Հոկտեմբերի 10-ին Երեւանը տոնեց իր 2792-ամյակը: Վաղ առավոտյան վարչական բոլոր շրջանների 43 ջրցան մեքենաներով լվացվեցին Բաղրամյան, Մաշտոցի պողոտաները, Սայաթ-Նովա եւ կենտրոնական մյուս փողոցները, երիտասարդների օգնությամբ լվացվեցին նաեւ հուշարձանները: Այս տարվա տոնախմբության կարգախոսն էր` «Երեւանը մենք ենք»: Տոնակատարության գեղարվեստական միջոցառումները մեկնարկեցին Էրեբունի թանգարանի հրապարակից: Ամրոց-քաղաքի հիմնադրման մասին պատմող ներկայացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Արգիշտի թագավորի գլխավորությամբ հսկա զորախումբը թանգարանից դեպի Հանրապետության հրապարակ բեմականացված մեծ քայլերթ կատարեց, որին մասնակցում էին նաեւ արտասահմանյան հարյուրավոր հյուրերը` Երեւանի եւ տարբեր համայնքների հետ քույր քաղաքների ներկայացուցիչները: Բեմականացման ընթացքում հանդիսատեսը հին ու նոր ժամանակների հանդիպման ականատեսն էր: Մենուայի կերպարը մարմնավորած Կարեն Ջանիբեկյանն ավետում էր որդու` Արգիշտիի ծնունդըգ Ի սարսափ թշնամու եւ ի պարծանք հաղթանակի՝ հիմնադրվեց Էրեբունին, որը հետո դարձավ Երեւան: Արգիշտի արքան 2792 ուրարտական ռազմիկների ուղեկցությամբ շարժվեց դեպի Ռուսաստանի հրապարակ, որտեղ նրանց սպասում էր Երեւանի քաղաքապետը:
Գ. Բեգլարյանը, ով ամբողջ օրն անցկացրեց երեւանցիների հետ, շնորհավորեց երեւանցիներին. «գԵրեւանը գրեթե երեքհազարամյա իր կենսագրությամբ դարձել է հայ ժողովրդի հավերժականության խորհրդանիշը` ներկայացնելով մեր ազգի, անկախ պետության դեմքը` հայրենիքի, սփյուռքի, մեր ժողովրդի եւ ողջ աշխարհի առջեւ։ Պատմությունը մեզ ժառանգել է փառահեղ եւ պատվավոր քաղաք։ Ինչպես Էրեբունի-Երեւանի հիմնադիր արքա Արգիշտին է ավանդել՝ ի հզորություն մեր երկրի եւ ի սարսափ թշնամիների։ Քիչ երկրներ կան աշխարհում, որոնց մայրաքաղաքն ունի այնպիսի մեծ նշանակություն պետության համար, ինչպես Երեւանն է։ Երեւանը ներկայացնում է մեր երկրի բնակչության մեկ երրորդը, տնտեսության շուրջ կեսը, մշակութային, հոգեւոր կյանքի գլխավոր օջախն է։ Երեւանն այսօր կայուն զարգացող մեր անկախ պետության մայրաքաղաքն է, որը վստահությամբ է նայում ապագային։ Երեւանը նաեւ համայն հայության մայրաքաղաքն է, նրա պատմական ժառանգորդը, մայր հայրենիքի դեմքն ու խորհրդանիշը, կարոտն ու քաղցրությունը։ գՄեր մայրաքաղաքը մենք ենք, բոլորս, եւ դա մեծ պատասխանատվություն է, որովհետեւ մեր յուրաքանչյուր քայլը արտացոլվում է նրա դիմագծի, կենսագրության եւ, մեծ հաշվով` պատմության մեջ։ գՊատահական չէ, որ իրագործվող համազգային բոլոր ծրագրերում մեր մայրաքաղաքն իր կարեւոր տեղն ունի։ Բոլոր նախագծերի հիմքում ընկած է մի գլխավոր նպատակ. Երեւանը բոլոր հայերի տունն է, եւ այն, ինչ արվում է, արվում է հանուն Երեւանի զարգացման եւ երեւանցու ընդհանուր բարեկեցության»։
Երեւանի քաղաքապետարանին հարող հրապարակը լեփ-լեցուն էր: Հրապարակի կենտրոնական մասում բուժաշխատողները, որպես շնորհավորանք, հովանոցներով Էրեբունի-Երեւան ու կարմիր խաչ էին ձեւավորել: Քաղաքապետը Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումներ հանձնեց Երեւանի մետրոպոլիտենի գնացքավար Սամվել Պետրոսյանին եւ սիրիահայ բարերար, «Փյունիկ» բարեգործական միության պատվավոր նախագահ Գաբրիել Ջեմբերջյանին:
Ամենուր` քաղաքի 20 բեմերում, տոնական միջոցառումներ էին անցկացվում. տոնական շքերթ, Մաշտոցի պողոտայում` հեծանվավազք, ավանդական «Կոխի» ցուցադրական ելույթներ, վինդսերֆինգի մրցումներ` Կարապի լճում, Հյուսիսային պողոտան «վարպետաց քաղաք» էր դարձել. ցուցադրված էին հին ու նոր Երեւանի արհեստներն ու արվեստները: Պատանիների մի խումբ պողոտայի մի հատվածը վերածել էր բրեյք-դանսի հրապարակի, մյուս մասն ավանդական քոչարի էր պարում: Պողոտայում նաեւ հայկական կոլորիտով նորաձեւության ցուցադրություն տեղի ունեցավ: Ֆրանսիայի հրապարակում ռետրո ոճի մեքենաների ցուցադրություն էր, Ազատության հրապարակում` Վրաստանից, Ռուսաստանից ժամանած դիջեյների կատարմամբ ակումբային երաժշտություն էր հնչում, Կասկադում` ջազն էր իշխում: Շառլ Ազնավուրի հրապարակում` «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ, ռոք երաժշտություն էր հնչում` «VO.X», «Dorians», «Empyray» ռոք-խմբերի կատարմամբ: Տարբեր հարթակներում կազմակերպվել էին նաեւ ազգային, դասական երաժշտությունների համերգներ, իսկ Մոսկովյան պուրակը հեղինակային երգի բեմահարթակ էր դարձել: Ելույթներ էին ունենում ակրոբատները, քիչ հեռու փոքրիկները դիտում էին հայկական ժողովրդական «Ոսկու կարասը» հեքիաթը: Կիրովի անվան զբոսայգին վերածվել էր մանկական աշխարհի, փոքրիկներին ողջունում էին հեքիաթի ու մուլտֆիլմերի սիրված հերոսները: Շահումյան հրապարակում էստրադայի աստղերն էին շնորհավորում երեւանցիներին: Ի դեպ, Երեւանի տոնին իրենց անմիջական մասնակցությունն ունեցան նաեւ ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունները:
Երեկոյան Հանրապետության հրապարակում մեկնարկած Գալա համերգին ելույթ ունեցան էստրադայի հայտնի աստղերը, ինչպես նաեւ` «Բոնիեմ»-ը եւ ռուսական էստրադայի ներկայացուցիչներ` Մոսկվայի պետական «Մյուզիք հոլլ» համույթը, Վալերի Մելաձեն ու Աննա Սեմենովիչը, ով հայերենով կատարեց «Տուն արի, անջիգյար յար» երգը: Երեկոն ամփոփվեց տոնական հրավառությամբ: Համերգն ուղեկցվեց անակնկալներով` երկինք բարձրացող օդապարիկներով, հրավառությամբ:
Ավելացնենք, որ տոնակատարության առիթով մայրաքաղաքում տեղադրվել էին հատուկ էֆեկտներով հագեցած լուսային համակարգեր: Միացվել էին 344 լուսադիոդային զարդ-սարքավորումներ` 42.000 հինգ վատտանոց լամպերով: Ամբողջությամբ ընդլայնվել էր նաեւ Կենտրոնից դեպի Բաղրամյան, Կասյան, Կիեւյան, Կոմիտաս, մյուս կողմից` դեպի Նժդեհի հրապարակ, Էրեբունի թանգարան, Նորք, Ավան-Առինջ ձգվող տոնական լուսավորության ցանցը: Ամենուր լույսերի հրավառություն էր: Ընդ որում, զարդարված էր ոչ միայն Երեւանի կենտրոնը, այլեւ վարչական շրջանները: Բոլոր լուսադիոդները նախապես բերվել էին Հունաստանից, օգտագործվել էին դիզայնի բոլոր հնարավորությունները: Ըստ «Երքաղլույսի» տնօրեն Սամվել Գաբրիելյանի` տարեսկզբից մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել նաեւ 2010թ.` 400 մլն դրամ արժողությամբ ընդհանուր ծրագրով: Լուսավորության ցանցը հիմնովին փոխվել է 15 փողոցներում: Անցկացվել է նոր մալուխային ցանց, տեղադրվել են նոր հենասյուներ ու նատրիումային լամպեր, որոնց լույսի սփռման շառավիղն այժմ շատ ավելի մեծ է: Աշխատանքները շարունակվում են Քանաքեռ-Զեյթունում:
Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ