Մեկ տարի առաջ ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները դեռ կարող են «ապրել», եւ հաշտեցման գործընթացը դեռ կարող է տարածաշրջանում փոփոխություններ բերել: Այս կարծիքին է Քարնեգիի հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը, ով իր զեկույցում անդրադարձել է հայ թուրքական-հարաբերություններին, «ֆուտբոլային դիվանագիտությանը», արձանագրություններին, հաշտեցման գործընթացի խնդիրներին եւ հեռանկարներին։
Զեկույցի սկզբում դե Վաալն անդրադարձել է այդ գործընթացի շարժառիթներին եւ բավականին հետաքրքիր մեկնաբանություններ է ներկայացրել։ Օրինակ, Թուրքիայի տեսանկյունից, դա շատ լավ առիթ էր ցույց տալու համար, որ «զրո պրոբլեմ հարեւանների հետ» քաղաքականությունն իրոք գործում է։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր դեպքում, որքան էլ դա ցավալի է, գլխավոր պատճառը, ըստ դե Վաալի, պետական շահերի հետ այնքան էլ կապ չունի։ «Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը վնաս էր կրել 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած բռնությունների պատճառով։ Իսկ Գյուլին Երեւան հրավիրելու նրա համարձակ քայլը միջազգային աջակցության նոր պաշար ձեռք բերելու հնարավորություն էր»,- գրում է դե Վաալը՝ ավելացնելով, որ արձանագրությունները ստորագրելով՝ երկու կողմերն էլ մանեւրելու ազատ տարածք թողեցին՝ պահանջելով, որ դրանք պետք է անպայմանորեն վավերացվեն խորհրդարանների կողմից։
Թոմաս դե Վաալը համոզված է, որ արձանագրություններով նախատեսված սահմանի բացման դեպքում երկու երկրներն էլ կշահեին։ Նա նշում է, որ անգամ փակ սահմանների պարագայում, Թուրքիան Հայաստանի 5-րդ առեւտրային գործընկերն է. Վրաստանի տարածքով անցնող ապրանքաշրջանառությունը գերազանցում է 200 միլիոն դոլարը։ Եթե սահմանի բացման դեպքում Հայաստանը դուրս կգար մեկուսացումից, ապա Թուրքիան նույնպես կշահեր՝ ներգրավվելով այս տարածաշրջանում՝ որպես անկողմնակալ ուժ։ Բացի այդ, ըստ դե Վաալի, հարաբերությունների կարգավորման դեպքում Թուրքիան ստիպված չէր լինի հսկայական ռեսուրսներ եւ ժամանակ վատնել տարբեր երկրների խորհրդարանների կողմից ցեղասպանության ճանաչումը կանխելու համար։
«Սակայն ո՛չ Հայաստանի, ոչ էլ Թուրքիայի իշխանությունները արձանագրությունների հարցում ներքին աջակցություն չստացան, ինչը երկու կողմերին էլ դարձրեց քաղաքականապես խոցելի»,- գրում է դե Վաալը՝ նշելով, որ հայկական կողմից քննադատությունը մեծ էր հատկապես Սփյուռքից։ Հեղինակը հիշեցնում է, որ քննադատողները Սարգսյանին մեղադրում էին հայոց ժառանգությունը վաճառելու եւ ցեղասպանության ճանաչումը կասկածի տակ դնելու մեջ, եւ ավելացնում. «Իհարկե, Սարգսյանը կարող էր հասնել արձանագրությունների վավերացմանը խորհրդարանի կողմից, սակայն այս քննադատությունը նրան զգուշավոր դարձրեց։ Նա պնդեց, որ երկու կողմերը պետք է միաժամանակ վավերացնեն արձանագրությունները՝ այսպիսով նախաձեռնությունը զիջելով Թուրքիային»։
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա վերջինիս դեպքում, ըստ դե Վաալի, որոշիչ դեր խաղաց Ադրբեջանի բուռն հակազդեցությունը։ Վաալի գնահատմամբ, Թուրքիայի իշխանությունները սխալմամբ կարծում էին, որ արձանագրությունների ստորագրումից հետո մի քանի ամսվա ընթացքում ԼՂ հարցում լուրջ առաջընթաց կարձանագրվի։ Սակայն սա միակ պատճառը չէ, որ նշում է հեղինակը. «Բացի այդ, ակնհայտ տարբերություն կա կարգավորման գործում մեծ ներդրում ունեցող նախագահ Գյուլի եւ ավելի մեծ ազդեցություն ունեցող վարչապետ Էրդողանի միջեւ, որը հրապարակային հայտարարություններ արեց ի նպաստ Ադրբեջանի»։ Արդյունքում, ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը սառեցրեց գործընթացը։
Ընդհանրապես, դե Վաալը արձանագրությունների ձախողման հարցում հատուկ ուշադրություն է դարձնում ղարաբաղյան խնդրին եւ Ադրբեջանի գործոնին։ Նշելով, որ չնայած Թուրքիայի չափավոր իսլամիստ վարչակազմի եւ աշխարհիկ Բաքվի հարաբերությունները սառն են, հեղինակը համոզված է, որ գազի խոշոր մատակարար հանդիսացող Ադրբեջանը մեծ ազդեցություն ունի Թուրքիայի ներքին քաղաքականության վրա։ Սակայն թուրքերը, ըստ Վաալի, սխալվել են նաեւ հայերի հարցում. «Նրանք թերագնահատեցին այն նշանակությունը, որը Ղարաբաղի հարցն ունի հայերի համար՝ հավատալով, որ Երեւանը կհամաձայնի հանձնել օկուպացված շրջաններից մի քանիսը՝ հայ-թուրքական սահմանի բացման դիմաց»։ Մինչդեռ դե Վաալի համար գրեթե անհնարին է, որ ծագումով ղարաբաղցի Սերժ Սարգսյանը կհամաձայնի գնալ այդ քայլին։
Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանը ընդդիմանում հայ-թուրքական հաշտեցմանը։ Ըստ Վաալի, ադրբեջանցիները գտնում են, որ սահմանի բացման դեպքում Հայաստանն ավելի նվազ չափով պատրաստ կլինի փոխզիջումների։ Սակայն որքան էլ զարմանալի հնչի, հեղինակը փորձում է համոզել, որ երկարաժամկետ հեռանկարում Ադրբեջանը միայն կշահեր սահմանի բացումից։ Վաալի հիմնավորումը շատ պարզ է եւ կարճ՝ Հայաստանը, ունենալով բաց սահման դեպի Արեւմուտք, աստիճանաբար կփոխի իր կարծրատիպային մտածելակերպը եւ կհաշտվի տարածքները հանձնելու մտքի հետ՝ միջազգային մեկուսացման մեջ չհայտնվելու համար։ «Եթե սահմանը բացվեր, ապա Ադրբեջանի «պարտությունը» այդ հարցում երկարաժամկետ հեռանկարում անշուշտ կվերածվեր օգուտի»,- գրում է դե Վաալը՝ ափսոսանք հայտնելով, որ այս փաստարկը Ադրբեջանին հասցնելու համար բավարար ջանքեր չգործադրվեցին։ Ավելին, ի տարբերություն իր հայ եւ թուրք գործընկերների, Ալիեւը չհրավիրվեց Վաշինգտոնում տեղի ունեցած ատոմային էներգիայի գագաթաժողովին, ինչի արդյունքում Ադրբեջանում տպավորություն ստեղծվեց, որ կողմերը գործում են իրենց թիկունքում։
Ըստ Վաալի, հայ-թուրքական եւ ղարաբաղյան հակամարտության հարցերն այնքան փոխկապակցված են, որ առաջինի ձախողումը ակնհայտորեն բացասաբար է ազդել նաեւ երկրորդի վրա։ Հեղինակը հիշեցնում է, որ 2010թ. ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործում առաջընթաց գրեթե չի եղել։ Փոխարենը՝ ավելի հաճախակի են դարձել ընդհարումները եւ զոհերը։ Հեղինակը նշում է նաեւ, որ որքան էլ այս հարցերը միմյանց հետ առնչություն ունեն, Թուրքիայի հիշատակումը, որպես միջնորդ, Հայաստանին ամենեւին դուր չի գալիս։ Նա զգուշացնում է, որ թուրքերը պետք է ավելի զգայուն լինեն այս հարցում եւ հասկանան, որ ղարաբաղյան հակամարտությանը խառնվելը կարող է իրենցից ավելի հեռուն վանել Հայաստանին։ Վաալը թուրքական իշխանություններին խորհուրդ է տալիս հրապարակային հայտարարություն անել, որ Թուրքիան որեւէ միջնորդական հավակնություն չունի, եւ աջակցում են Մինսկի գործընթացին։
Հեղինակը, ի դեպ, նշում է, որ բոլորի համար շահավետ նախաձեռնության (win-win) օրինակ կարող է դառնալ Նախիջեւանը։ Նա հիշեցնում է, որ մինչ ԽՍՀՄ փլուզումն այս անկլավը կախված էր Հայաստանից՝ գազի, էլեկտրականության եւ տրանսպորտային առումներով, եւ ասում, որ եթե Հայաստանը համաձայներ վերականգնել հաղորդակցությունը Նախիջեւանի հետ՝ հայ-թուրքական սահմանի բացմանը զուգահեռ, դրանից կշահեին բոլոր կողմերը։
Խոսելով հաշտեցման գործընթացի խնդիրների եւ դժվարությունների մասին՝ դե Վաալն այդուհանդերձ լավատես է եւ անգամ մատնանշում է այս տարվա ընթացքում տեղի ունեցած մի քանի դրական նախաձեռնություններ։ Օրինակ՝ հայ-թուրքական երիտասարդական նվագախմբի ստեղծումը եւ ապրիլի 24-ին ցեղասպանության տարելիցը նշելը հարյուրավոր թուրքերի կողմից՝ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում։ Այդուհանդերձ, ըստ Վաալի, Աղթամարի եկեղեցու պատմությունը ցույց է տալիս, թե որքան դժվար են տրվում դրական նախաձեռնությունները։
Սակայն, չնայած փակ սահմանին ու մյուս դժվարություններին, հեղինակը համոզված է, որ այդպիսի նախաձեռնությունների մեծ պոտենցիալ կա։ Օրինակ՝ նա խորհուրդ է տալիս չանտեսել Թուրքիայի քաղաքացիություն ունեցող 50 հազար հայերին, որոնք կամուրջ են հանդիսանում երկու երկրների միջեւ։ Վաալը նաեւ կարծում է, որ Թուրքիան պետք է ավելի մեծ ուշադրություն ցուցաբերի երկրում ապօրինի գտնվող հայերի հարցում, ինչպես նաեւ՝ դրական է գնահատում Հայաստանի կողմից Թուրքիային էլեկտրաէներգիա վաճառելու հնարավորությունը։ Ինչպես նշվում է զեկույցում, գործընթացին կնպաստեն նաեւ հետեւյալ քայլերը.
– Անիի տարածքի բացում, որը թույլ կտա հայ զբոսաշրջիկներին այցելել Անի,
– Թուրքիայի իշխանությունը կարող է հրավիրել սփյուռքահայերին այցելել Անատոլիայում գտնվող հայկական հնավայրերը,
– Թուրքիան կարող է բացել Օսմանյան կայսրության արխիվները, լույս սփռելով մասնավորապես 1915-1921թթ. իրադարձությունների վրա,
– Ապամոնտաժել Ստամբուլում գտնվող Թալեաթ փաշայի հուշարձանը,
– Բացել Ստամբուլ-Երեւան չվերթ թուրքական ավիաուղիների կողմից։
Վաալը նշում է, որ ԱՄՆ-ը պետք է որոշիչ դեր խաղա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, սակայն ցավով արձանագրում է, որ դեռեւս գործ ունենք միայն պատմական ողբերգությանը վերաբերող բառի օգտագործման սակարկությունների հետ։
Ինչեւէ, վերլուծաբանը հիշեցնում է, որ 2015թ. նշվելու է Ցեղասպանության 100-րդ տարելիցը, եւ եթե խնդիրը մինչ այդ կարգավորված լինի, ապա կողմերը դրանից միայն կշահեն։