Երկրագնդի մեծագույն հոբելյարը

12/10/2010

Այս օրերին ողջ աշխարհը նշում է Ջոն Լենոնի 70-ամյակը: «Բիթըլզի» ծննդավայր Լիվերպուլում բացվել է հայտնի քառյակի երաժշտությունը հավերժացնող հուշարձանային կոմպոզիցիան, որն իրենից նոտաներով, պացիֆիստական սիմվոլներով զարդարված գունդ է ներկայացնում: Հուշարձանի հեղինակը 19-ամյա ամերիկուհի է: Հուշարձանի բացմանը ներկա են եղել Լենոնի առաջին կինն ու ավագ որդին` Ջուլիանը: Հատուկ արարողություն է տեղի ունեցել նաեւ Իսլանդիայում, որտեղ կառուցված է «Խաղաղության աշտարակը»` «Imagine Peace Tower»-ը: Լենոնի հոբելյանին նվիրված միջոցառումների իսկական մարաթոն է սկսվել: Նույնիսկ հատուկ երեխաների համար են ցուցադրություններ կազմակերպվում: Երեխաները կարող են այցելել «Բիթըլզի» թանգարան ու այնտեղ ցանկացած խելառություն անել` նկարել, գոռալ, երգել` խաղալով «բիթըլների» արձանների հետ ու նվագելով երաժշտական գործիքների վրա: Իսկ գերմանական Համբուրգ քաղաքում, որտեղ եւ սկսվել է «Բիթըլզի» վերելքը, հինգհարկանի թանգարան է կառուցվել, որն ամբողջովին նվիրված է խմբին:

Ջոն Լենոնը ծագումով բուրժուա էր, սակայն միշտ ցանկանում էր իր ծագումը փոքր-ինչ այլ կերպ ներկայացնել: Նա այնքան խելացի էր, որ հասկանում էր` հեղափոխական ամպագոռգոռ գաղափարներն ի ցույց դնելն ունայնություն է: Վստահ լինելով, որ աշխարհը ունակ է ավելի լավը դառնալ` նա իր բոլոր ասածների ու կերպարի մեջ միայն ուրվագծում էր հեղափոխական նշանները` ասենք` կիթառը դարձնելով ավտոմատի հակադրությունը: Կամ` իր երգերում կառուցելով երեւակայական խաղաղության աշտարակը: Լենոնին շատ էր հուզում հասարակական կյանքը, նույնիսկ շատ հաճախ՝ ավելի, քան երաժշտությունը: 1969 թվականին նա իր կնոջ՝ Յոկո Օնոյի հետ անկողնում 62 ժամ անցկացրեց` մերկ վիճակում հարցազրույցներ տալով ու ընդդիմանալով Վիետնամի պատերազմի դեմ: Մերկությունը հակադրվում էր պատերազմին, եւ դա ժամանակի թելադրանք էր:

Ջոն Լենոնը անասելի, նույնիսկ անտանելի փառքի հասավ իր կյանքի օրոք ու կուռք դարձավ իր մահով: Մահը նրան լեգենդ դարձրեց` որպես միայնակ, զգայուն, վարանող ու չափազանց տաղանդավոր երաժիշտ կարգելով: Նրան անհնար է պատկերացնել 70-ամյա ծերուկի կերպարի մեջ, Լենոնը հավերժ երիտասարդության սիմվոլն է:

Իսկ «Բիթըլզը» համաշխարհային պատմության մեջ կմնա որպես մի հրաշագործ երեւույթ, քանի որ լիվերպուլյան քառյակի երգերը շարունակում են էտալոն համարվել նորանոր սերունդների համար: Ցանկացած երիտասարդ վաղ թե ուշ այդ խմբի երկրպագուն է դառնում: Այդպես եղել է եւ այդպես լինելու է: