Աշխարհի ամենահարուստ կանայք

14/10/2010

Ըստ չինական «Hurun Rich List 2010» վարկանիշի` աշխարհի ամենահարուստ կանանց կեսից ավելին, որոնք ինքնուրույն են կուտակել իրենց կարողությունը, չինուհիներ են: Բրիտանական «The Financial Times»-ի հաղորդմամբ` ամենահարուստ self-made կանայք Չինաստանի քաղաքացիներ են, իսկ թոփ-20-ում, ընդհանուր առմամբ, 11 չինուհի է ընդգրկված:

Միլիարդատիրուհիների ցուցակը գլխավորում է 53-ամյա Չժան Ինը` «Nine Dragons Paper» փայտամշակող կոնցեռնի տնօրենը: Նրա անձնական կարողությունը կազմում է 5,6 մլրդ դոլար: Երկրորդ տեղում «Longfor Property»-ի ղեկավար Ու Յացզյունն է, որը 46 տարեկանում կուտակել է 4,3 մլրդ դոլար կարողություն: Երրորդ տեղում Չեն Լիհուան է` «Fuhua International» կոնգլոմերատից` 4 մլրդ դոլար կարողությամբ: Ամենահարուստ ոչ չինուհի self-made-ը «Zara»-ի հիմնադիր Ռոզալյա Մերան է` 3,5 մլրդ դոլար կարողությամբ: Վարկանիշի 8-րդ հորիզոնականում Դորիս Ֆիշերն է («Gap»), 9-րդ-ում` ամերիկյան հեռուստաաստղ Օփրա Ուինֆրին, 11-րդ-ում` Ջուլիանա Բենետոնը:

Ի դեպ, «Forbes» հանդեսը ընթացիկ տարվա հունիսին մի շարք այլ տվյալներ է բերել բիզնես լեդիների մասին, որոնց հաջողվել է ինքնուրույն միլիարդներ վաստակել: «Forbes»-ն առաջին տեղը շնորհել է Ու Յացզյունին` նրա կարողությունը գնահատելով 3,9 մլրդ դոլար, իսկ 2-րդ հորիզոնականում հայտնվել է Ռոզալյա Մերան: Ըստ «Forbes»-ի` 3-րդ տեղում ռուսաստանցի Ելենա Բատուրինան է` 2,9 մլրդ դոլար կարողությամբ: Ըստ Շանհայի Չինական եվրոպական միջազգային բիզնես դպրոցի դասախոս Նանդանի Լինտոնի` չինուհիների բարեկեցության գաղտնիքը Մաո Ցզեդունի պատգամներում է թաքնված, որն ասել է, որ բոլոր չինուհիները պետք է աշխատեն: