտեմ, ես երեւի շատ եմ ուշացել, բայց… Էն, ինչ կատարվել է աղջկաս հետ, երեւի մարդիկ պիտի իմանան, պիտի խոսվի էդ մասին, որպեսզի հետագայում ուշ չլինի: Մի քանի ամիս առաջ չէի հավատում, որ երեխաս կապրի: Հիմա ամեն ինչ անելու եմ, որ աղջկաս պատմությունն ուրիշների հետ չկրկնվի»: Հունվար ամսից մինչեւ օրս Արմինեն իր երկու տարեկան որդուն` Գոռին չի տեսել: Արեւն ու Ռոբերտը տեղափոխվել են, իսկ թե ուր` ոչ ոք չգիտի: Բժիշկների խնդրանքներին, պարտադրանքներին, որ Արեւը երեխային մոր մոտ տանի` վերջինս չի արձագանքել. «Բժիշկներն ասում էին, որ այլեւս վտանգ չկա վարակի: Շատ են իրեն ասել, որ երեխային թեկուզ մի րոպեով բերի, բայց… Մի անգամ բերել էր երեխային ստուգման, հաշվառված են ընտանիքի անդամները, բայց հիվանդանոցից փախել էր, որ իմ մոտ չբերի»: Ի դեպ, տիկին Անուշը ծննդատան ղեկավարությունից խնդրել է արխիվային նյութերից Արմինեի հղիության ընթացքում առողջ լինելու վերաբերյալ տվյալներն իրեն տրամադրել: Մեր ձեռքի տակ է գտնվում «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի կողմից տրամադրված մի փաստաթուղթ, ըստ որի` հղիության ընթացքում նա միանգամայն առողջ է եղել: Հետեւաբար, տուբերկուլյոզով հիվանդությունը նա ձեռք է բերել ծննդաբերությունից հետո: Արմինեն եւ Ռոբերտը զագսավորված չեն, բայց երեխայի հանդեպ հայրությունը նա ճանաչել է: Շուտով նա ՀՀ ոստիկանություն կներկայացնի ընտանեկան բռնությունների ենթարկվելու մասին հայտարարություն: Ասում է. «Ես հասկանում եմ, որ ամենամեծ մեղքն իմն է, իմ լռությունն է: Ես անհայր մեծացած երեխա եմ եղել, շատ դժվարություններ եմ ունեցել եւ չէի ցանկանում նույնը երեխայիս հետ լիներ: Մինչեւ հիմա էլ չեմ ուզում երեխայիս հոր մասին վատ խոսել, բայց այն, ինչ արեցին իմ հետ…»: Արմինեն նաեւ նշում է, որ երեխայի առողջությանը վտանգ է սպառնում, քանի որ Արեւն ու Ռոբերտը ծնված օրից որդուն` Գոռին բժշկի չեն տարել: Երկու տարեկան երեխան պատվաստում չի ստացել: Արեւը սիրում է գուշակների մոտ գնալ, իսկ Գոռն ընդամենը երկու տարեկան երեխա է: Ի դեպ, Արմինեի մոտ Արեւից պահպանվել է բջջային հեռախոսահամար, որին զանգահարելիս Արեւը չի պատասխանում: Խնդրեցինք, որ Արմինեն անծանոթ հեռախոսահամարով զանգահարի, եւ խոսակցությունը բարձրախոսով ձայնագրեցինք: Հեռախոսահամարին պատասխանեց Ռոբերտի եղբոր կինը, որն Արեւի համախոհն է եւ Արմինեին ճնշումների ենթարկելու գործում մեծ ներդրում է ունեցել: «Մերի, Արմինեն ա` տեգրոջդ կինը»: «Ես տեգոր կին չունեմ»,- կտրուկ խոսակցությունը փակեց նա: Այնուհետեւ լսափողը փոխանցեց Արեւին, ով Արմինեի հեռախոսազանգից անակնկալի եկած՝ Կապանի բարբառով ինչ-որ անհասկանալի նախադասությունների շարան էր շպրտում: Արեւը նախ Արմինեին մեղադրեց իրենց դատի տալու, վարձակալած բնակարանից վտարելու եւ մի շարք այլ բաների մեջ, որոնք վերջինս չի արել: «Ե՞րբ կարող եմ երեխայիս տեսնել»,- անընդհատ կրկնում էր Արմինեն, որի հարցին ի պատասխան՝ Արեւն ասում էր` «Ի՞նչ, ի՞նչ ես ասում, չեմ լսում: Վաղը զանգի՝ կասեմ…»: Արմինեն վստահ է, որ իրեն թույլ չեն տալու որդուն տեսնել, սակայն մի բանում էլ է վստահ. «Ամեն ինչի գնալու եմ երեխայիս համար»։