Ցինիկ փորձ

09/10/2010

ԵԽ ԽՎ լիագումար նիստում երեկ հրապարակվել է ադրբեջանական գերության մեջ Մանվել Սարիբեկյանի մահվան դեպքը դատապարտող հայտարարություն: Հայաստանյան պատվիրակության կողմից ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրված հայտարարության մեջ պահանջ է հնչեցվում` պատասխանատվության ենթարկել Մ. Սարիբեկյանի մահվանը մեղսակից բոլոր պաշտոնատար անձանց: Փաստաթղթին միացել են ԵԽ ԽՎ-ի 26 պատվիրակներ՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից, Սլովակիայից, Ֆինլանդիայից, Հունգարիայից եւ եվրոպական այլ երկրներից: «ԵԽ ԽՎ-ն ցնցված է Մ. Սարիբեկյանի մահվան կապակցությամբ եւ այս ողբերգության համար խստագույնս դատապարտում է Ադրբեջանի իշխանություններին: Ադրբեջանի պաշտոնական տեսակետը, թե Մ. Սարիբեկյանը ինքնասպանություն է գործել, նրա մահվան համար պատասխանատվությունից խուսափելու ցինիկ փորձ է, քանզի Ադրբեջանը եւ նրա պաշտոնյաները ուղղակի պատասխանատվություն են կրում գերու կյանքի եւ անվտանգության համար»,- ասված է հայտարարության մեջ: Ի դեպ, դեպքի առնչությամբ երեկ դատապարտող հայտարարություն են տարածել նաեւ ՀՀ ԱԺ խմբակցությունները: