Թերագնահատել են

12/10/2010

Հնարավոր չէ, որ ծագումով ղարաբաղցի Սերժ Սարգսյանը համաձայնի հանձնել օկուպացված շրջաններից մի քանիսը՝ հայ-թուրքական սահմանի բացման դիմաց։ Իր զեկույցում նման կարծիք է հայտնել Քարնեգիի հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը։ Ըստ նրա, թուրքերն այս հարցում սխալվել են. «Նրանք թերագնահատեցին այն նշանակությունը, որ Ղարաբաղի հարցն ունի հայերի համար՝ հավատալով, որ Երեւանը կհամաձայնի հանձնել օկուպացված շրջաններից մի քանիսը՝ հայ-թուրքական սահմանի բացման դիմաց»։ Ըստ Վաալի, ադրբեջանցիները գտնում են, որ սահմանի բացման դեպքում Հայաստանն ավելի նվազ չափով պատրաստ կլինի փոխզիջումների։ Սակայն մյուս կողմից՝ հեղինակը համոզված է, որ երկարաժամկետ հեռանկարում Ադրբեջանը միայն կշահեր սահմանի բացումից։ Հիմնավորումը հետեւյալն է. Հայաստանը, ունենալով բաց սահման դեպի Արեւմուտք, աստիճանաբար կփոխի իր կարծրատիպային մտածելակերպը եւ կհաշտվի տարածքները հանձնելու մտքի հետ՝ միջազգային մեկուսացման մեջ չհայտնվելու համար։ «Եթե սահմանը բացվեր, ապա Ադրբեջանի «պարտությունն» այդ հարցում երկարաժամկետ հեռանկարում անշուշտ կվերածվեր օգուտի»,- գրում է դե Վաալը՝ ափսոսանք հայտնելով, որ այս փաստարկը Ադրբեջանին հասցնելու համար բավարար ջանքեր չգործադրվեցին. «Ի տարբերություն իր հայ եւ թուրք գործընկերների, Ալիեւը չհրավիրվեց Վաշինգտոնում տեղի ունեցած ատոմային էներգիայի գագաթաժողովին, ինչի արդյունքում Ադրբեջանում տպավորություն ստեղծվեց, որ կողմերը գործում են իրենց թիկունքում»։