«Մշակույթի նախարարին թշնամի եմ հայտարարում»

12/10/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հայտնի սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան, ով որպես ժյուրիի անդամ՝ հրավիրվել էր Անթալիայի «Ոսկե նարինջ» կինոփառատոն, Թուրքիայում գտնվելու ընթացքում այնպիսի դիմադրության է արժանացել, որ ստիպված է եղել լքել երկիրն ու կոշտ մեկնաբանություններ եւ հայտարարություններ անել: Երբ հայտնի դարձավ, որ Կուստուրիցան թուրքական ազգային ֆիլմերի ժյուրիի անդամ է լինելու, Թուրքիայի Մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարեց, որ չի պատրաստվում փառատոնին մասնակցել, քանի որ Կուստուրիցան «վստահություն չներշնչող անձ» է, որն արդարացնում է բուսնիացի մուսուլմանների ցեղասպանությունը: Տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Կուստուրիցային «ֆաշիստ» անվանեցին: Իսկ անվանի կինոռեժիսոր Սեմիհ Կապլանօղլուն (որն, ի դեպ, վերջերս մեր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուրն էր) մրցույթից ցուցադրաբար հանեց իր «Մեղր» ֆիլմը` նկատելով, որ չի ցանկանում, որ Կուստուրիցայի նման մարդն իր ֆիլմի մասին կարծիք հայտնի: Արդյունքում, մի կոնֆլիկտ սկիզբ առավ, որի մեջ ներգրավվեցին նաեւ Թուրքիայի քաղաքական գործիչները: Փառատոնի մեկնարկից առաջ մի խումբ ծայրահեղ ազգայնական քաղաքական գործիչներ Կուստուրիցային հրավիրելու համար իրենց դժգոհությունը հայտնեցին «Ոսկե նարնջի» կազմակերպիչներին: Ընդ որում` գովասանքի է արժանի «Ոսկե նարնջի» նախագահի դերակատարումը, որը քաղաքական գործիչներին դուրս վռնդեց գրասենյակից` դիմելով թիկնազորի օգնությանը:

Ռեժիսոր ու երաժիշտ Կուստուրիցան մեղադրվում էր նաեւ քրիստոնեություն ընդունելու մեջ (հայտնի է, որ ծնունդով մուսուլման լինելով` նա հասուն տարիքում մկրտվել է ուղղափառ եկեղեցում): Կուստուրիցային հիշեցրել էին նաեւ 2008թ. իր ելույթները, որտեղ ռեժիսորը Կոսովոյի անկախության դեմ արտահայտվելով` ասել էր. «Սերբիայի ամբողջականությունը մասնատել ցանկացողները նման են փոքր, մոխրագույն մկների, որոնք իրենց բներում են թաքնվում ու չեն ուզում նկատել, որ Կոսովոն Սերբիայի «պատմական սիրտն է»: Անթալիայում թուրք ազգայնականները հանրահավաք էին կազմակերպել ու Թուրքիայի քաղաքացիներին հրահրել բոյկոտել Կուստուրիցայի ներկայությունը:

Այդ դեպքերից հետո Էմիր Կուստուրիցայի համբերությունը սպառվեց: Նա ստիպված եղավ հարցազրույց տալ թուրքական «NTV» լիբերալ հեռուստաալիքին` հայտարարելով, որ Անթալիայում այնպիսի վերաբերմունքի է արժանացել, որն այլ կերպ, քան «պրիմիտիվ բարբարոսություն», չի կարող բնութագրել: Եվ այդ պատճառով էլ լքում է Թուրքիան, թեեւ շատ է ափսոսում, որ չի կարող թուրք ուսանողների հետ վարպետության դաս վարել, որի մասին նախապես պայմանավորվածություն է եղել: «Ստեղծված իրավիճակում անհնար է արվեստով զբաղվել: Բոլորին հայտնի է, որ ես հակաիմպերիալիստ եմ: Այդ գաղափարի վրա են կառուցված իմ կյանքն ու իմ արվեստը: Եվ այն մեղադրանքները, որոնք ինձ ներկայացվեցին Թուրքիայում, ուղղակի անհիմն են: Ես գիտեմ, որ կարող եմ սխալներ թույլ տալ, բայց չեմ պատրաստվում արդարանալ»,- ասել է նա կիրակի օրն արտահերթ հրավիրված ասուլիսի ընթացքում: Նա նշել է, որ եթե Թուրքիայում արվեստն ու քաղաքականությունը իրար են խառնվում այսպիսի բարբարոս ձեւով, ուրեմն Մշակույթի նախարարն իր անձնական թշնամին է դառնում: Ուշագրավ է, որ հստակ դիրքորոշում ունեցող ռեժիսորն այս տարվա ձմռանը Երեւան կատարած այցելության ընթացքում հայտարարել էր, որ չի պատրաստվում ֆիլմ նկարահանել Հարավային Օսիայի մասին, եւ մերժել էր Ռուսաստանի պատվերը հենց այն պատճառով, որ ֆիլմը պետք է ոչ թե արվեստի, այլ քաղաքական պատվեր լիներ: Բոսնիացի մուսուլմանների ցեղասպանությանը սատարելու մեղադրանք ներկայացնողներին էլ (հատկապես Կապլանօղլուին) Կուստուրիցան խորհուրդ է տվել հիշել Թուրքիայի կատարած հայերի ցեղասպանության մասին:

Ինչ խոսք, այս տգեղ պատմությունը չի կարող նպաստել Թուրքիայի իմիջի բարելավմանը, սակայն մի բան ակնհայտ է` «Ոսկե նարինջի» կազմակերպիչները շատ լավ հասկանում էին, որ Կուստուրիցային հրավիրելով` քաջ քայլի են դիմում: Եվ, այնուամենայնիվ, արեցին այդ քայլը: Իսկ կինոռեժիսոր Սեմիհ Կապլանօղլուն, որը Երեւանում խոսում էր մաքուր արվեստի ու քաղաքականությունից զերծ մնալու մասին՝ ասելով, որ ստորագրել է «Ներողություն հայեր» ակցիայի տակ, իրականում խիստ ազգայնական ու երկերեսանի անձնավորություն է: