«Երբ միանում են տեխնիկան եւ սիրտը, ֆանտաստիկ արդյունք է ստացվում»

14/10/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հանրահայտ «Երալաշ» մանկական կինոհանդեսի հիմնադիր, ռեժիսոր Բորիս Գրաչեւսկին աշխատում է ամեն տարի Հայաստան ժամանել ու մասնակցել Մանկապատանեկան ֆիլմերի փառատոնին: Նա նշում է, որ մեծ էկրանին մանուկներին հասցեագրված ֆիլմերի հայտնվելը իսկական տոն է: Մեծ էներգիայով ու հմայքով օժտված Բ.Գրաչեւսկին սիրում է կյանքը եւ սիրում է երեխաներին: 40 տարի աշխատելով «Երալաշում»՝ հազարավոր երեխաների հետ գործ ունեցած Բ.Գրաչեւսկին չի մոռանում նշել, որ կան պահեր, երբ երեխաներին կարելի է սեփական «գլխի վրա» դնել, ու կան պահեր, երբ երեխաներին պետք է իրենց հստակ տեղը ցույց տալ ու շրջանակների մեջ դնել: Նա հաճախ է զրույցների մեջ օգտագործում «հոգի» բառը: Եվ հենց այդ մշուշոտ ու անէական, բայց անհրաժեշտ տարրն էլ որոնում է ամենուրեք` կինոյում, գրականության, նույնիսկ` հենց մարդկանց մեջ:

– Մանկական ֆիլմեր թեեւ նկարահանվում են, սակայն որպես կանոն՝ հաջող ու երկարակյաց չեն լինում, նույնիսկ այն դեպքում, երբ նրանց ժանրը բնութագրվում է որպես «ընտանեկան դիտման համար պիտանի»: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է այդպես:

– Ցավոք, Ռուսաստանում մանկական կինոն հիմա շատ լուրջ մտահոգությունների առիթ է տալիս: Նույնիսկ կասեի, որ իրավիճակը ողբերգական է, եւ դա՝ այն դեպքում, երբ ֆիլմերի քանակը քիչ չէ: Հիմա տարեկան ավելի շատ ֆիլմ է արտադրվում, քան նախորդ տասնամյակներում, բայց այդ մանկական ֆիլմերը ոչ մեկին պետք չեն (թերեւս, միայն չինովնիկներին են պետք, որոնք նշումներ են անում իրենց ցուցակներում, ինչպես նաեւ՝ արտադրողներին, որոնք սեփական գրպանն են լցնում): Իսկական, կլանող ու հուզող մանկական ֆիլմ ստեղծելու համար միայն շատ փող ունենալը հերիք չէ, հմտություններ ու տաղանդ է հարկավոր: Երբ շատ վաղուց Լունաչարսկուն հարցրեցին` ի՞նչ է պետք ինտելիգենտ դառնալու համար, նա պատասխանեց. «Բարձրագույն կրթության 3 դիպլոմ` պապիկինդ, հայրիկինդ ու քոնը»: Սերունդների փոխկապակցություն պիտի լինի, իսկ մենք ուղղակի գլխատեցինք մեր ինտելիգենցիան ու դատարկ մի տարածք թողեցինք: Ինքս սովորել եմ մանկական կինոհեքիաթի հանճար Ալեքսանդր Ռոուի արվեստանոցում ու շատ լավ գիտեմ, թե որքան կարեւոր է սերունդների կապը` կինոյի լեզուն ու կինոմտածողությունը ձեւավորելու համար: Այսօրվա երեխան բոլորովին այլ է, նրա մտածողությունը նման չէ նախորդ սերնդի երեխաների մտածողությանը: Այսօրվա երեխային հնարավոր չէ «գերել» այն հեքիաթներով, որոնք դիտում էին նրա ծնողները, այսօր պետք է ուրիշ ֆորմաներ որոնել: Ամերիկայում այդ նոր ֆորմաները կարողացել են գտնել. նրանք հրաշալի ֆորմա ունեցող կինոարտադրանք են արտադրում:

– Ո՞ր ֆիլմերը նկատի ունեք:

– Թեկուզեւ հենց հռչակավոր «Ավատարը», որը տեխնիկական ֆանտաստիկ ճկունություն ունի: Եթե մենք կարողանայինք ամերիկացիների տեխնիկական որակը միացնել մեր ոգու հետ, փայլուն արդյունք կունենայինք: Ասենք, Գոգոլի ֆանտաստիկայի մակարդակի ֆիլմեր կանեինք: Ամերիկացիներն ամեն ինչի հասան կինոյում, կինոլեզվում նույնիսկ անհնարին հայտնագործություններ արեցին, բայց արի ու տես, որ նրանց ստեղծած «ավատարները», միեւնույն է, «մեռած» կերպարներ են: Կրկնում եմ, ամերիկացիները փայլուն, նույնիսկ` «դժոխային» աշխատանք են կատարել` տեխնիկական հնարքները կատարելագործելու համար, սակայն կերպարները չեն կարողացել օժտել ոգով: Ընտելացնելով երեխաներին արագ փոփոխվող, կլիպային կադրերին` մենք միեւնույն ժամանակ նրանց սովորեցրել ենք ուշադրություն չդարձնել սյուժեին, իմաստին, խոհին: Իրականում սա երկար ու բարդ զրույցի թեմա է, սակայն այդ մասին խոսելու առիթը ես երբեք բաց չեմ թողնում: Երեւանյան մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի բացմանը մենք մի քանի նոր ռուսական մուլտֆիլմեր դիտեցինք, ու նկատվում է, որ շշմելու տեխնիկայից բացի, այնտեղ այլ բան չկա: Շատ եմ ափսոսում, որ հաշվի չի առնվել մանկական հայացքը, մանկական մտածողությունը: Իրականում մանկական ֆիլմերի հաջողության բանաձեւը շատ պարզ է. երեխայի սիրտը պետք է թրթռա, ալեկոծվի: Հիշո՞ւմ եք Ռոման Կաչանի «Ձեռնոց» մուլտֆիլմը:

– Իհարկե: Աղջիկն այնքան է շուն սիրում, որ իր ձեռնոցը մտովի կերպարանափոխելով` շուն է դարձնում ու իրեն երջանիկ է զգում: Շատ նուրբ ֆիլմ է:

– Մենք (նաեւ դուք) մեր հիշողության պաշարում հին ու բոլորին հայտնի հեքիաթներ ունենք, որոնք եթե այսօրվա տեսանկյունից դիտարկենք` բավականին աղքատիկ արտահայտչամիջոցներով են արված, սակայն այնքան մեծ սիրո լիցք ունեն, որ երբեք չեն ջնջվում հիշողությունից: «Չեբուրաշկան», կամ էլ` «Դե սպասիր» մուլտֆիլմերը (ի տարբերություն նույն ոճն ունեցող «Թոմ ու Ջերրի» մուլտֆիլմի) «սիրտ» ունեին եւ կարողանում էին «ապրեցնել» երեխաներին: Այսօրվա երեխան ակտիվ, շարժունակ եւ շատ խելացի է: Նա էքշն, հատուկ էֆեկտներ է սիրում, հեշտությամբ կողմնորոշվում է բարձր տեխնոլոգիաների մեջ, ինչը բնավ էլ չի խանգարում նրան տեխնիկական հնարքների ետեւում մարդասիրություն որոնել: Եվ երբ երեխան այդ «սիրտը» չի գտնում, ընդունում է, որ այդպես էլ պիտի լինի, որ այդպես է աշխարհի կարգը: Դա սարսափելի հետեւանքների է հանգեցնում:

– Երեխաները միեւնույն ժամանակ եւ անտարբեր, եւ դաժան են դառնում, հոգեբանները նշում են, որ երեխաները յուրատեսակ, դեռ անհայտ գենետիկ մուտացիայի են ենթարկվում, քանի որ թվանշայնացվում է նրանց արժեքային համակարգը:

– Երեխաների գլխին այնպիսի ինֆորմացիոն հեղեղ է թափվում, որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում նրանք չեն հասցնում «բահը» վերցնել ու անիմաստ տեղեկություններից պարբերաբար մաքրել իրենց ուղեղները: Եվ դրա հետեւանքով այլեւս չի գործում պատճառահետեւանքային շղթան, թուլանում է տրամաբանելու կարողությունն ու հիշողությունը: Երեխաների գլխի մեջ այնքան մեծ ծավալի ինֆորմացիա են փորձում «խոթել», որ երեխաները չեն հասցնում «մարսել» այդ տարափը: Նույնիսկ չեն էլ կարողանում երկար ժամանակ կենտրոնացած վիճակում մնալ ու մի գործով զբաղվել: Գիտե՞ք ինչով է շահում «Երալաշը»: Նա շահում է իր կարճ տեւողությամբ, 3-5 րոպե դեռ հնարավոր է կենտրոնանալ ու պատմությանը հետեւել, իսկ հետո արդեն վերջ` գիտակցությունն «անջատվում» է: Հայտնի է, որ 28 բառ իր բառապաշարում ունեցող թութակին նոր բառ սովորեցնել խորհուրդ չի տրվում: Թութակն, իհարկե, կարող է 29-րդ բառը յուրացնել, սակայն դա անելու համար անպայման իր հիշողության մեջ պահվող մեկ այլ բառ պիտի մոռանա: Այսինքն` ուղեղում պետք է տեղ ազատի: Այդպես է, ոչինչ չես կարող անել: Նույնն էլ մարդու հիշողությունն է: Հիմա այնպիսի շերտեր են հիշողությունից դեն նետվում, որ դժվար է անգամ պատկերացնել դրա հետեւանքները: Փորձե՞լ եք ֆիլմի դիտումից հետո երեխային «Ինչի՞ մասին էր ֆիլմը» պարզ ու միամիտ հարցը տալ: Վստահեցնում եմ, որ երեխաներից շատերը ոչ միայն իմաստը չեն կարողանում բացատրել, այլեւ ֆիլմի սյուժեն չեն կարող պատմել:

– Կարծում եք` մեծահասակները կկարողանա՞ն:

– Օրինակ, վերջերս «Սոլդ» ֆիլմի պրեմիերայից հետո ես առաջարկեցի 100 դոլար նվիրել այն մարդուն, որը կկարողանա վերապատմել ֆիլմը: Ոչ ոք չկարողացավ անել դա: Միգուցե ես փնթփնթան մարդու տպավորություն եմ թողնում, որը ցանկացած պատմություն սիրում է «Այ, մեր ժամանակներում շատ ավելի լավ էր» նախադասությամբ սկսել: Միգուցե, իրոք ժամանակները փոխվել են ու ամեն ինչ ճիշտ ուղով է զարգանում: Այսինքն` հիմա կինոյում սկսվել է անհոդաբաշխ սյուժեների ու արագ պատկերների դարաշրջանը: Սակայն, միեւնույն է` ես վստահ եմ, որ նույնիսկ այս կլիպային ֆորմայի մեջ պետք է ոգի լինի: Եվ եթե 3D-ի օգնությամբ ոզնու կամ արջուկի մասին պատմող մանկական ֆիլմեր պետք է նկարահանվեն, ապա այդ ֆիլմերը կարող են ունենալ «Վիննի Թուխի» կամ «Ոզնին մառախուղում» ֆիլմերի հերոսների հոգին: Մեկը մյուսին բնավ էլ չի խանգարում, եւ առավելեւս` չի հակասում: Ցանկացած տեխնոլոգիական հնարքներով էլ կարելի է այնպիսի ֆիլմ ստեղծել, որը դիտելիս` հանդիսատեսի սիրտը հուզմունքից «կպայթի»: Հիմա մոդայիկ են եռաչափ ֆիլմերը, իսկ ես (միգուցե «հին» մարդ լինելով) համոզված եմ, որ կերպարների սրտերը պետք է 3D լինեն, իսկ ֆորմատը կարող է եւ «տափակ» մնալ: Իմ առաջին ու միակ լիամետրաժ «Տանիք» ֆիլմը ոմանք հավանեցին, իսկ ոմանք էլ` ոչ այնքան: Սակայն ես գիտեմ, որ ֆիլմում «կենդանի» մարդիկ եմ ստեղծել, որոնք ոչ թե այլ մոլորակներից են մեզ մոտ ժամանել, այլ իրական են, նրանց կարելի է ցանկացած քաղաքի ցանկացած անկյունում հանդիպել: Եվ նրանք հոգի ունեն:

– Տեսախցիկներն այնքան են պարզեցվել ու էժանացել, որ յուրաքանչյուր երեխա կարող է ինքնուրույն ֆիլմեր նկարահանել: Դա կարո՞ղ է հետաքրքիր արդյունք տալ:

– Ցանկացած հեռախոսով հիմա կարելի է մի կարճ ֆիլմ նկարահանել եւ նույնիսկ շատ լավ որակ ստանալ: Հիմա աշխարհում բավականին մոդայիկ է դարձել բջջային հեռախոսներով նկարահանված ֆիլմերի փառատոների անցկացումը: Սակայն դա ոչ մի կապ չունի երեխաների հետ: Թեեւ մենք մեր երեխաներին շատ ենք սիրում ու հարգում, սակայն ստիպված ենք ընդունել, որ ոչ մի երեխա ֆիլմ չի նկարահանի: Եվ բոլորովին էլ հարկ չկա նրանց նման փորձանքի մեջ գցել: Երեխաները ունակ չեն դրամատուրգիական մտածողություն ցուցաբերել: Ինձ հաճախ են հարցնում` արդյո՞ք «Երալաշի» սյուժեների հեղինակները երեխաներն են: Ոչ, իհարկե, դա անհեթեթություն կլիներ: Սյուժեները գրում են տաղանդավոր ու կրթված մեծահասակները, որոնք շատ լավ գիտեն երեխայի հոգեբանությունը: Վերջերս մի քանի կինեմատոգրաֆիստներ շրջել են մանկատներով ու զրուցելով երեխաների հետ՝ փորձել են ֆիլմի համար նոր գաղափարներ գտնել: Չգիտեմ` ինչու, բայց ռեժիսորներն այդ մոտեցմամբ հպարտանում են: Ուզում եմ հարցնել` ինչո՞ւ եք հպարտանում: Եթե այդքան լավն ու պրոֆեսիոնալ եք, ապա ոչ թե երեխաների պատմածից ու գաղափարներից ազդվեք, այլ ինքներդ գտեք երեխաներին հուզող թեմաները: Շիլաշփոթ է ստացվում, մեծերն են «սնվում» երեխաների մտքերից, իսկ երեխաները ոչ մի տեղից էլ «սնունդ» չեն ստանում: Մանկական կինոն չեն կարող մանուկները նկարահանել, ճիշտ այնպես, ինչպես մանկական գրականություն էլ չեն կարող գրել: Չուկովսկին, Մարշակը, Օստերը, Ուսպենսկին իրենց պատմվածքներն ու բանաստեղծությունները հո երեխա ժամանա՞կ չեն գրել: Այո, նրանք կարողացել են մանկական հոգու «բանալին» գտնել: Իսկ դա բավականին բարդ գործ է, որը պրոֆեսիոնալիզմ է պահանջում: Այնպես որ, կարծում եմ, մանկական կինոյի գոյության համար պայքար մղելու հարկ չկա, պետք է պարզապես աշխատել: Այդ իրավիճակը նման է մաքրության համար պայքարի դրդող լոզունգին: Ես ասում եմ` մաքրության համար չեն պայքարում, պարզապես մաքրում են: Վերցնում են ավելն ու ավլում են: Մեկ էլ տեսար, տունդ, բակդ, էկրանդ մաքրվեցին «աղբից»: