Արթուր Աբրահամը Գերմանիայում հռչակվել է Տարվա բռնցքամարտիկ: Երեկ այս լուրին ոգեւորությամբ արձագանքում էին ինտերնետային կայքերը: Նույն ոգեւորությամբ հայերը հետեւում են նաեւ մեկ այլ հայազգի բռնցքամարտիկի` Վիկ Դարչինյանի հաջողություններին: Ֆիզիկական ուժը Հայաստանում բարձր են գնահատում: Վիկ Դարչինյանին անձամբ ընդունել է անգամ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Երկու մարզիկները ընդունելության են արժանացել նաեւ երկրի նախագահի մոտ: Նրանց երգեր են նվիրվում: Օրերս պատահաբար հեռուստատեսությամբ լսեցի Արթուր Աբրահամին նվիրված մի երգ: Կատարում էր Արտաշ Ասատրյանը (պարզվեց, նա Արամ Ասատրյանի որդին է): Դատելով երգի բովանդակությունից եւ երաժշտության ռիթմից` թե՛ խոսքերի, թե՛ երաժշտության հեղինակն Արտաշ Ասատրյանն էր: Զարմանալի է, թե ինչ ոգեւորությամբ են մարդիկ հեռուստաէկրանին գամված, անթարթ հետեւում, թե ինչպես են երկու հոգի (որ նույնպես մարդ են) անխնա միմյանց հարվածում:
Թե ո՞րն է բռնցքամարտի փիլիսոփայությունը, ինքս չգիտեմ: Հարված գլխին… Հարված դեմքին… Այնքան, մինչեւ հակառակորդը կտապալվի կամ քեզ կտապալի: Այտուցված, կարմրակապտավուն դեմքեր, աչքերի անմարդկային արտահայտություն, հակառակորդին մինչեւ վերջ ոչնչացնելու պատրաստակամություն: Բռնցքամարտում անհրաժեշտ են ֆիզիկական ուժ, ճարպկություն, արագություն, դիպուկություն, դաժանություն: Բայց հանուն ո՞ր նպատակի: Վլադիմիր Վիսոցկու «Հարվա՛ծ, հարվա՛ծ, էլի՛ հարված» երգում (որի տողերից վերնագիր եմ ընտրել) մարզաձեւի ողջ բովանդակությունն արտահայտված է:
Վիկ Դարչինյանն, օրինակ, իր հարցազրույցներից մեկում ասում է. «Իմ ձեռագիրը նոկաուտներն են: Ուզում եմ, որ մարդիկ հուզումնալի պահեր ապրեն: Մենամարտի օրը ես կարող եմ հաղթել ցանկացած մրցակցի, այն էլ` նոկաուտով: Ես պատրաստ եմ նրա հետ խաղալ, ինչպես կատուն մկան հետ է խաղում: Չեմ ցանկանում արագ հաղթել: Ուզում եմ աստիճանաբար կազմաքանդել Արսեին: Ուզում եմ, որ նա ամբողջ կյանքում հիշի ինձ ու իմ հետ մենամարտը»: Դարչինյանի խոսքը WBA վարկածով գերթեթեւ քաշային կարգում աշխարհի ժամանակավոր չեմպիոն Խորխե Արսեի մասին էր: Արթուր Աբրահամի` Գերմանիայի տարվա բռնցքամարտիկի մասին տեղեկությունն այնքան հետաքրքիր չէր լինի (հատկապես որ, առավել անհեթեթ մարզաձեւ, քան բռնցքամարտն է, չգիտեմ), եթե օրեր առաջ տեղի չունենար մի իրադարձություն` կապված արդեն լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնի հետ: Թայսոնը հայտնի է ոչ միայն որպես բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն, այլեւ որպես «մոլորակի ամենավատ մարդ»: Բոլորս պարբերաբար լսում էինք, թե ինչպես փողից ու փառքից մոլորված` այս մարզիկն անում է այն, ինչ ուզում է: 1992թ. նա բանտարկվեց` գեղեցկության մրցույթում հաղթանակած Դեզիրա Վաշինգտոնի բռնաբարության համար (եւ ոչ միայն նրա): 1997թ. նրա արարքը ցնցեց ողջ աշխարհը. իր մրցակցի` Էվեյնդեր Հոլիֆիլդի հետ մենամարտի ժամանակ Թայսոնը կծեց եւ պոկեց նրա ականջի կեսը: Թայսոնն իր հսկայական կարողությունը` սեփական բռունցքներով վաստակած 400 միլիոն դոլարը, վատնել է տասնյակ ավտոմեքենաների, գեղեցկուհիների հետ ժամանակ անցկացնելու, առյուծներ գնելու, թանկարժեք նվերների վրա, եւ սնանկացել: Եվ քանի որ արդեն պրոֆեսիոնալ բռնցքամարտով չէր զբաղվում, լեգենդար մարզիկը սկսել է հացի գումար վաստակել քիքբոքսինգով, սպորտի հետ անմիջական առնչություն չունեցող միջոցներով:
Սակայն 44-ամյա Թայսոնը վերջին շրջանում սկսել է մտածել եւ գնահատել իր անցած ճանապարհը: «Ես վեր եմ ածվել միմոսի: Դարձել եմ բոլորի ծաղրի առարկան: Կյանքիս առաջին կեսի իմ կարգախոսն էգոիզմն էր: Հիմա ես 44 տարեկան եմ եւ հասկացել եմ, որ ողջ կյանքս իզուր է անցել: Ես կորցրել եմ մարդկային դեմքս»: Մայք Թայսոնին` վերագնահատել անցած կյանքը, ստիպել է ողբերգությունը: Նրա չորսամյա դուստրը 2009թ. խճճվել էր սպորտային ագրեգատի պարանների մեջ ու կոտրել պարանոցը: Նրա կյանքը փրկել չհաջողվեց: Դստեր բուժման համար անհրաժեշտ էր 200.000 դոլար: Սակայն նման գումար Թայսոնն արդեն չուներ: Սակայն նրան օգնության եկան իր երբեմնի երկրպագուները, ովքեր անկախ ամեն ինչից` ձեռք մեկնեցին իրենց երբեմնի կուռքին: «Ես անգամ մեկ ցենտ չունեի: Ամենն արել են ինձ համար մարդիկ, թեեւ ես դրան արժանի չէի: Այդ իրադարձությունը ցնցեց ինձ եւ պարտավորեցրեց կյանքիս մնացած հատվածը նվիրել մարդկանց ծառայելուն: Բայց դա անելու համար ինքս պետք է ունենամ մարդկությանը տալու բան»: Եվ նա որոշել է գնալ Բիրմա եւ դառնալ բուդդիստ-միսիոներ: «Իմ հիմնական ծրագիրն է` նվիրվել մարդկանց, հոգ տանել նրանց մասին, անշահախնդրորեն ծառայել նրանց: Հնարավոր է` այս ճանապարհով վերադարձնեմ զավակներիս եւ կնոջս հարգանքը»:
Հետաքրքիր է, որ ռուս հայտնի քաղաքական մեկնաբան Մելոր Ստուրուան ԱՄՆ-ում օրեր առաջ հանդիպել է Մայք Թայսոնին: Վերջինս ասել է, թե արդեն ընթերցել է Լեւ Տոլստոյի գրեթե բոլոր ստեղծագործությունները, եւ նրան հոգեհարազատ է թվացել «Տոլստոյի Աստվածը»: Եվ այժմ բռնցքամարտիկը պատրաստվում է անդրադառնալ Ֆեոդոր Դոստոեւսկուն` «անհամբերությամբ սպասելով Դոստոեւսկու Աստծո հետ ծանոթությանը»: Մելոր Ստուրուան այսպես է ներկայացնում իր տպավորությունները. «Մայքն ասաց ինձ, որ երբեք չի ակնկալել, թե կկարողանա մարդկանցից երբեւէ ներողություն խնդրել: Առաջ, որովհետեւ իրեն ավելի բարձր էր դասում, իսկ հիմա` մտավախությունից, թե իր ներողությունը չեն ընդունի»: «Իսկ Հոլիֆիլդից պատրաստվո՞ւմ ես ներողություն խնդրել` կծած ականջի համար»,- հետաքրքրվել է լրագրողը: «Էյվենդերից էլ: Ես նրան խոստացել եմ, որ բուսակեր եմ դառնալու»:
Խոշոր հաշվով` ի՞նչ է բռնցքամարտը. միմյանց մռութ ջարդելու «արվեստ»: Այդ դեպքում, ինչո՞ւ են երկրի նախագահը կամ հոգեւոր առաջնորդը, միլիոնավոր մարդիկ` աշխարհում, նման ակնածանքով վերաբերվում նրանց, ովքեր դա անում են հատկապես լավ: Պարզապես բռնցքամարտիկները մրցակիցներին նոկաուտի են ենթարկում խաղի կանոնների համաձայն: Իսկ կյանքում ամեն ինչ այլ կերպ է` դարձյալ միմյանց մռութ են ջարդում, բայց արդեն՝ առանց կանոնների: