ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ուկրաինական «Պրոֆիլ» ամսագրին տված հարցազրույցում, հարցին, թե` «Դուք ռոք երաժշտության հին երկրպագու եք: Այժմ կա՞ ինչ-որ բան, որը Ձեզ մոտ ցանկություն է առաջացնում լսել ռոք, որովհետեւ վարչապետին վայել չէ այլ կերպ արտահայտել ըմբոստության էմոցիաները», պատասխանել է. «Եթե փիլիսոփայորեն մոտենանք հարցին, աշխարհն ահավոր անարդար է: Ցանկացած մտածող մարդ միշտ իր մեջ կուտակում է ըմբոստության որոշակի լիցք: Միշտ անհրաժեշտ է էմոցիաների պոռթկում, եւ այդ տեսակետից ռոքը իր փիլիսոփայությունն ունի: Վերջերս մենք ստեղծեցինք ռոքերների հայկական ասոցիացիա եւ ծրագրում ենք մի շարք շատ հետաքրքիր միջոցառումներ անցկացնել: Վերջին երկու տարում Հայաստանն ապրում է շատ հարուստ երաժշտական կյանքով, առաջին հերթին՝ ռոքի ոլորտում: Մեզ մոտ են գալիս ականավոր երաժիշտներ եւ խմբեր՝ Deep Purple, Jethro Tull, Uriah Heep: Մեր միջեւ շատ ջերմ, ընկերական հարաբերություններ են հաստատվել: Նրանց դուր են եկել Հայաստանը, հայ հանրությունը, մեր ռոքերները, եւ մենք պայմանավորվել ենք, որ մեր համագործակցությունը երկարատեւ կլինի: Մասնավորապես, կազմակերպվել է «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոնը: Դրա շրջանակում առաջին համերգը՝ Jethro Tull խմբի ելույթը, տեղի ունեցավ սեպտեմբերի 24-ին: Մենք կշարունակենք այս շրջանը եւ կավարտենք այն փառատոնի շրջանակում Հայաստան այցելող բոլոր ռոք խմբերի գալա համերգով: Ուկրաինական ռոք խմբերից մենք դեռեւս հայտ չենք ստացել: Պետք է ուսումնասիրել՝ ո՞ր ռոք խմբերն են Ուկրաինայում հայտնի, եւ նրանց հետ կապ հաստատել»: