Թուրքիայի «Հզոր Թուրքիա» կուսակցության ներկայացուցիչները հատել են Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը եւ Ախուրյան գետի վրայով մտել Հայաստան: Cihan գործակալության փոխանցմամբ` այդ ակցիային, որի նպատակն էր՝ կոչ անել Անկարային բացել Հայաստանի հետ սահմանը, մասնակցել են «Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդ Թուան Բեքլեւչին, կուսակցության փոխնախագահ Բայբարս Օրսեքը, կուսակցության Կարսի նահանգային գրասենյակի ղեկավար Գյունդար Գյուլթեքինը, ինչպես նաեւ՝ մի շարք այլ անձինք: «Եթե մինչեւ 2011թ. սահմանը չբացվի, մենք հազար հայ եւ հազար թուրք երիտասարդների հետ միասին նույն ձեւով անցնելու ենք սահմանը: Մենք պահանջում ենք, որ երկու երկրների իշխանությունները դրական պատասխան տան սահմանը բացելու մեր կոչին»,- հայտարարել է Թունա Բեքլեւչին: