Սիրում է երեխաներին

19/10/2005 Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը գումար է փոխանցել 13 թանգարանների: Նպատակն է, որպեսզի Կենտրոն համայնքի բոլոր դպրոցների առաջին դասարանցիները շաբաթվա ցանկացած օր կարողանան անվճար այցելել թանգարաններ: Մշակույթի, երիտասարդության հարցերի փոխնախարար Գագիկ Գյուրջյանն այդ առիթով մեզ ասաց. «Այսպես թե այնպես, թանգարանները շաբաթվա երկու օրն անվճար են երեխաների համար: Այդ էքսկուրսավարներն են, որոնց ծառայությունից օգտվելը գումար արժե»: Մեզ հասած տեղեկություններով՝ չնայած այն բանին, որ թաղապետը գումար է փոխանցել, դպրոցներում երեխաներից թանգարաններ գնալու համար գումար են հավաքում: Կենտրոն թաղապետարանի լրատվական բաժնից սա հերքեցին, ասելով՝ «Այցեքարտերն արդեն բաժանված են երեխաներին, եւ նրանք կարող են ցանկացած ժամանակ այցելել թանգարաններ, ոչ թե միայն թույլատրելի երկու օրը: Ընդ որում, էքսկուրսավարներին գումարը նույնպես թաղապետարանն է տալիս»: Գ. Բեգլարյանը Կենտրոն համայնքի մանկապարտեզներում էլ յուրաքանչյուր երեխայի համար օրական 80 դրամ է փոխանցել: Թաղապետարանի աշխատակիցը հաստատեց այս ամենը, սակայն ավելի տեղեկատվություն չկարողացավ տրամադրել՝ Կրթության բաժնի վարիչի բացակայության պատճառով: