Կինո դիտելու իրավունք

14/10/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Արդեն 6-րդ անգամ Երեւանում ու Հայաստանի մարզերում տեղի ունեցող Մանկապատանեկան ֆիլմերի փառատոնն այս տարվա հոկտեմբերի 12-16-ը բոլոր մանուկներին ու նրանց ծնողներին հրավիրում է կինոդիտումների: Բացման արարողության ընթացքում «Մոսկվա» կինոթատրոնի բեմ բարձրացավ ռուս կոմպոզիտոր Գրիգորի Գլադկովը, ով բազմաթիվ մանկական երգերի ու մուլտֆիլմերի համար գրված երաժշտության հեղինակ է: Նրա ամենահայտնի ստեղծագործությունը «Պլաստիլինե ագռավ» մուլտֆիլմի երգն է, որն առանց երեխաների հետ սեթեւեթելու՝ կարողացել է փոխանցել մանկության զգացումը: Երեւանում Գ. Գլադկովը բեմ հրավիրեց դահլիճի բոլոր երեխաներին ու նրանց ձայնակցությամբ մի երգ կատարեց:

Բացման արարողության ժամանակ ելույթ ունեցավ նաեւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին, ով նշեց, որ կինոփառատոնը մի պլատֆորմ է, որտեղից մենք բոլորս կարող ենք բարձրացնել մեր ձայնը հանուն մերժված երեխաների ու հնչեցնել նրանց իրավունքների պաշտպանության պահանջը: Այս տարի փառատոնը հատուկ «Ես իրավունք ունեմ» անվանակարգի միջոցով կփորձի նմանօրինակ մի պլատֆորմ ձեւավորել: Վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանում բոլոր երեխաների 26%-ն ապրում է օրական 2.7 դոլարով, իսկ 3%-ը` օրական 1.8 դոլարից էլ պակաս գումարով: Հայաստանում ավելի քան 8000 հաշմանդամ երեխա կա, որոնց զգալի մասն ուսումնական որեւէ հաստատությունում չի սովորում, եւ միայն եզակի դեպքերում է հաշմանդամ երեխան օգտվում ընդհանուր կրթությունից: Հայաստանում համապատասխան հետազոտություններ չեն արվել՝ պարզելու համար, թե քանի՞ երեխա է իր կյանքում առնվազն մեկ անգամ մեծ էկրանին որեւէ ֆիլմ դիտել: Սակայն վստահաբար կարելի է ասել, որ պատանի հայաստանցիներից շատ քչերն են կինո գնում, քանի որ մարզերում վերացել են եւ կինոթատրոնները, եւ կինոդիտումների ավանդույթը: Մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը փորձում է լրացնել այդ բացը եւ շեշտել, որ մեծ էկրանին կինո դիտելու իրավունքը նույնպես պաշտպանության կարիք ունի: