«Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամը, որը կազմակերպում է «Արեւորդի» բնապահպանական փառատոնը, հոկտեմբերի 24-ին պատրաստվում է Համահայկական նկարչական օր անցկացնել:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի եւ Սփյուռքի երեխաները, որոնք պետք է իրենց նկարներն ուղարկեն հիմնադրամին եւ հետո արդեն Սիրահարների այգում տեղի ունեցող բացօթյա նկարչական տոնի մասնակիցները կդառնան: Այս նկարչական մրցույթը մի կողմից՝ դիտարկվում է որպես մանուկների վառ երազանքների իրականացում (չէ՞ որ նկարել սիրում են բոլոր երեխաները, այն էլ` հիմնադրամի տրամադրած որակյալ ու գունեղ ներկերով), մյուս կողմից` մեծահասակներին հուշում է երեխաների մտահոգությունների մասին: Հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանը հաճախ է նշում, որ բնապահպանական աղետները տեղի են ունենում մեծահասակների բացթողումների պատճառով, եւ եթե մենք ուզում ենք ապագայում ավելի ներդաշնակ հասարակություն ունենալ, ապա պետք է սկսել մանուկներին կրթելուց ու նրանց ձայնը չանտեսելուց: «Մենք այսօր փորձում ենք երեխաների հոգում պատասխանատվության զգացումն ամրապնդել, որպեսզի վաղը նրանք (դառնալով նախարարներ ու պատգամավորներ) ուշադրություն դարձնեն շրջակա միջավայրի խնդիրներին»,- ասում է նա:
Նկարչական օրը թեմատիկ բաժիններ է ունենալու, որոնք նաեւ կուրվագծեն մեր միջավայրի պրոբլեմները: Մանուկների ուշադրության կենտրոնում կլինեն «Իմ հայրենի բնությունը», «SOS», «Իմ երազած կենդանաբանական այգին» թեմաները: Զգացումները, երազանքներն ու նաեւ` անհրապույր իրականության փաստագրումը (հատկապես` Երեւանի կենդանաբանական այգու սարսափելի վիճակին վերաբերող) երեխաները կարող են նաեւ ահազանգի տեսքով մատուցել: Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, երեխաներից շատերը սեփական մտահոգություններն արտահայտելու համար ընտրում են պլակատային ժանրը: Հետագայում այդ պլակատները կհայտնվեն ավտոբուսների, դասասեղանների վրա կամ էլ տեղ կգտնեն փողոցային ցուցադրումների մեջ: «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամին աջակցում է «Վիվա Սել» ընկերությունը, որի շնորհիվ երեխաներին խիստ ցանկալի նվերներ կհանձնվեն: Այս տարի Համահայկական մրցույթի հաղթողներին կհանձնվեն ֆոտո եւ տեսախցիկներ, գրքեր եւ համակարգիչներ: Հայաստանցի 2 պատանիներ հնարավորություն կստանան դեպի հեռավոր ու առեղծվածային Մադագասկար կղզի մեկնող էկո-արշավի մասնակիցը դառնալ, իսկ սփյուռքահայ մանուկները դեպի պատմական հայրենիք ուղեւորությամբ կպարգեւատրվեն:
«Արեւորդի» բնապահպանական փառատոնը նախապատրաստվում է նաեւ on-line հեռուստաալիք ստեղծել, որտեղ հայաստանցի պատանիները կներկայացնեն իրենց ռեպորտաժներն ու հաղորդումները: Ցանցային ալիքի գաղափարի մեկնարկը սկիզբ է առել վերջերս, երբ 6 պատանիներ մի քանի օր անցկացրել էին Խոսրովի արգելոցում: Եվ հայտնվելով բնության գրկում (առանց մեծահասակների ուղեկցության)` փորձարկել են իրենց հմտությունները: Այդ ամենը ռեալիթի-խաղ էր հիշեցնում, քանի որ, բացի սնունդից ու բնության մեջ հարմարավետ զգալու համար անհրաժեշտ պարագաներից` պատանիներին տրվել են IPad «բանալիները», որոնք նրանց տեղեկացրել են Հայաստանի բնաշխարհի եւ մշակութային ժառանգության մասին: Այս խաղի միջոցով փորձ է արվել կիրառել ինֆորմացիա փոխանցելու առավել գրավիչ, մատչելի ու թարմ միջոցը: Էնդեմիկ բնություն ունեցող ու հնագույն հուշարձաններով հարուստ Խոսրովի արգելոցում արդեն նկարահանվել են առաջին թողարկումները: «Արեւորդու» կազմակերպիչները նշում են. «IPad-ի օգտագործումը պատանի «բնախույզների» կողմից վառ օրինակ կլինի այն բանի, որ համակարգիչը եւ ինտերնետը ոչ միայն վիրտուալ խաղերի ու սոցիալական ցանցերում շփվելու գործիք են, այլեւ տեղեկատվության հրաշալի ալիք»: Կրթական (նաեւ արկածային) բնույթ ունեցող ռեպորտաժները բարձր տեխնոլոգիաների կիրառման օգնությամբ ավելի արագ են պատրաստվում ու արագ էլ տեղադրվում են համացանցում: Պատանիները ոչ միայն պարզապես խաղի մասնակիցներ են դառնում, այլեւ շատ կոնկրետ գործ են անում` աղբից մաքրում են ջրանցքները ու քաղաքակրթությունից հեռու պայմաններում առաջին օգնություն ցուցաբերելու կանոններն են սովորում: Շրջակա միջավայրի պահպանությունը սկսվում է մտածողությունից: Կամ էլ առնվազն` այդ մասին մտորել սկսելուց: