Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մասնագիտացված դպրոցի մուտքի մոտ կրկին փակցվել է մարմնամարզության բազմակի եւ օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի բրոնզե արձանիկը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին մարզադպրոցի մուտքի մոտից անհայտ անձինք գողացել էին չեմպիոնի բրոնզե արձանիկը: Այն չեմպիոնին վերադարձրել է գունավոր մետաղների ընդունման կետի մի աշխատակից: «Այդ մարդը չցանկացավ ներկայանալ, ոչ էլ ասաց, թե ով է իրեն վաճառել արձանիկը: Միայն պատմեց, որ այն գնելուց հետո անմիջապես չի հալեցրել, իսկ երբ լսել է լուրը, որ դա իմ արձանիկն է` որոշել է անհապաղ վերադարձնել»,- «Ա1+»-ին պատմել է Ալբերտ Ազարյանը: Մարզադպրոցում արձանիկը լվացել են, փայլեցրել եւ տեղադրել նախկին տեղում: Ի դեպ, գողերը արձանիկը գունավոր մետաղների ընդունման կետում վաճառել են 18 հազար դրամով: Ըստ Ալբերտ Ազարյանի` վերադարձնողը ցանկացել է անհայտ մնալ եւ անհարիր է համարել չեմպիոնից փոխհատուցում վերցնելը: «Ուղղակի ասաց, որ շատ է հարգում ինձ եւ ամաչում է մեր համաքաղաքացիների նման արարքից»,- ասել է Ա. Ազարյանը: